Մեկնարկեց «Միասնության ուժ»-ը ուսանողական-երիտասարդական հավաքը

Օգոստոսի 2-ին Հանքավանի  «Պոլիտեխնիկ»  ուսումնամարզաառողջարանական ճամբարն  արդեն 2-րդ անգամ «Միասնության ուժ»-ը ուսանողական-երիտասարդական  հավաքի շրջանակում  հյուրընկալեց ՀՀ և ԼՂՀ պետական և ոչ պետական բուհերի 210 ուսանողի:  Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի մամուլի ծառայությունից, պաշտոնական բացմանը ներկա էին Պոլիտեխնիկական համալսարանի ղեկավարությունը՝ ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը, ռեկտորի տեղակալ, Ուսանողական խորհրդի նախագահ, հավաքի տնօրեն Գոռ Վարդանյանը, պրոռեկտորներ, պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ։ Հրավիրված էին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀԵՀ-ի Հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը, հավաքին մասնակից Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչ Ուսանողական խորհուրդների նախագահներ:

«Միասնության ուժը ուսանողական-երիտասարդական առաջին հավաքի ներկաներին ողջունեց և մասնակիցներին բարեմաղթանքներ հղեց ՀԱՊՀ-ի ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը.

«Հարգարժան ներկաներ, Կարոտի, Կարենի և Արամի հարազատներ, խորհրդանշական եմ համարում, որ այսօր այստեղ՝ Հանքավանի մարզաառողջարանական ճամբարում՝ բնության գողտրիկ անկյունում, մենք արդեն ավանդույթային ենք դարձնում «Միասնության ուժը» հավաքը, որն անցյալ տարի հաջողությամբ իրականացրինք: Կարծում եմ՝ այդ ավանդույթային հավաքներն ունենալու են շարունակական բնույթ: Կփոխվի ուսանողական սերունդը, սակայն այս հավաքի գաղափարախոսական հիմքը կմնա այն, որն այսօր ձևավորվել է «ԱԶԳ-ԲԱՆԱԿ» նախաձեռնությամբ, որը դարձել է համընդհանուր աջակցություն, և պետք է ընդգծեմ նաև, որ այս նախաձեռնության շրջանակներում մեր ուսանողական՝ հատկապես պոլիտեխնիկական համակազմը իր ուրույն ներդրումը պիտի ունենա, և հենց այսպիսի միջոցառումների շարքացանկով ենք նաև սկսում մեր համալսարանի հիմնադրման 85-րդ հոբելյանական տարին»: Ռեկոտրն անդրադարցավ նաև Արցախյան ազատամարտի և «Քառօրյա պատերազմի» այն հերոս պոլիտեխնիկցիներին, որոնց անուներով էլ անվանակոչվել են հավաքի երեք ճակատները։ «Իմ խոնարհումն եմ ուղղում Կարոտին, Արամին և Կարենին։ Մեր ուսանողական համակազմը իր պետությանը, բանակին տվել է այնպիսի անձեր, որոնցով մենք հպարտանում ենք: Կարոտի կողքին մենք ունեցանք քառօրյա պատերազմում երկու պոլիտեխնիկցիներ, որոնք հայրենիքի զոհասեղանին դրեցին ամենաթանկագինը` իրենց կյանքը: Այդ շարքում կուզենայի առանձնացնել երկուսին էլ` Կարենին ու Արամին: Նրանք ուղղակիորեն, առանց սրբագրումների կատարեցին այն, ինչ մեր ժողովուրդը, պետությունը կապել էր իրենց հետ: Նրանք հավատարմորեն ծառայեցին և կատարեցին իրենց պարտքը իրենց ժողովրդի և պետության առջև»,- ասաց Ո․Մարուխյանը։

Ռեկտորն իր խոսքը եզրափակեց՝ վստահեցնելով, որ հավաքը բոլոր հետագա տարիերին կլինի շարունակական:

