Արա Գյուլեր. պատերազմները ապուշների ձեռքի գործն են

Արա Գյուլեր. ծնունդով պոլսեցի մեր հայրենակիցը համարվում է աշխարհի լավագույն լուսանկարիչներից ու Թուրքիայում լուսանկարչության հիմնադիրը, բայց զրույցը խախտում է լուսանկարչության սահմաններն ու փորձում բացահայտել նաև շուրջ 90 տարիների փորձ ու իմաստություն ամբարած արվեստագետին ու մարդուն: Մինչ ռեպոտաժին անդրադառնալը հիշեցնենք, որ 2013-ի հունիսին Հայաստանի ազգային պատկերասրահում կայացավ Արա Գյուլերի «Բարև ձեզ» խորագիրը կրող ցուցահանդեսը, որը տևեց երեք ամիս: Ցուցահանդեսը ներառում էր Գյուլերի ` աշխարհի տարբեր անկյուններում և տարբեր ժամանակներում արված ավելի քան 100 աշխատանք, որոնք հայաստանյան ցուցադրությունից հետո հեղինակը նվիրեց Հայաստանին:
Ամառային ամիսներին Ստամբուլի Մարմարա ծովի Իշխանաց կղզիներում հանգստանալը շատ տարածված է։ Այդ կղզիներից ամենափոքրը` Քնալը, ժամանակին անվանում էին հայերի կղզի, որովհետև բնակիչների մեծ մասը հայեր էին։ Չնայած կղզի հաճախողների թվում կան թուրքեր և այլազգիներ, բայց հայերն այսօր էլ գերակշռում են։ Այս կղզում իր սիրելի անկյունն ունի Թուրքիայում մեր ժամանակների, թերևս, ամենահայտնի հայը՝ «Ստամբուլի աչք» կամ «Ստամբուլի լուսանկարիչ» մականունը ստացած Արա Գյուլերը: Տեղի «Ճաշ» կոչվող հայկական ռեստորանի իր սիրելի անկյունում էլ Արա Գյուերին հանդիպեցինք Քնալը կղզի կատարած այցի ընթացքում:
2012-ի մարտին Ստամբուլի Լյուֆթի Քըրդար միջազգային կոնգրեսի պալատում մշակույթի գործիչների պարգևատրման արարողության ժամանակ վարչապետ Էրդողանն աշխարհահռչակ լուսանկարչից վերցնում է ֆոտոխցիկն ու լուսանկարում նրան` որպես հարգանքի նշան: Գյուլերն էլ կատակով հարցնում է, թե երբ կարող է վերցնել նկարները: Հենց այդ միջոցառման ժամանակ էր, որ ստամբուլահայ լուսանկարիչը ճանաչվեց դարի լուսանկարիչ:
Գյուլերը հարյուրավոր ցուցահանդեսներ է ունեցել ամբողջ աշխարհում, հրատարակել է բազմաթիվ գրքեր: Անցկացրել է հարցազրույցներ ու լուսանկարել հանրահայտ մարդկանց` Բեռնար Ռասելից մինչև Ուինսթոն Չերչիլ, Պաբլո Պիկասոյից մինչև Սալվադոր Դալի, Մարկ Շագալ, Ալֆրեդ Հիչքոք, Մարիա Կալլաս, Ինդիրա Գանդի, Վիլյամ Սարոյան և այլն: Միացյալ Թագավորությունում հրատարակված «Լուսանկարչություն» բրիտանական ամսագրում Գյուլերը ճանաչվել է աշխարհի յոթ լավագույն լուսանկարիչներից մեկը:
2000 թվականին Թուրքիայում անցկացրած հարցման համաձայն նա համարվում է հազարամյակի 10-ը մեծագույն թուրքերից մեկը: Չմոռանանաք, որ թուրքական օրենսդրության համաձայն այս երկրի բոլոր քաղաքացիները թուրք են համարվում: Արա Գյուլերը Թուրքիայում լուսանկարչության հիմնադիրներից է: «Այս գործում Թուրքիայում մեծ ավանդ ունեն հայերն ու հրեաները»- ասում է աշխարհահռչակ լուսանկարիչը։
Նկարել է տասը տարեկանից: Աշխարհի մեծագույն լուսանկարիչներից մեկն է համարվում, բայց իր առաջին մասնագիտությունը, այդուհանդերձ, Գյուլերը լրագրությունն է համարում։ «Ապուշից լրագրող դուրս չի գար, խելքն այստեղ շատ կարևոր է«- ասում է: Չորս պատերազմ է նկարել ու ինչ է պատերազմը հարցի նրա պատասխանը մեկն է՝ սարսափներից ամենասարսափելին, որը ապուշների ձեռքի գործն է: Քաղաքական գործիչների թվում, ըստ Գյուլերի, նրանց թիվը չափազանց մեծ է:
Իր տարբեր հարցազրույցներում Գյուլերը նշել է, որ լուսանկարչությունն արվեստ չէ, դա ուրիշ բան է: Իսկ որն է այդ ուրիշը, ինքն էլ կարծեք մինչև վերջ չի բացահայտել։ «Իմ գործը լուսանկար քաշելն է»,- ասում է: Գիտի միայն, որ արվեստում շինծու, հորինովի մի բան կա, լուսանկարչության մեջ` ոչ: Շուրջ 90 տարիների հանրագումարի արդյունքում, Մարմարայի ափին, Հայաստանից ժամանած լրագրողներին Ստամբուլի աչքը բացահայտում է նաև իր համար գոնե ամենակարևորը կյանքում բանաձևը՝ ապրել։ Սիրել սովորեք՝ ասում է Արա Գյուլերն ու մեկ անգամ կրկնում մեր զրույցի ընթացքում մի քանի անգամ հնչեցրած խոսքը՝ աշխարհի բոլոր պատերազմները ապուշների ձեռքի գործն են:
Աղբյուրը՝ armradio.am