Հայոց ցեղասպանությունից հետո մեր ժողովրդի թանկ արյունից ծնվել են նոր հերոսներ. բողոքի համահավաք Նոր Ջուղայում

Հովանավորությամբ Սպահանի Հայոց թեմի Առաջնորդ գերշ .Տ. Բաբկեն արք. Չարյանի եւ կազմակերպությամբ ՀՅԴ «Ռուբեն» երիտասարդական միության, երեքշաբթի`ապրիլի 5-ի երեկոյան, Նոր Ջուղայի «Արարատ» միության սրահում, մասնակցությամբ հոծ թվով ժողովրդի, իրականացվեց համահավաք` ի բողոք ղարաբաղա-ադրբեջանական սահմանում Ադրբեջանի նախահարձակ ռազմական գործողությունների եւ ի զորակցություն Լեռնային Ղարաբաղի իշխանության ու ժողովրդի: Այս մասին Նոր Ջուղայից «Հայերն այսօրին» տեղեկացնում է «Ալիք» օրաթերթի թղթակիցը:
Երեկոն սկիզբ առավ ՀՅԴ «Ռուբեն» երիտասարդական միության խոսքով, որն ընթերցվեց Կարեն Խանլարյանի միջոցով: Սույն խոսքում դատապարտելով Ադրբեջանի ռազմական նկրտումներն ու վերահաստատելով համայնքի երիտասարդների զորակցությունը Արցախի ժողովրդին՝ Կարեն Խանլարյանն ասաց. «Մեր սերունդը ի վիճակի ու պատրաստակամ է իր հերթին ամրացնելու, խորացնել հայրենիքի անկախության, ինքնիշխանության եւ ազատության արմատներն իր մարտունակությամբ, իր գիտական մտքով, տեխնոլոգիական ու հաղորդակցական իր հսկայական հմտություններով ու նորարարությամբ, քաղաքական ու դիվանագիտական իր իմացականությամբ: Հենց այս կարողություններով զինված մենք ծնկի կբերենք մեր դարավոր թե նորելուկ թշնամիներին, որոնք ատամ են սրել մեր մի բուռ հայրենիքի համար»:
Երիտասարդների խոսքին հաջորդեց տեսանյութի ցուցադրումը, որտեղ լուսարձակի տակ էին առնվել վերջին օրերի ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական սահմանում իրականացված ռազմական գործողությունները եւ հայ և օտարերկրացի պետական բարձրաստիճան պաշտոնատարների արտահայտությունները այս շրջագծում:
Շարունակության մեջ արտահայտվեց շրջանի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչ Աշոտ Դավթյանը, որը դատապարտելով թշնամու ռազմական սադրիչ գործողությունները եւ հատկապես հայկական բնակավայրերին ու խաղաղ բնակչությանն իր հարձակումների թիրախ դարձնելու անբարո գործելակերպը, կարեւորությամբ ընդգծեց, որ Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականության պատճառով վտանգվում է Հարավային Կովկասի ու տարածաշրջանի կայունությունը: Նա ավելացրեց նաեւ, որ Նոր Ջուղայի Հայ դատի հանձնախումբն իր բոլոր կառույցներով, համայնքում աշխատող միություններով ու հայրենակիցներով, իր ամբողջական զորակցությունն է հայտնում Արցախի եւ Հայաստանի պետական կառույցներին` պատրաստ լինելով գործնականապես սատարելու հայ ժողովրդին, ապա պահանջեց ԵԱՀԿ Մինսկի խմբից, համանախագահող երկրներից եւ Եվրոպական կառույցներից՝ նախահարձակ ադրբեջանական կողմին պարտադրել դադարեցնել ռազմական գործողությունները:
Այնուհետեւ ելույթ ունեցավ թեմակալ առաջնորդ Սրբազան հայրը, ով գնահատելով հայ զինվորի ու ժողովրդի հերոսությունները հայրենիքի պաշտպանության գործում եւ դատապարտելով թշնամու ոտնձգությունները, ասաց. «Մենք`որպես Քրիստոսի Հարությանը հավատացող ժողովուրդ, խաղաղության կողմնակից ենք, սակայն երբ սուրը բարձրանա մեր գլխին, կկոտրենք այդ սուրը. երբ թշնամին փորձի մեզ ծնկի բերել, ինքը ծնկի կգա, քանի որ Հայոց ցեղասպանությունից հետո մեր ժողովրդի թանկ արյունից ծնվել են նոր հերոսներ, ովքեր ընկճվել չգիտեն եւ ամուր են իրենց կեցվածքով»:
Սրբազան հայրը թեմի ազգային մարմինների զորակցությունը հայտնելով Արցախին`կոչ արեց աշխարհասփյուռ հայությանը` շարունակելով իր միակամ կեցվածքը, աչալուրջ ու զգոն լինել թշնամու տարբեր գործողությունների նկատմամբ: Գերշ. Տ. Բաբկեն արք. Չարյանը վերջում խնդրեց Իրանի պետությանը` ինչպես միշտ իր դրական դերակատարությունը ցուցաբերել տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում:
Համահավաքի ավարտին Վանա Շիրվանյանն ընթերցեց երեկոյի բանաձեւը, որը դատապարտում էր Ադրբեջանի ռազմական սադրիչ գործողությունները, հայտարարում թեմիս ժողովրդի ամբողջական զորակցությունները Արցախի եւ Հայաստանի պետական կառույցներին ու ժողովրդին, եւ պահանջում ԵԱՀԿ Մինսկի խմբից ու համանախագահող երկրներից՝ Արբեջանին պարտադրելու դադարեցնել իր ռազմական գործողությունները եւ վերադառնալ բանակցությունների սեղանին:
Վերջում բողոքարկողներն իրենց սրտաբուխ նվիրատվությունները կատարեցին` Լեռնային Ղարաբաղի իշխանությանը եւ արցախահայությանը զորակցելու համար: