2017թ.ի Սեպտեմբերին Ստեփանակերտի « Սոսե» մանկապարտեզն իր դռները կբացի ստեփանակերտցի 130 փոքրիկների համար

Հերթական այցով Արցախում է Արցախի բարեկամ, Արցախում իրագործված բազում բարեգործական ծրագրերի անմիջական մասնակից Ժասիկ Բունիաթյանը:
Այցի շրջանակներում Ժասիկ Բունիաթյանը այցելել է Արցախի մի շարք գյուղեր եւ առաջիկա օրերին պատրաստվում է այցելել առաջնագիծ:
Օգոստոսի 17-ին Ժասիկ Բունիաթյանը Արցախի ՀՕՄ մեկուսի միավորի ընկերուհիների հետ այցելել է Ստեփանակերտում կառուցվող «Սոսե» մանկապարտեզ, ծանոթացել իրականացվող աշխատանքներին:
Նշենք, որ Ստեփանակերտի « Սոսե» մանկապարտեզի կառուցման աշխատանքներին իր անմիջական մասնակցությունն ունի ՀՕՄ-ի ԱՄՆ արեւմտյան շրջանը:
ՀՕՄ-ի Կենտրոնական վարչությունը երեք հոգուց բաղկացած հանձնախումբ է կյանքի կոչել, որի կազմում են Վիկի Մարաշլյանը, Սեդա Խոջայանը եւ Ժասիկ Ջալալյանը, որոնք ՀՕՄ-ի աշխարհասփյուռ կառույցի ընկերուհիների հետ համագործակցելով հնարավոր եւ անհնարինն են անում մանկապարտեզի համար նախատեսված գումարը ամբողջությամբ հավաքելու , որպեսզի խոստացածին պես եկող տարվա սեպտեմբեր ամսին Ստեփանակերտի « Սոսե» մանկապարտեզը իր դռներն բացի ստեփանակերտցի 130 փոքրիկների համար:
«Մանկապարտեզի երրորդ հարկի աշխատանքները վերջացել են, տանիքը գրեթե պատրաստ է: Այս պահին գումարի մեծ մասը հայթայթվել է, սակայն ոչ ամբողջությամբ՝ մենք դեռ գումարի անհրաժեշտություն ունենք, եւ շարունակելու ենք աշխատել մինչեւ հասնենք մեր նպատակին: Այս մանկապարտեզի շինարարությունը ՀՕՄ-ի կենտրոնական վարչության եւ բոլոր շրջանների աշխատանքի արդյունք է: Մենք պատասխանատու ենք ամեն մի անհատի, ով գումար է նվիրաբերել մանկապարտեզի համար եւ մեր պարտքն է ցույց տալ, թե ամեն մի հանգանակված լուման ինչ աշխատանքների վրա է ծախսվում»,- aparaj.am-ի փոխանցմամամբ՝ նշել է Ժասիկ Բունիաթյանը: