«Արցախպրես»-ը երեք տարեկան է

Մայիսի 23-ին «Արցախպրես» լրատվական գործակալությունն իր երրորդ տարեդարձը նշանավորել է մամուլի սրահի բացմամբ:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել «Արցախպրես»-ի տնօրեն Վահրամ Պողոսյանը, ով շնորհավորել է լրագրողներին՝ մասնագիտական տոնի առթիվ՝ մաղթելով ստեղծագործական նորանոր հաջողություններ, նվաճումներ և խաղաղ աշխատանք: Իր խոսքում Վ. Պողոսյանը ամփոփել է գործակալության անցած երեք տարիների աշխատանքը:

««Արցախպրես»-ն իր ամենօրյա աշխատանքով մեծ պահանջարկ է վայելում ոչ միայն Արցախում, այլև Հայաստանում, Սփյուռքում ապրող մեր հայրենակիցների շրջանում: Լուրջ հաջողություններ ունենք արդեն ոչ հայկական, հայտնի լրատվական աղբյուրների հետ համագործակցության աշխատանքում: Մասնավորապես՝ հայկական մեդիադաշտում, ինչպես բազմիցս հայտարարել ենք, սերտ համագործակցության կապեր ունենք «Արմենպրես» ազգային լրատվական գործակալության հետ, համատեղ հուշագիր ենք ստորագրել Թեհրանի «Ալիք» օրաթերթի և Մոսկվայում հրատարակվող «Ժամ» ամսագրի հետ: Ուզում եմ հատուկ ընդգծել նաև Սիրիայի «Գանձասար» շաբաթաթերթի հետ մեր աշխատանքը: Մեր ամենօրյա արտադրանքից օգտվում են Հայաստանի զանգվածային լրատվության բոլոր միջոցները, ինչպես նաև կարևոր աղբյուր ենք հանդիսանում Սփյուռքի լրատվամիջոցների համար: Ոչ հայկական լրատվամիջոցների ցանկից հատկապես ցանկանում եմ նշել «Ռեգնում» ռուսական հայտնի լրատվական գործակալության հետ ունեցած մեր սերտ համագործակցությունը: Ընդամենը 2 օր առաջ մեր համագործակցության առաջարկն ընդունել է նաև ռուսական մեկ այլ՝ ավելի խոշոր «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը, որտեղ առաջիկայում կտեղադրվեն Արցախի մասին մեր կողմից պատրասվող տարաբնույթ լուրերն ու նորությունները: Համագործակցության կապեր ունենք հաստատած գերմանական «Ցուեռստ» լրատվական վերլուծական ամսագրի հետ, որը բազմիցս անդրադարձել է Արցախի հիմնախնդրին՝ սուր քննադատության ենթարկելով Ադրբեջանի վարած ագրեսիվ քաղաքականությունը»,- ասել է Վ. Պողոսյանը:

ԱՀ ժուռնալիստների միության նախագահ Կիմ Գաբրիելյանը շնորհավորել է գործակալության 3-րդ տարեդարձի առթիվ և իր խոսքում ասել. «Կարևորում եմ երիտասարդ «Արցախպրես» լրատվական գործակալության դերը տեղեկատվական դաշտում: Գործակալությունը միշտ եղել է օպերատիվ և ճշմարիտ, անում է ամեն ինչ, որպեսզի Արցախի մասին նորությունները հնարավորինս ընդլայնված ձևով ներկայացվեն աշխարհի տարբեր ծայրերում»:

Իր շնորհավորանքի խոսքում ԱՀ Պաշտպանության բանակի լրատվության և քարոզչության պատասխանատու Սենոր Հասրաթյանն ընդգծել է, որ քարոզչական և տեղեկատվական պայքարում «Արցախպրես»-ը անելիքներ ունի:

 «Խաղաղության մեջ գտնվող երկրի համար «Արցախպրես»-ը կարևոր ճանապարհ է անցել և մեծ առաքելություն է իրականացնում, սակայն կիսապատերազմական վիճակի մեջ գտնվող Արցախի համար, կարծում եմ, գործակալությունը պետք է որոշակի չափով վերանայի իր աշխատանքը և քարոզչական նյութերին ավելի մեծ տեղ տա»,- ասել է Հասրաթյանը և հավելել, որ համոզված է, որ խմբագրակազմը ունի բավարար ներուժ՝ այդ աշխատանքը կազմակերպելու համար:

Միջոցառմանը ներկա լրագրող, գրող Միքայել Հաջյանն էլ մասնավորապես նշել է. ««Արցախպրես»-ը դարձել է մի յուրօրինակ կամուրջ՝ Արցախի և աշխարհի միջև: Ցանկալի է, որ գործակալությունն ունենա նաև վերլուծական բաժին: Կարծում եմ՝ «Արցախպրես»-ը կայացել է, պահանջված է, և դեռ մեծ ճանապարհ ունի անցնելու»:

Միջոցառման ընթացքում տեսակապի միջոցով «Արմենպրես» ազգային լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը և մոսկովյան «Ժամ» ամսագրի գլխավոր խմբագիր Աննա Գիվարգիզյանը շնորհավորել և կարևորել են «Արցախպրես»-ի գործունեությունը՝ հույս հայտնելով, որ գործակալությունը կընդլայնի իր հնրավորությունները և նոր դռներ կբացի տեղեկատվական դաշտում:

Միջոցառմանը ներկաները հանդես են եկել ելույթներով, կիսվել իրենց տպավորություններով և նկատառումներով: Միջոցառմանը ներկա էին լրագրողներ, տեղեկատվական դաշտի ներկայացուցիչներ, հյուրեր:

Artsakhpress.am

 18685650_971232119737119_171037308_n 66850

Scroll Up