Մայրենիի օրվան ընդառաջ

Փետրվարի 21-ին Հայաստանում և Սփյուռքում նշվելու է ՅՈՒՆԵՍԿՕ–ի և Հայոց պետության կողմից սահմանված «ՄԱՅՐԵՆԻԻ ՕՐ» տոնը, որի շրջանակներում ՀՀ սփյուռքի նախարարությունը հայտարարել էր «ԻՄ ՔԱՂՑՐ ԼԵԶՈՒ» թեմայով շարադրությունների մրցույթ:
«Հայերն այսօր»-ը ներկայացնում է հատվածներ`Սփյուռքի տարբերերկրներում ապրող հայորդիների՝ «Իմ քաղցրլեզու» թեմայով մրցութային շարադրություններից:
«Իւրաքանչիւր ժողովուրդ ունի իր մայրենի լեզուն: Չի բաւեր միայն ազգասէր եւ հայրենասէր ըլլալը, այլ նաեւ պէտք չէ սիրել եւ գործածել մեր հայերէն լեզուն:
Ս.Մեսրոպ Մաշտոցի եւ Ս.Սահակ Պարթեւի շնորհիւ հայ ժողովուրդը ունեցաւ իր անձնական տառերը: Ամէն հայ հպարտ պէտք է ըլլայ, որ ունի իր լեզուն, որովհետեւ եթէ հայերը հայկական հարազատ լեզու չունենային, պիտի խօսէին օտար եւ տարբեր լեզուներ»:
Սեւան Պալթայեան, Եգիպտոս
Գալուստեան-Նուբարեան վարժարան
«Լեզուն մեր պատմութիւնն է, մեր լեզուամտածելակերպին մէջ խտացուած է մեր ողջ պատմութիւնը.մենք պէտք է հասկնանք ու հասկնալով երբեք չմոռնանք, որ մեր ժառանգութեան մեծագոյն գանձը մեր լեզուն է: Գալով անյիշելի ժամանակներուն, անցնելով բազմաթիւ դարերու միջոցու, շփուելով բազմաթիւ ազգերու լեզուներուն հետ՝ մեր հայոց լեզուն մէկ իւրատեսական հանրագիտարանն է անյիշելի ժամանակներուն, բազմաթիվ դարեր:Լեզուի խնամքն ու անոր պաշտպանութիւնը դրուած են մեր վրայ ու կը մնան, որպէսզի կատարենք այս նուիրական գործը:
Յիշենք, թէ ինչ դժուարութեամբ ստեղծուած է մեր գիրը, Հայաստանը պիտի չարչարուէր ու դառնար ամէն տեսակ հրոսակի ոտքի տակ: Ազգային դիմագիծը պահելու ու իր գոյութիւնը յարատև դարձնելու համար ամենայուսալի զէնքը՝ Մայրենի լեզուն է, իսկ Մայրենի լեզուին յաւերժութիւնը՝ ազգային գիրն է»:
Յարութ Գայթանճեան, Եգիպտոս
Գալուստեան-Նուբարեան վարժարան
«Մայրենի լեզուն հայ ազգին գոյատեւման հիմնական անհրաժեշտ զէնքերէն է, որ դարեր շարունակ եղած է աննկուն կապ մը, որ միացուցած է հայ ազգիս զաւակները իրարու, անոնց տաքութիւն ապահոված է կեանքի ցուրտ պայմաններուն ընթացքին, անոնց հայ պահած է ձուլման գորշ մրրիկին մեջ:
Իմ կարծիքով, այն հայը, որ իր Մայրենին չի գիտեր, կը համարուի կէս հայ, իսկ կէս հայ ըլլալը կը նշամակէ ըլլալ կէս մարդ:
Մեր լեզուն սովորական լեզու մը չէ, մեր լեզուն դարերու խորքերէն հարուստ բառապաշարով կնքուած, Խրիմեանի, Թումանեանի, Սիամանթօյի, Սևակի և այլ հանճարներու քրտինքով օծուած լեզու մըն է»:
Սէրլի Թովմասեան, Եգիպտոս
Գալուստեան-Նուբարեան վարժարան
Ամէն ազգ ունի իր Մայրենի լեզուն: Ես իբրեւ հայ ազգի զաւակ՝ իմ Մայրենի լեզուս, գանձս, հայերէնն է, որ աշխարհի ամէնահին լեզուներէն մէկն է: Շատ կարեւոր է, որ մարդ գիտնայ օտար լեզուններ, բայց միշտ պէտք է պահպանէ իր մայրէնի լեզուն՝ մտածելով, խօսելով, եւ միշտ գործածելով մաքուր հայերէնը, երբէք չխառնել մեր գեղեցիկ լեզուին օտար բառեր:
Ես հայերէնը սորվեցայ իմ ծնողքես, որոնք ուղղակի սիրահարուած են մեր լեզուին, ասիկա շատ մեծ ազդեցութիւն ունեցաւ իմ վրաս, որ ես սիրեմ իմ լեզուս:
Ծիլա Յակոբեան, Եգիպտոս
Գալուստեան-Նուբարեան վարժարան
«Ինձ համար Մայրենի լեզուն իմ կյանքն է: Ես հպարտանում եմ իմ հայ լեզվով: Հայոց լեզուն աշխարհի ամենահին ու քաղցրաբարբառ, գեղեցիկ ու հարուստ լեզուներից մեկն է: Ես կը ցավիմ ու կու լամ, երբ կը տեսնեմ կամ կը լսեմ իմ բարեկամ կամ Հայաստանեն անձեր, որոնք չեն խոսիր հայերեն, հայ կը կոչվին միայն անունով:
Ես չեմ կարող իմ մտքիս օտար լեզվով մտածել: Ընտանիքիս, իմ օջախիս, հայ կյանքիս իմաստն է իմ մայր լեզուն»:
Ռոստոմ Յակոբ Նալբանդեան, Հորդանան
Հորդանանի հայոց վարժարան