Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այցելել է Լիոնի Սուրբ Հակոբ եկեղեցի և «Մարգարյան-Փափազյան» վարժարան

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նոյեմբերի 27-ին, Լիոնում ՀՀ փոխհյուպատոս Գայանե Մանուկյանի ուղեկցությամբ, այցելել է Լիոնի Սուրբ Հակոբ Մայր եկեղեցի և հանդիպում ունեցել տեր Իսահակ ավագ քահանա Հեքիմյանի, եկեղեցու ծխական խորհրդի ատենապետ Ժան-Ժակ Օսմանջյանի հետ, ծանոթացել եկեղեցու պատմությանը:

Այնուհետև Սփյուռքի նախարարն այցելել է Լիոնի «Մարգարյան-Փափազյան» ամենօրյա վարժարան, որտեղ սովորում է 200-ից ավելի աշակերտ:

Հրանուշ Հակոբյանը ծանոթացել է վարժարանի առօրյային, շրջայց կատարել դասասենյակներով, հանդիպել աշակերտների հետ:

Այնուհետև նախարարին ընդունել է «Մարգարյան-Փափազյան» վարժարանի հոգաբարձուների խորհրդի ատենապետ Ստելլա Ղազարյանը: Հանդիպմանը ներկա են եղել վարժարանի տնօրեն Իկզավիե Ժիրուն, ուսուցիչներ:

Հանդիպման ընթացքում Հրանուշ Հակոբյանը կարևորել է վարժարանի դերը հայեցի դաստիարակության և հայապահպանության գործում: Հորդորել է մասնակցել նախարարության ծրագրերին, այցելել Հայաստան՝ ամրացնելով կապը հայրենիքի հետ:

Այնուհետև նախարար Հրանուշ Հակոբյանը մեկնել է Դեսին քաղաք և հանդիպել Դեսինի քաղաքապետ Լորանց Ութրոյի հետ:

 

Scroll Up