ՀԵՀ-ի Հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը նկատեց` ծրագիրն առանձնահատուկ է նրանով, որ բոլոր բուհերի ներկայացուցիչները, բացի ընկերանալուց, նաև միասին՝ որպես տարբեր մասնագետներ, հետագայում նպաստելու են մեր երկրի զարգացմանն ու առաջընթացին. «Երիտասարդները, իմանալով, որ այս հավաքները կրում են արցախյան հերոսների անունները, ավելի պատասխանատվությամբ են մասնակցում նման ծրագրերի: Ռազմահայրենասիրական դաստիարակության շնորհիվ է, որ մեր երիտասարդությունն այդքան լավն է:

Կրթության որակի բաղկացուցիչը միայն գիտելիքը չէ, այլև դաստիարակությունը, իսկ այդ դաստիարակությամբ ապրիլյան պատերազմն ապացուցեց, որ մեր երիտասարդներն անփոխարինելի են: Ռազմահայրենասիրական դաստիարակությունն այս ծրագրո՞ւմ, ընտանիքո՞ւմ, թե դպրոցո՞ւմ է, մենք այս պահին ասել չենք կարող, բայց այն, որ այս ծրագրերն իրենց հետքը թողնում են մեր երիտասարդների վրա, դա անհերքելի փաստ է»:

Կարեն Ավագյանի վստահեցմամբ ռազմահայրենասիրական դաստիարակություն ծրագրերի` ազգ-բանակ հայեցակարգով փոխարինումից հետո, նման ծրագրերն ավելի շահեկան վիճակում են հայտնվել, քանի որ դարձել են ավելի ուղղորդված:

Հավաքի տնօրեն, ՀԱՊՀ ռեկտորի տեղակալ, ուսանողական խորհրդի նախագահ Գոռ Վարդանյանը, հանդիսավոր կերպով ազդարարեց հավաքի բացումը և ներկայացնրեց այս տարվա առանձնահատկությունները. «Ապրիլյան քառօրյա պատերազմն ուսուցողական էր բոլորիս համար: Հայոց պատմության բոլոր ժամանակաշրջաններն են մեզ սովորեցրել, որ հայոց աշխարհի անվտանգությունը միասնության ուժի մեջ է: Պոլիտեխնիկցի հերոսներ Կարենի, Արամի ու Կարոտի կերպարներն այն ճիշտ երիտասարդի կերպան է, որին հնարավորություն ունեն նմանվելու մերօրյա երիտասարդները: Դա երիտասարդի այն օրինակելի կերպարն է, ով սահմանն անվտանգ պահելով` զոհեց իր կյանքը»:

«Միասնության ուժ»-ը ուսանողական-երիտասարդական հավաքը նպատակ ունի երկրում գերակա դարձնել խելացի երիտասարդների միասնության գաղափարը՝ ելնելով նաև Հայաստանի համար բոլոր ժամանակների ռազմաքաղաքական իրավիճակից:

Հավաքն իրականություն է դարձել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և Պոլիտեխնիկի ռեկտորի տեղակալ, Ուսխորհրդի նախագահ Գոռ Վարդանյանի ջանքերով: Հավաքի կազմակերպական աշխատանքների համար ձևավորվել է ղեկավարող-համակարգող մարմին, որը և մշակել է հավաքի ողջ գաղափարական և վիզուալ-գովազդային փաթեթը։ Ամիսներ շարունակ պատրաստվել են հավաքի հրապարակը, կացարանները, բեմի տեսքը և այլ անհրաժեշտ բաղադրիչներ։

«Միասնության ուժը» ուսանողական-երիտասարդական հավաքը հզոր գաղափարախոսական միջոցառում է «հզոր ենք, երբ միասին ենք» կարգախոսով, միասին դեպի բարձունքը ձգտող երկու երիտասարդների նմանվող տարբերանշանով, որտեղ երիտասարդներից մեկը` ՀՀ դրոշի կապույտով պատկերվածը, նմանեցված է «Պ» տառին` խորհրդանշելով Պոլիտեխնիկցուն, իսկ մյուս երիտասարդը, անշուշտ, մնացյալ համալսարանների, երիտասարդական կառույցի ներկայացուցիչ ուսանողներն ու երիտասարդներն են։

Scroll Up