Մայիսյան հաղթանակների Եռատոնը Օդեսայում

Մեծ Հաղթանակի օրն է ցնծալից,
Պարտվեց մահաշունչ ոսոխը դաժան,
Երգեր են հորդում զվարթ սրտերից…
Ավ. Իսահակյան
Ավանդական դարձած Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի միասնականության, հերոսականության ու արիության, հաղթական ոգու ու հայրենասիրության խորհրդանիշն է։ Այս օրերին մեր ժողովուրդը լիաթոք ըմբոշխնում է մայիսյան հաղթանակների ցնծությունը և վերստին արժևորում նրանց՝ վեհություն ներշնչող խորհուրդը։
Մայիսյան նվիրական եռատոնի՝ Հայրենական մեծ պատերազմի Հաղթանակի 72-րդ տարեդարձի, ԼՂՀ պաշտպանության բանակի և Շուշիի փառապանծ ազատագրման քառորդդարյա հոբելյանի առթիվ Օդեսայի հայ համայնքում՝ ղեկավարության և մշակույթի տան տնօրեն Աննա Գևորգյանի նախաձեռնությամբ կայացավ տոնական հանդիսություն, որը մեկնարկեց լռության րոպեով. նախագահ Սամվել Տիգրանյանի առաջարկով, ներկաները հոտնկայս՝ խորին ակնածանքով հարգեցին հայրենիքի ազատության ու պաշտպանության համար զոհվածների վառ հիշատակը։
Ո՛չ ոք չի մոռացվել, ոչի՛նչ չի մոռացվել.
Նրանք ընկան կռիվներում,
Բայց ապրում է հոգին նրանց
Ապրողների հոգիներում…
Սրահն ուներ համահունչ ձևավորում։ Սրահում հնչում էին հայ ժողովրդի հերոս զավակների անունները, ովքեր փառք ու պատվով կատարեցին ժողովրդի ու հայրենիքի պատվիրանը և իրենց սխրանքներով մոտեցրին հաղթանակների օրը։ Բեմահարթակին՝ մեծադիր նկարներից հանդիսատեսին էին նայում ղարաբաղյան պատերազմի անվեհեր հերոսները, ովքեր կենաց ու մահու կռիվներում կյանքի գնով անառիկ պահեցին մեր երկրի սահմանները և դարձան մեր ազգի փառքն ու պարծանքը; Այսօր էլ անարգ թշնամու դեմ ՝
Ապրողները իրենց ուժով
ՈՒ զենքով են անպարտելի,
Ընկածները իրենց հուշո՛վ,
Վրեժո՜վ են սարսափելի..
Հանդիսության պատվավոր մասնակիցներն էին Մեծ Հայրենականի պանծալի վետերանները և մեր նորօրյա հերոսները՝ արցախյան պատերազմի օդեսահայ ազատամարտիկները։ Ներկա էին նրանք, ովքեր մարդկային ու մասնագիտական բարձր որակի, հրաշալի հատկանիշների շնորհիվ շահել են օդեսացիների վստահությունը ու, թերևս պատկառելի հասակ ունեն, շարունակում են իրենց մարդասիրական, հերոսական գործունեությունը։ Հերոսի ոսկե աստղն ու շքանշաններն էին զարդարել թիվ մեկ քաղաքային պոլիկլինիկայի անվանի, սիրված բժիշկ-մաշկաբան ՝ 99-ամյա Պյոտր Պետրոսյանի ծերունազարդ կուրծքը։ Օդեսացիներից շատերի ցանկալի հյուրն է պահեստային գնդապետ, մարշալ Բաբաջանյանի թանգարանի հիմնադիր ու ղեկավար Հրանտ Գրիգորյանցը, ում բախտ էր վիճակվել մոտիկից ճանաչել, նաև աշխատել՝ հայ ժողովրդի հերոս զավակներ՝ Խորհրդային Միության մարշալներ Հովհաննես Բաղրամյանի ու Համազասպ Բաբաջանյանի, գեներալ-գնդապետ Սերգեյ Օհանովի հետ։ Ներկա էին նաև Մեծ Հայրենականի կին վետերաններ։ Այսպիսի պանծալի հայերը ամենուր բարձր են պահում հայի սուրբ անունը։ Ճանաչելով նրանց՝ կարող ես վստահորեն ասել. «Ես հպարտ եմ, որ հայ եմ»։
Ողջույնի ու երախտագիտության սրտառուչ խոսքեր հղեց նրանց պարոն Տիգրանյանը և հոգու բերկրանքով շնորհավորեց բոլորին՝ հյուրերին, մեր հայրենակիցներին, համայն հայությանը.
-Թ՛ող Ձեր ամեն օրը տոն լինի, սիրելի՛ վետերաններ։ -Տոնդ շնորհավոր, Հա՛յ ժողովուրդ …
Վետերաններին հղված խոնարհումի ու բարեմաղթանքի խոսքերով հանդես եկավ Օդեսայի «Մերձծովյան» (Приморский) վարչական շրջանի ադմինիստրացիայի նախագահ Մարատ Կորովլյովը և քաղաքագլխի ու քաղաքային իշխանությունների անունից շնորհավորեց հայ ժողովրդին և ՈՒկրաինիայի մյուս ազգերին, ովքեր մեծ ավանդ ունեն մայիսյան հաղթանակը կերտելու գործում և քաջ գիտեն խաղաղության գինը։
Հնչեց մեր հայրենիքի օրհներգը, ալիքվեց ու ծածանվեց մեր եռագույնը, և հաղթության եռատոնի առթիվ, համայնքի նախագահը հանդիսավորությամբ՝ ՀՀ Երկրապահ կամավորականների միության կողմից «Ազատամարտի վետերան» շնորհակալագրեր հանձնեց այն հերոսներին, ովքեր ճակատագրի բերումով հայտնվելով օտար ափերում՝ շարունակում են սիրով ու հավատքով ծառայել ազգին։ Նրանց թվում էր Լևոն Գըլըճյանը՝ Օդեսայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Աբգար քահանա Գըլըճյանը, ով հայոց բանակի կազմավորման անդրանիկ զինվորներից էր…
Այնուհետև, ձեռամբ Տեր Հոր կատարվեց վետերանների ու միության օդեսաբնակ ներկայացուցիչների օրհնության սրբազան կարգ, քանզի «Արցախյան ազատամարտում Երկրապահը ազգի մարտական ոգին պահող, թշնամու դեմ նրան պայքարի առաջնորդող գլխավոր ուժն էր, որը հետագայում դարձավ ազգային բանակի հիմնական միջուկը»։
Իր խոսքում քահանան ընդգծեց, որ այդ հարկադրված պատերազմները մեզ համար եղան սրբազան, քանզի մեկ նպատակ ունեին՝ պահել-պաշտպանել երկիր-հայրենին, և այսօր Մայիսյան նվիրական եռատոնը նշում ենք Հայրենիքի անկախության անձնազոհ պաշտպանության ոգով տոգորված։
Այդ էր հավաստում տոնական համերգային ծրագիրը, որին ունկնդիր և մասնակից դարձան ներկաները։ Այն ներկայացրեց Օդեսայի մարզային երիտասարդաց միությունը։
Վետերանների փառքի երգերը հնչեցին Մեծ հաղթանակների հետնորդների՝ նոր սերնդի շուրթերով. «երգեր էին հորդում զվարթ սրտերից»։
«Ծաղիկներ» քնարական քնքուշ կոմպոզիցիայով հանդես եկան հյուրերը՝ վոկալիստների «Անիմե» համույթը։
Թախծի ու արտասուքի կաթիլներ երևացին վետերանների աչքերում, երբ սրահի կամարների ներքո թևածեցին « Վեր կաց, եղբա՛յր իմ» հուզաշաղախ երգը և «Սպիտակ կռունկներ»-ը, որը նվիրված է մարտի դաշտերում անշիրիմ ընկածներին, ովքեր հավետ ջահել մնացին, ովքեր դարձան երգ ու տաղ, դարձան պոեմ ու լեգենդ, հուշ ու հուշարձան…
Հերոսներ ծնող մայրերին էր նվիրված պարային կոմպոզիցիան։
«Կյանք ու կռիվ» երգով և ազգագրական երգաշարի հոյակապ կատարումով հանդես եկավ Արևիկ Արմենակյանը։
Մարտական տարիների խրոխտ ու քաջալերող երգեր հնչեցին «Արաքս» վոկալ համույթի, նրա գեղարվեստական ղեկավար Սիրանուշ Մինասյանի կատարմամբ։ Դահլիճը ձայնակցեց և թնդաց ծափահարություններից, երբ ճախրեցին «Հայրենիք», «Գետաշեն» և «Շուշի» երգերի հնչյունները. հայոց սիգապանծ «լեռների պես բռունցքվեցին ձեռքերն հայոց» և կայացրին «Հարսանիքը լեռներում» հայոց՝
Ամբողջ հայության իղձը կատարվեց,
Հայի սիրելի Շուշին ազատվեց:
Տոնահամերգին իրենց մասնակցությունը բերին «լեռնուհիները». գեղեցիկ պարով հանդես եկավ «Լեռնցի» պարախումբը (գեղ. ղեկավար՝ Մարի Բալյան) ։
Այսօր հաղթանակած հերոսների տոնն է. դհոլահար Արսեն Գրիգորյանը կատարեց «Հաղթական Արցախ» երաժշտական ստեղծագործությունը։
Մայիսյան հաղթանակներին, մայր Հայաստանին նվիրված քերթվածքների ասմունքով հանդես եկավ համերգային ծրագրի կազմակերպիչն ու շնորհալի հաղորդավարուհին՝ երիտասարդաց միության նախագահ Ազգանուշ Վարդանյանը։
Տոնական հանդիսությունն ավարտվեց հայկական համուհոտով՝ հաճելի հյուրասիրությամբ ու տոնական կենացներով։ Զրնգացին գավաթները, և նրանցում ոսկեցոլ գինին վերածվեց մեկ՝ օրհնանքի մրմունջի, մեկ՝ հաղթանակի երգի…
Եվ սրահում թնդաց հայորդի կոմպոզիտոր Դավիթ Թուխմանովի «Հաղթանակի օրը» լեգենդար երգը, որը դարձել է մայիսյան հաղթանակների խորհրդանիշն ու դրոշը։
Այս գեղեցիկ տոնակատարությունը կրում էր հայրենասիրական, մարդասիրական բնույթ և ուղերձ էր համայն աշխարհի մարդկությանը.
-Ո՛Չ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ՝
Խաղաղությու՜ ն, ամենքի՛ն, ամենու՜ր․
Այդ ենք միայն մենք աշխարհին կամենում…
Թող միշտ հնչի խաղա՛ղ օրերի երգը։
Նարինե Մուրադյան
ք.Օդեսա, «Հայերն այսօր»-ի արտահաստիքային թղթակից