Սուրբ  Ծննդյան և Աստվածահայտնության տոնը Օդեսայի  Հայ Առաքելական եկեղեցում        

Եկավ Նոր  տարին՝ 2017 թվականը, եկավ՝

Եղևնու անուշ բույրով,

Հազար ու մի հրապույրով,

Փարվեց աշխարհին։

Սակայն Նոր տարվա ամենամեծ ուրախությունը և մեծագույն նվերը Սուրբ Ծնունդն է,  որը համայն  քրիստոնյա աշխարհում  տոնակատարվում է մեծահանդես արարողությամբ և բազմաքանակ հավատացյալների մասնակցությամբ։ Մե՜ծ  ու  շա՜ տ գեղեցիկ տոն է  Սուրբ Ծնունդը։

  Հունվարի 6-ին, տոնին պատշաճ հանդիսավոր Սուրբ Պատարագ մատուցվեց Օդեսայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում։ Պատարագիչը օդեսահայերի հոգևոր հովիվ Տեր Աբգար  քահանա Գըլըճյանն էր։ Նա այնպիսի  ջերմեռանդությամբ էր կատարում այդ սրբազան արարողությունը, ասես, վերացել էր շրջապատողներից, անէացել և ձուլվել էր  տոնի խորհրդին։

 Տոնի խորհրդավոր, աղոթաբույր շունչը թևածում էր աղոթատանը։

  Քահանան ցնծությամբ հավատավոր ժողովրդին փոխանցեց Քրիստոսի ծննդյան հրեշտակաբարբառ ավետիսը.

 –Աստղը ծագեց, Քրիստոս ծնվեց և հայտնվեց,

   Ձեզ և Մեզ մեծ ավետիս։

   –Օրհնյալ է Հայտնությունը Քրիստոսի,- հետևեց պատասխանը։

    Պատարագիչ քահանան   հանդիսավորությամբ ընթերցեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի՝  աշխարհասփյուռ հայությանը  հղած  հայրապետական պատգամն այս հրաշափառ տոնի առթիվ ։

   Այնուհետև թավ ու ազդու ձայնով մեկնելով  Ծննդյան հրաշքը՝ Տեր Հայրը շարունակեց.

   «Սիրելի  բարեպա՛շտ ժողովուրդ, Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության ավետիսն այսօր առաջնորդել է մեզ դեպի մեր եկեղեցիները , որպեսզի խնդությամբ ու հոգու երկյուղածությամբ խոնարհվենք Մանուկ Հիսուսի սնարի առջև։Նրա երկրային անունը, որ տրվեց աստվածային հայտնությամբ, արտահայտում է այն մեծագույն առաքելության խորհուրդը, որի համար նա իջավ երկնքից և մարդացավ, քանզի Հիսուս եբրայերեն նշանակում է Փրկիչ։

   Նա ինքը Աստված է՝ Սուրբ Երրորդության երկրորդ Անձը, Աստծո Միածին Որդին, որ կար ի սկզբանե՝ բոլոր ժամանակներից առաջ…

  Նա եկավ՝  բնակվելու մեր սրտերում և մեր մեջ հաստատելու սիրո անվախճան թագավորությունը։

 Նրանով սկսվեց նոր պատմական ժամանակը՝ մեր նոր թվարկությունը։ Իր ծնունդով, իր փրկչական առաքելությամբ  մեր Տեր Հիսուս Քրիստոսը փոխեց ողջ մարդկության ընթացքը՝ նա պարգևեց  մարդկանց այս աշխարհում մեծագույն բարիքը՝  իր խաղաղությունը…

  Սուրբ Ծնունդն Աստծո պարգևն է մեզ բոլորիս։
Հայ ժողովուրդը  Քրիստոսի ծնունդն ընդունեց առանձնահատուկ կերպով. ամբողջ մշակույթով և գոյատևման պայքարով սնվեց ու հենվեց Հիսուս Քրիստոսի ծննդյան խորհրդին…»։

  Երգչախմբի կատարմամբ հնչեց Սուրբծննդյան գլխավոր շարականը,

 «Խորհուրդ մեծ և սքանչելի…»։

 Թվում էր՝ գեղանի թևերը բացած՝ սավառնելով երգում էին հրեշտակները։ Նրանք երգում էին մի չքնաղ երգ, որի հնչյունները թափանցում էին մարդկանց սրտերը

                 Փա՜ռք Աստծուն բարձունքներում,

                        Երկրի վրա խաղաղություն,

                                 Եվ հաճություն մարդկանց մեջ։

   Հոգևոր երգ ու տաղերի ախորժալուր հնչյունները տարածվել էին եկեղեցու կամարների ու բարձր գբեթների ներքո, սփռվել էին շուրջբոլորը։ Մի պահ շուրջս նայեցի. բոլորի աչքերում ուրախություն ու գոհունակություն կար։ Վստահ եմ՝  ոչ միայն իմ, բոլորի հոգիները լցված էին պարզ, հաճելի ու վսեմ, միաժամանակ՝ անմեկնելի մի զգացողությամբ ու խաղաղությամբ։

  Սուրբ Պատարագի ավարտին  կատարվեց Ջրօրհնեքի սրբազան կարգը, որը խորհրդանշում է մանուկ Հիսուսի Մկրտությունը Հորդանան գետում։ Կատարվեցին սուրբգրային ընթերցումներ, հիասքանչ շարականներ ու իմաստուն սաղմոսներ։ Զմայլեց ուխտավորների հոգիները «Ջրօրհնյաց աղոթք»-ի զուլալ կարկաչը։ Սուրբ տաճարում հնչեց «Այսօր ձայնն է հայրական» տաղը, ճախրեց «Առաքելոց աղավնի» շարականը  և Սրբալույս  Մյուռոնով ու Սուրբ խաչով քահանան օրհնեց ջուրը։

   Այս տարի Ջրօրհնեքի արարողության Խաչի կնքահայրը եկեղեցական խորհրդի վարչության անդամ Վահան Սիմոնյանն էր, ով իր բարի գործերով էր շահել այդ սրբազան պատասխանատվությունը կրելու վստահությունը։ Այս  առիթով շնորհավորելով կնքահորը՝ Տեր Աբգարը նրան փոխանցեց Ջրօրհնեքի խաչը, որը  մնալու է  խաչքավորի տանը մինչև հունվարի  13-ը՝ մինչև Անվանակոչությունը։ Տեր Հայրը դրվատանքի ու գոհունակության ջերմ խոսքեր հղեց  նախորդ տարվա կնքահորը՝ բարերար ու եկեղեցասեր Խաչատուր Սարդարյանին՝ եկեղեցու հանդեպ բարյացկամ ու հոգատար վերաբերմունքի համար։

  Հավարտ սրբազան արարողության հրաշագործ ջուրը բաժանվեց հավատավոր զավակներին՝ իբրև աստվածային անգին պարգև։

  Այս ամենը հայ մարդու անսասան հավատքի ու հոգևոր հարստության ապացույցն է. ուր էլ լինի ՝ հայրենիքում, թե հայրենիքից դուրս, նա առանց իր Աստծո ապավինության չի կարող ապրել։

  Թո՛ղ Ամենակարող Աստված 2017 թվականին և հավիտյա՜ն զորավիգ լինի իմ ժողովրդին։

    Ուրախությամբ շնորհավորում եմ համայն հայության Սուրբ Ծնունդը։

Նարինե   Մուրադյան

ք.Օդեսա, «Հայերն  այսօր»-ի արտահաստիքային թղթակից

%d6%85%d5%a4%d5%a5%d5%bd%d5%a112%d6%85%d5%a4%d5%a5%d5%bd%d5%a113%d6%85%d5%a4%d5%a5%d5%bd%d5%a1 %d6%85%d5%a4%d5%a5%d5%bd%d5%a11%d6%85%d5%a4%d5%a5%d5%bd%d5%a12 %d6%85%d5%a4%d5%a5%d5%bd%d5%a13%d6%85%d5%a4%d5%a5%d5%bd%d5%a14 %d6%85%d5%a4%d5%a5%d5%bd%d5%a15%d6%85%d5%a4%d5%a5%d5%bd%d5%a16 %d6%85%d5%a4%d5%a5%d5%bd%d5%a17%d6%85%d5%a4%d5%a5%d5%bd%d5%a18 %d6%85%d5%a4%d5%a5%d5%bd%d5%a111

 

Scroll Up