Ֆրանսիայում ԼՂ ներկայացուցիչը France24-ին․ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ ձեռնարկելու ժամանակը եկել է

Ֆրանսիայում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանն այսօր France24-ի եթերում ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իրականացրած ագրեիսան։

Ըստ panorama.am-ի՝ Հովհաննես Գևորգյանը ժխտում է Ադրբեջանի կողմից միակողմանի հրադադարի հայտարարությունը՝ նշելով․«Չկա հրադադար։ Այն միայն հայտարարություն է Ադրբեջանի կողմից։ Ադբեջանն այս պահից առաջ 3 ժամ շարունակ ռմբակոծում  է Լեռնային Ղարաբաղի քաղաքները՝ հատկապես Մարտակերտը, որը գտնվում է հյուսիսում, և սպանում է այս քաղաքի խաղաղ բնակիչներին»։

Հաղորդավարի հարցին, թե չկա միջազգային հանրության կողմից պաշտպանություն այս կոնֆլիկտում, ԼՂ ներկայացուցիչը մեկնաբանում է, որ խնդրով զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը փորձում է գտնել հակամարտության լուծումը։

«Միջազգային հանրությունը հանդես եկել է հայտարարություններով, սակայն ժամանակը եկել է, որ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ ձեռնարկվեն, քանի որ, ինչպես արդեն ասացի, քաղաքացիական բնակչությունն է ռմբակոծվում ու սպանվում, և մենք չենք կարող բավարարվել միայն հայտարարություններով»։

Հովհաննես Գևորգյանն ասում է, որ Լեռնային Ղարաբաղը ինքնորոշվել է 1991թ․-ին՝ նշելով, որ Լեռնային Ղարաբաղի անկախությունը ղարաբաղցիների համար ազատության ձև է, այն Ադրբեջանի բռնապետության դեմ դիմադրության ձև է․«Այսօր մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը կրկին հարձակվում է քաղաքացիական բնակչության վրա»։

Հարցին, որ 1994թ․-ին հաստատվել է հրադադար, սակայն այն շատ փխրուն է եղել և հակամարտությունը երբեք չի ավարտվել, ԼՂ ներկայացուցիչը նշում է, որ հրադադարի ստորագրելուց հետո վերջին 22 տարիներին սա առաջին անգամ է, որ Ադրբեջանը այսպիսի ուժեղ հարձակում է իրականացրել և ռմբակոծել Լեռնային Ղարաբաղի քաղաքները։

Scroll Up