Ի՞նչ կտանի Հռոմի պապը Հայաստանից՝ իբրև նվեր. բացառիկ մանրամասներ պատմական այցից

Կաթոլիկ եկեղեցու քահանայապետի՝ Հռոմի Ֆրանցիսկոս պապի այցին պատրաստվում է ողջ ազգը՝ Հայաստան, Արցախ, Սփյուռք: Եռօրյա այցի միջոցառումներից, որոնց մասին կարելի է տեղեկանալ հաստատված օրակարգից, գլխավորը, թերևս, հունիսի 25-ին Երևանի սրտում՝ Հանրապետության հրապարակում, կայանալիք էկումենիկ արարողությունը և խաղաղության աղոթքն է: Այդ աղոթքի միջոցով, որին կհետևեն կաթոլիկ համայնքի 1 մլրդ 200 մլն. հետևորդները, ու առհասարակ՝ ամբողջ աշխարհը, Հռոմի պապն աղոթք կհղի, որպեսզի այս ալեկոծյալ տարածաշրջանում վերահաստատվի կենսատու խաղաղությունը և դրացի ժողովուրդներն ապրեն համերաշխ գործակցությամբ: Խաղաղություն, որի կարիքն այսօր ունեն շատ երկրներ՝ այդ թվում նաև՝ Հայաստանն ու Արցախը:
«Հայերն այսօր»–ին հաջողվել է պարզել մի քանի հետաքրքրական դրվագներ հիրավի պատմական համարվող այցից: Ըստ ծրագրի՝ Միջին Արևելքի մի շարք երկրներից (Սիրիա, Իրաք, Լիբանան, ԱՄԷ, Եգիպտոս, Թուրքիա, Իսրայել, Հորդանան, Քուվեյթ, Իրան), շուրջ երկու տասնյակ հայազգի պատանիներ ու երիտասարդներ յուրօրինակ «նվերներ» կմատուցեն Հռոմի պապին: Նրանցից յուրաքանչյուրն իր երկրից բերած հողը կմատուցի սրբազնագույն քահանայապետին: Հռոմի պապն այս բոլոր հողերը կամբողջացնի Նոյյան տապանը հիշեցնող տարրայի մեջ, դրանում կտնկի Նոյին խորհրդանշող խաղողի որթը՝ իր հետ տանելով այն՝ իբրև հայ ժողովրդի նվերը Հռոմի պապին:
«Հայերն այսօր»–ը հանդիպել ու զրուցել է արարողությանը մասնակցելու բացառիկ հնարավորությունը ստացած հայորդիների հետ, ծանոթացել նրանց կյանքի, ընտանիքի, նախնիների պատմությանը, և խաղաղություն փնտրող հայորդիների շուրթերից լսել խաղաղության նրանց բանաձևումը:
Մասնակիցների պատմությունները «Հայերն այսօր»–ը կներկայացնի քիչ ավելի ուշ: