«ՀՀ սփյուռքի նախարարության ծրագրերը մեծ ճանաչում են ձեռք բերում».Գագիկ Գյանջումյան

«ՀՀ սփյուռքի նախարարության կողմից կազմակերպվող ծրագրերը աստիճանաբար ավելի մեծ ճանաչում են ձեռք բերում, ինչն էլ վկայում է սփյուռքահայերի հետաքրքրության աճը»,-ապրիլի 27-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ խոսելով նախարարության ծրագրերի մասին՝ նշել է նախարարության Համահայկական ծրագրերի վարչության պետ Գագիկ Գյանջումյանը:

«Հայերն այսօր»-ի փոխանցմամբ՝ Գագիկ Գյանջումյանը տեղեկացրել է, որ «Արի տուն-2017»-ին ընդունելու են 1000-ից ավելի երիտասարդ՝ աշխարհի տարբեր երկրներից: Անցնող տարիների ընթացքում աշխարհի 54 երկրից շուրջ 8000 սփյուռքահայ պատանի և աղջիկ է ծրագրին մասնակցել:

Ինչպես նշել է Գագիկ Գյանջումյանը, անցած տարվանից նորամուծություն են մտցրել ծրագրում.արիտունցիները խաչքարագործ վարպետի օգնությամբ փոքրիկ քարերի վրա խաչեր փորագրել են սովորում, որոնք վերջիններս մեծ ոգևորությամբ են տանում իրենց հետ՝ նվիրելով սիրելիներին կամ որպես սուրբ մասունք՝ պահում Հայաստանում անցկացրած օրերից: Այս տարի էլ փորձելու են նոր գաղափարներ իրականացնել ծրագրում՝ այն առավել հետաքրքիր դարձնելու համար:

Գագիկ Գյանջումյանը կարևորել է նաև այն հանգամանքը, որ «Արի տուն» ծրագրի ավարտից հետո երիտասարդների միջև ձևավորված ընկերային սերտ կապը պահպանվում է, հաջորդ ամռանը նրանք նորից Հայաստան են գալիս՝ միասին անցկացելու իրենց արձակուրդը:

Անդրադառնալով «Սփյուռք» ամառային դպրոցին՝ Գյանջումյանը շեշտել է, որ այս տարի ծրագրի մասնակիցների թիվը նույնպես մեծացել է: «Օրինակ՝ Ռուսաստանից, Ուկրաինայից, Լիբանանից ամեն տարի մեծ է մասնակցել ցանկացողների թիվը, բայց կան որոշ երկրներ, որոնք համեմատաբար պասիվ են,: Մենք ջանքեր ենք գործադրում մեծացնել հենց այդ երկրներից մասնակիցների թիվը:

Խոսելով «Երգում ենք Կոմիտաս» համահայկական փառատոնի մասին՝ Գյանջումյանը նշել է, որ 2017թ. փառատոնը կանցկացվի սեպտեմբերի 24-ից 29-ը, որին կմասնակցեն սփյուռքյան երգչախմբեր, երաժշտախմբեր ու անհատ կատարողներ: Փառատոնին իրենց մասնակցությունը կբերեն նաև ճանաչված խմբեր և անհատներ Հայաստանի Հանրապետությունից և Արցախից:

«Սփյուռքի նախարարությունը Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության հետ համատեղ ամեն տարի կազմակերպում է «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» մրցանակաբաշխությունը, որի շրջանակներում այս տարի հայտարարվել են մրցույթների պայմանները հետևյալ անվանակարգերում` «Մայրենիի պաշտպան», «Լավագույն հայկական կրթօջախ», «Երիտասարդական, ուսանողական կազմակերպություն»,  «Ազատ Արցախ» մանկապատանեկան լավագույն   ստեղծագործությունների մրցույթ: Մրցանակաբաշխության նպատակն է խրախուսել Սփյուռքում հայ ազգային ինքնության պահպանման ու զարգացման հարցում կազմակերպությունների, տարբեր խմբերի, առանձին անհատների ունեցած ներդրումը, գնահատել և արժևորել այս ուղղությամբ հայկական համայնքների գործունեությունը», -հավելել է Գյանջումյանը:

 

Scroll Up