Արցախյան ղողանջներ. Մարդասիրական ազնիվ նվիրում

Անհանգիստ սրտի  տրոփյունով    վերջերս  Արցախում   հանդիպեցի  մեր  համերկրացի, բայց սփյուռքում  ապրող   արձակագիր  գրող  Լևոն Ադյանի  և  նրա  ստեղծագործությունների    ռուսերեն  թարգմանչուհի   Նելլի  Ավակովայի    հետ:   Հայրենիքի նկատմամբ կարոտը աշխարհով մեկ սփռված հայության ցավագին մորմոքն է,  ու   հայրենի  երկրի  և  հարազատ մարդկանց  հանդեպ  այդ կարոտը ճանաչված  ու հարգված  գրողին ու նրա երկերի  տաղանդավոր թարգմանչուհուն բերել էր Արցախ: Եվ շուտով  ես  իմացա, որ  Սանկտ  Պետերբուրգում   բարձր  տպաքանակով Նելլի  Ավակովայի   հովանավորությամբ  ու  նրա  իսկ թարգմանությամբ  տպագրվում է   Լևոն Ադյանի    «Այն  հեռավոր  ամռանը» խորագրով  վիպակների  ու  պատմվածքների    ռուսերեն  գիրքը, որի հիմքում   հայրենի    Արցախն է,  իրենց   ազնիվ   աշխատանքով ապրող մարդիկ: 

Ասեմ, որ մինչ  այդ  ես Նելլի  Ավակովային երբևէ  չէի  տեսել: Ապրիլյան պատերազմական ծանր  օրերին  հեռավոր  Լոս  Անջելեսից  եկած  հեռախոսազանգը  ինձ  անակնկալի բերեց:  Մյուս  կողմից    մի հարազատ  ձայն ինձ  ասաց,   որ  Ղարաբաղի   բարբառով խոսեմ:  Սփյուռքում  ապրող          բանաստեղծուհի   Նելլի  Ավակովան էր խոսում:   Ես նրան, այո,  երբևէ  չէի  տեսել, բայց զրուցում էինք անկեղծ, շատ  անմիջական…  Մարտակերտում  տիրող   մղձավանջային   ծանր  վիճակը  բոլորիս  մտահոգությունն էր:   Մեր  գրագրություններով   և  հետագայում հաճախակի դարձած  նրա    հեռախոսային   զանգերով  հեռվից հեռու ես  հասկանում էի, որ   հայրենի  բնաշխարհով ապրող   իմ հայրենակցուհին   կարոտի  թևով ամեն օր  այստեղ  է, իսկ  նրա  բանաստեղծություններում  հայրենի  Արցախն էր  թևածում:

Միով բանիվ,  մանկության  ու պատանեկության օրեր կան Նելլի Ավակովայի բարձրարժեք  թարգմանությամբ  հրատարակվող  այդ  գրքում, մի հայրենի աշխարհ, որի հանդեպ անսահման սեր կա, կարոտ,  անցած  օրերի մի թանձր վերհուշ`  թախծախառն ու  անվերադարձ:  Ադյանական գրողական   կյանքի`  իր նախընտրած բնագավառը  հայրենի բնօրրանն է, բնությամբ  հագեցած  գյուղական միջավայրը` համակրելի  հերոսներով ընդգրկված, գեղեցիկ ու մաքուր հուզական աշխարհով:    Այդտեղ  սիրելի մարդիկ կան անցյալի հիշողություններում, և  անսահման մեծ  ափսոսանք կա կորցրած-գնացած օրերի հանդեպ:    

Ես  այդ հարազատ վայրերին այցելած գրողի  ու բանաստեղծուհու կերպարներում  տեսա    շատ  հասարակ ու  պարզ, ինձ  շատ մտերիմ     մարդկանց,   սակայն չնայած իմ հայրենակցուհու  ստեղծագործական գործունեության  ու  թարգմանական աշխատանքի մասին գիտեի, բայց երբևէ  նա չէր  ակնարկել  այն մեծ   մարդասիրության մասին,   որ  ինքն է   անում ազնիվ    ու  նվիրական   մղումով: Ուստի  Ադյան գրողի գնահատանքով ու  մանկավարժիս  հարգալից խոնարհումով  սրտանց  ողջունում  եմ Նելլի  Ավակովայի  այս  հրաշալի նախաձեռնությունը՝  իր հովանավորությամբ   «Այն  հեռավոր  ամռանը» ռուսերեն  գրքի հրատարակության համար, մի գիրք, որի համանուն վիպակը խորհրդային տարիներին հազարավոր տպաքանակներով  հայերեն բազմաթիվ հրատարակություններ   է   ունեցել:

Նատաշա  Պողոսյան,  Արցախի վաստակավոր մանկավարժ

Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան միջնակարգ դպրոցի            


հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի

                                                                                      

 

Scroll Up