Տեղի ունեցավ տեսաժողով Բաթումի «Ալ. Մանթաշյան» կրթամշակութային և երիտասարդական կենտրոնի հետ

Մարտի 24-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում Բաթումիի «Ալ. Մանթաշյան» կրթամշակութային և երիտասարդական կենտրոնի հետ տեղի ունեցավ տեսաժողով, որին մասնակցում էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը, նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը, նախարարության աշխատակիցներ:
Բաթումիից տեսաժողովին մասնակցեցին Բաթումիում ՀՀ գլխավոր հյուպատոս Եղիշե Սարգսյանը, Աջարիայի հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանը, Ալեքսանդր Մանթաշյանցի անվան կրթամշակութային և երիտասարդական կենտրոնի տնօրեն Սոնա Հովհաննիսյանը, Բաթումիում երիտասարդական թևի ղեկավար Դիանա Եգիազարյանը, մանկավարժներ, լրագրողներ, փաստաբաններ, կազմակերպությունների ղեկավարներ, անդամներ, աշակերտներ:
Տեսաժողովի մասնակիցներին ողջունեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա մասնավորապես նշեց. «Վերջին շրջանում Բաթումիի հայ համայնքում նկատվող ակտիվությունը ինձ շատ ուրախացնում և ոգևորում է: Իհարկե, այստեղ կարևոր առաքելություն և դեր ունի «Ալ. Մանթաշյան» կրթամշակութային և երիտասարդական կոնտրոնը, որը համայնքը հայրենիքին կապող գլխավոր օղակն է: Մենք մեր առաջ պիտի խնդիր դնենք այս կենտրոնը ամբողջ ԱՊՀ տարածքի հայ համայնքների համար օրինակելի դարձնել: Իսկ նպատակը իրագործելու համար համայնքի յուրաքանչյուր հայ, կենտրոնի յուրաքանչյուր անդամ պիտի որդեգրի «Տանը խոսենք հայերեն» կարգախոսը, և պիտի ձևավորվի այն գիտակցությունը, որ տուն է նաև դպրոցը, տուն է եկեղեցին, այսինքն` այնտեղ, որտեղ կա հայկականության շունչը, կա տան գաղափարը: Կարևոր է կենտրոնին կից մասնագիտական խմբերի ստեղծումը, քանզի այս խմբերն են դառնում համայնքի կազմակերպման հիմքերը: Սա նաև կօգնի Բաթումիի հայկական համայնքը դարձնել լավագույններից մեկը»,- նկատեց նախարարը:
Նախարար Հրանուշ Հակոբյանը բարձր գնահատեց Սփյուռքի նախարարության ծրագրերին Աջարիայի հայ համայնքի մասնակցությունը՝ նշելով, որ այս տարի համայնքի կողմից ակնկալվում է ավելի մեծ ակտիվություն, քանի որ այն սփյուռքահայը, ով գոնե մեկ անգամ լինում է հայրենքում, կապվում է հայրենի հողին մեկընդմիշտ:
Այնուհետ «Ալ. Մանթաշյանց» կրթամշակութային և երիտասարդական կենտրոնի ներկայացուցիչները ներկայացրին կատարված աշխատանքները՝ ընդգծելով, որ շնորհիվ Սփյուռքի նախարարության և «Ալ. Մանթաշյան» կրթամշակութային և երիտասարդական կոնտրոնի միահամուռ ջանքերի` համայնքը գնալով դառնում է հայախոս: «Ալ. Մանթաշյան» կրթամշակութային և երիտասարդական կենտրոնը նաև համախմբման կենտրոն է դարձել համայնքի համար, որի հիմնումը անգնահատելի ներդրում էր հայապահպանության գործում: Սա Սփյուռքի նախարարության նպատակամետ գործունեության վկայությունն է նաև, քանի որ հնարավորություն տրվեց նոր սերդին վերադառնալ և ամուր կառչել իր արմատներին: Պատկերացրեք` հիմա կենտրոնի տարածքը արդեն փոքր է թվում, որովհետև գնալով ավելանում է աշակերտների և անդամների թիվը»,-նշեց Աջարիայի հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանը:
ՀՀ ՍՆ Համահայկական ծրագրերի վարչության պետ Գ. Գյանջումյանը ներկայացրեց նախարարության ծրագրերը:
Քննարկվեցին Աջարիայի հայ համայնքում և «Ալ.Մանթաշյանց» կրթամշակութային և երիտասարդական կենտրոնում առկա խնդիրները: Նախարարության աշխատակիցները պատրաստակամություն հայտնեցին աջակցելու ցանկացած հարցում, ինչը կնպաստի կապերի առավել սերտացմանը և համայնքային կյանքի բարելավմանը: Պայմանավորվածություն ձեռք բերվեց «Ալ. Մանթաշյան» կրթամշակութային և երիտասարդական կենտրոնի գրադարանը համալրել մանկապատանեկան գրականությամբ, իսկ երգչախմբին տրամադրել համապատասխան երաժշտական գրականություն: