Եթե Արցախին մի բան պատահի, մինչև վերջին թիզ հողը պաշտպանելու ենք. Սեյրան Օհանյան

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում հայկական կողմի գերխնդիրը Արցախի ժողովրդի ինքնորոշումն է սեփական բնօրրանում:
«Բազե-2016» երիտասարդական համահայկական հավաքի մասնակիցների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ պատասխանելով հակամարտությունը փոխզիջումների եղանակով կարգավորելու վերաբերյալ մասնակիցներից մեկի հարցին: «Երկրագնդի վրա շատ ազգեր, օրինակ, Կոսովոյի բնակչությունն, ինքնորոշվել է ոչ իր բնօրրանում: Եվ արցախցին հայկական լեռնաշխարհում, իր բնօրրանում ինքնորոշվելու իրավունք ունի: Եթե չկա ինքնորոշում կամ միավորում Հայաստանի Հանրապետության հետ, ապա մնացած բոլոր փոխզիջումների մասին խոսելն անիմաստ է»,-նշել է Օհանյանը:
Նրա խոսքով՝ այն պարագայում, երբ Ադրբեջանը մերժում է վստահության մեխանիզմների ձևավորումը, մշտադիտարկումների իրականացման համար միջազգային հետաքննության պայմանների ստեղծման մասին առաջարկները, փորձում է խոսել ուժի տեսանկյունից, հակահայկական հայտարարություններ է անում, փոխզիջումների մասին խոսելն անիմաստ է: «Ես միշտ ասել եմ և ասում եմ՝ եթե Արցախին մի բան պատահի, մինչև վերջին թիզ հողը մենք պաշտպանելու ենք»,- Արցախպրեսի փոխանցմամբ՝ եզրափակեց նախարարը: