Հանդիպում դերասանուհի Անի Խաչիկյանի հետ

Հոկտեմբերի 13-ին Սփյուռքահայ ուսանողների խորհուրդը և «Հարմոնիա» հոգեբանության հանրային զարգացման կենտրոնը վերսկսեցին արդեն ավանդույթ դարձած և բոլորի կողմից սիրված «Ականջդ բեր ասեմ» խորագրով հանդիպումների շարքը: Նոր գրասենյակի ջերմ և ստեղծագործ մթնոլորտում մեծ ոգևորությամբ դիմավորեցին հայտնի և սիրված դերասանուհի Անի Խաչիկյանին: Հարմոնիա ՀՀԶԿ-ի նախագահ Աշխեն Մկոյանը ողջունեց հյուրերին և ոգևորությամբ հայտնեց, որ ծրագրում տեղի են ունեցել որոշակի փոփոխություններ, և այսուհետ «Ականջդ բեր ասեմ» խորագիրը լինելու է մշտական:

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում է Մարիամ Առաքելյանը՝ մտերմիկ և անմիջական զրույցի ընթացքում երիտասարդ դերասանուհին կիսվեց իր փորձով, խոսեց անցած ուղու, խոչընդոտների հաղթահարման մեխանիզմների և մոտիվացիայի մասին: Նա նաև կարևորեց դերասանի աշխատանքում կերպարի ընկալման և հանդիսատեսին ճիշտ ներկայացնելու հոգեբանական կողմը:
Իսկ այն հարցին, թե ո՞րն է իր հաջողության բանաձևը՝ Անին ժպիտով պատասխանեց, որ պետք է յուրաքանչյուր բարդ իրավիճակից օգուտ քաղել, ստանալով այն անգին փորձը, որը մեզ տալիս է կյանքը: Հանդիպման մասնակիցները դերասանուհուն ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերը և մեծ բավականություն ստացած՝ միմյանց հրաժեշտ տվեցին:

Այնքան ջերմ ու անկեղծ մթնոլորտ էր ստեղծվել, որ հանդիպումը ավարտվել էր, բայց ոչ ոք չէր շտապում հեռանալ: Մասնակիցներից Աննան, որ առաջին անգամ էր «Հարմոնիա»-ում նշեց. «Շատ սիրեցի այս վայրը, միշտ գալու եմ»:

սփյուռքահայ ուսանող

Scroll Up