Հայաստան եկանք՝ որպես մեր իրական հայրենիք. Ֆիլադելֆիայի «Մեղրի» պարախմբի ղեկավար

Հուլիսի 22-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին նվիրված ՀՀ սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» համահայկական երրորդ փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը: Փառատոնը մեկնարկեց «Պարարվեստի օրերով», որին մասնակցեց աշխարհի 25 երկրից ժամանած 48 պարախումբ:
Հայկական պարը մեր պատմության անբաժան մասն է, որը իր մեջ արտացոլում է անցյալի յուրաքանչյուր դրվագ: Այն հայի դիմագիծն է ու բնավորությունը, լեզուն է և մտածողությունը: Այո´, ի վերջո պարը հոգու լեզուն է, հայկական պարը՝ հայի հոգու լեզուն, այն հոգու, որ, պարտադրանքով ծվարելով աշխարհի չորս ծագերում, միևնույնն է, մի անհավանական, աներևակայելի, տիեզերական ուժով ձգտում է պահպանել իր ինքնությունը:
Իր հանդիպումներից մեկում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշել է. «Սփյուռքում գործող յուրաքանչյուր պարախումբ հայապահպանության իրական օջախ է, և մենք ամեն բան պետք է անենք նրանց գործունեությունը, վերելքը ապահովելու համար: Փառատոնը հնարավորություն է տալիս ոչ միայն ներկայացնելու ձեռքբերումներն ու տաղանդը մայր Հայաստանում, այլև ծանոթանալու ու բարեկամանալու միմյանց հետ: Իսկ մեր ուժը համայն հայության միասնության մեջ է»:
Հենց այդ հայապահպանության իրական օջախներից մեկն էլ Ֆիլադելֆիայի Համազգային հայ կրթական և մշակութային միության «Մեղրի» պարախումբն է: Պարախմբի ղեկավարը Լենա Օհաննեսյանն է, ում նախաձեռնությամբ և Ֆիլադելֆիայի Համազգային հայ կրթական և մշակութային միության աջակցությամբ էլ հիմնվել է «Մեղրին»: «Խումբն ընդամենը հինգ տարվա պատմություն ունի: Այն պիտի լիներ, քանի որ կարիք կար զարկ տալու հայկական մշակույթի տարածմանն ու հայապահպանությանը: Մենք գիտակցեցինք դրա կարևորությունը: Իհարկե, մեզնից առաջ եղել են պարախմբեր, սակայն ժամանակի ընթացքում, պայմանավորված տարաբնույթ պատճառներով, կազմալուծվել են: Սկսեցինք՝ ունենալով ընդամենը երեք սան, իսկ հիմա նրանց թիվը գերազանցում է երեսունը: Գիտեինք, որ ինչքան կարևոր և անհարաժեշտ է հայ երեխաների և երիտասարդների ուշադրությունը գրավելը, հետաքրքրություն առաջացնելը հայ ազգային պարարվեստի նկատմամբ, նույնքան կարևոր և պատասխանատում է նաև լավ պարուսույց գտնելը: Հինգը տարի այդ գործը ստանձնեց և մեծ նվիրումով իր պարային գիտելիքները սաներին փոխանցեց հարգարժահիշատակ Թովմաս Հարությունյանը: Ցավոք, նա անցյալ տարի հեռացավ կյանքից՝ լինելով մեր պարախմբի համար անփոխարինելի գեղարվեստական ղեկավար»,-«Հայերն այսօրի» հետ զրույցում նշում է Լենա Օհաննեսյանը:
Իրենք էլ ամեն կերպ խրախուսում են, որպեսզի հայկական համայնքը գիտակցի, կարևորի մշակույթի պահպանման խնդիրը. չէ՞ որ մշակույթը ինքնության հիմքն է, կարելի է ասել, որ դրանք ինչ-որ տեղ նաև նույնանում են: Երբ կորչում է մշակույթը, կորչում է նաև ինքնությունը: «Մենք պատրաստ ենք օգնելու յուրաքանչյուրին, ով կցանկանա դառնալ մեր մշակութային կյանքի մասնակիցը: Ծնողները կարող են իրենց երեխաներին վեց տարեկանից բերել հայկական պարի դասերի: Մենք ջանք չենք խնայում, որ նրանք սիրեն պարերը, հաճույքով գան: Տարիքային շեմը մինչև 25-ն է: Հիմա Հայաստանում բարձր տարիքային խումբն է՝ 12 պարողներով: Երբ նոր էր համույթը ստեղծվում, ես իմ սաներին խոստացա Հայաստան բերել և Հայաստանում պարել: Այդ ժամանակ դրանք պարզապես խրախուսական, ոգևորիչ խոսքեր էին: Սակայն այսօր իմ խոստումը իրականություն դարձավ»,- պատմում է տիկին Օհաննեսյանը:
Փառատոնի բացմանը «Մեղրի» պարախումբը ներկայացավ Վիլեն Գալուստյանի բեմադրած «Կռունկ» պարով: Սակայն խումբը բազմաթիվ այլ բեմադրված պարերով է ներկայացել նաև Ֆիլադելֆիայում տարաբնույթ միջոցառումներին, տոների, հրավերքներին: «Սիրում են հայկական պարերը: Իհարկե, մեր արմատների մասին շատ չգիտեն, սակայն տեղյակ են, որ հայ ենք: Օտարերկրացիները մեզ հատկապես հարգում են նրա համար, որ չենք մոռանում մեր ինքնությունը, մշակույթը, լեզուն՝ չնայած դրան նպաստող բոլոր պայմանները կան: Հիմա մենք Հայաստանի մասին փոքրիկ տեղեկատու թերթիկներ ենք պատրաստում, որպեսզի հետագայում Ֆիլադելֆիայում կայանալիք համերգների ժամանակ բաժանենք հանդիսատեսներին, նրանք կարդան և իմանան՝ որ երկրի պարն է, որտեղ է այդ երկրիրը և ինչ պատմություն ունի»,- նշում է տիկին Լենան:
Պարախմբի սաները շատ են տպավորված Հայաստանով: Նրացից ոմանք առաջին անգամ են հայրենիքում, սակայն հասցրել են ճանաչել և հմայվել հայրենի բնությամբ: «Հայաստան եկանք՝ որպես մեր իրական հայրենիք: Երիտասարդները հիացած են հայրենիքով: Վստահ եմ՝ վերադառնալուն պես մյուսներին էլ կպատմեն, կոգևորեն: Ես ինը տարի առաջ էի եղել այստեղ: Շատ բան է փոխվել, շարժվել առաջ: Աստծո կամոք՝ մյուս փառատոներին ևս կմասնակցենք արդեն ավելի մեծ խմբով: Սա լավ հնարավորություն է աշխարհի տարբեր կողմերից եկած հայերի համար հայրենիք գալու, ծանոթանալու, կապեր հաստատելու: Հիմա շատ ժամանակ չենք ունենում շփվելու համար, երբեմն միայն բեմի կուլիսներում ենք փոքրիկ զրույցներ ունենում: Ցանկալի կլիներ, որ մեկ օր հատկացվեր հենց ծանոթություններին, ամուր կապեր կհաստատվեին տարբեր երկրների հայկական համայնքների ներկայացուցիչների միջև,- նկատում է Լենա Օհաննեսյանը և հավելում,-Փառատոնը իրական տոն է, և մենք տասն օրով դարձանք այդ տոնի մասնակիցը: Շնորհակալություն Սփյուռքի նախարարությանը լավ օրերի, հիշողությունների ու պարգևած պահերի համար»:
Ամալյա Կարապետյան