Ուսումնական նյութեր հայկական դպրոցին՝ նոր ուսումնական տարվա նախօրյակին

Սփյուռքի տասնյակ կրթօջախներ նոր ուսումնական տարին սկսեցին Սփյուռքի նախարարության կողմից հատկացված դասագրքերով, աշխատանքային տետրերով, մեթոդական, ուսուցչի ձեռնարկներով, ուսումնաօժանդակ նյութերով:
Ըստ «Հայերն այսօրի»՝ Ռուսաստանի Դաշնության Վլադիմիր քաղաքի «Հայ-Լուս-Տուն» հայկական մշակույթի կենտրոնի կիրակնօրյա դպրոցն այս տարի նույնպես ձեռք բերեց ուսումնական նյութեր: Վլադիմիրի մարզի եկեղեցական խորհրդի նախագահ Ռազմիկ Բլիկյանը և «Հայ-Լուս-Տան» տնօրեն Գայանե Գևորգյանը իրենց շնորհակալությունն են հայտնել Հայաստանից ստացված ուսումնական գրականության համար և հույս հայտնել, որ հայրենիքից այսօրինակ աջակցությունը կնպաստի համայնքում դպրոցի շուրջ հայ ընտանիքների համախմբմանը, դպրոցը հայ երեխաների հայեցի կրթության ու դաստիարակության ամենանվիրական օջախ դարձնելուն:
Վլադիմիրի հայկական դպրոցը գործում է արդեն 15 տարի և այդ ընթացքում բազմաթիվ հաջողություններ է գրանցել հայ երեխաների համար մայրենիի և հայագիտական առարկաների ուսուցման, հայապահպանական ծրագրերի իրականացման ուղղությամբ: