Պատանի լրագրողները «Արի տուն» ճամբարից վերադարձան հետաքրքիր գրառումներով

Արի տուն, այստեղ քեզ սպասում են…
-Համոզված եմ, որ մեր կապը պահպանվելու է, և հեռավորությունը մեզ չի խանգարելու:
-Ամենից շատ հավանեցի հայկական եկեղեցիներն ու վանքերը: Անասելի քաղցրություն կար, որը ոչ մի տեղ չկա:
-Խորովածն աննկարագրելի էր, միայն Հայաստանում են այսպես պատրաստում:
-…Իսկ մարդկանց հյուրընկալության ու հյուրասիրության մասին խոսք չկա:
Այսպիսի տպավորություններով էին Հայաստանից հեռանում աշխարհի տարբեր ծայրերից հայրենիքում միավորված հայ պատանիները: Ընդամենը մի քանի օր առաջ միմյանց օտար, իսկ այսօր արդեն մտերիմներ դարձած պատանիները դժվարությամբ էին բաժանվում միմյանցից:
Իսկ նրանց միավորել էր ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագիրը, որն ամեն տարի Հայաստանում է համախմբում Սփյուռքում բնակվող հայ պատանիներին` հնարավորություն տալով տեսնելու հայրենիքն ու գտնել նոր ընկերներ:
«Արի տուն» ծրագրի չորրորդ փուլի փակմանը արիտունցիները երկար էին պատրաստվել. նրանք սովորել էին ազգագրական երգեր ու պարեր, որոնցում մեկտեղվում է հայի միասնականությունը, քաջությունն ու սերը մեկը մյուսի և հայրենիքի հանդեպ:
Տուն եկած հայ երիտասարդները մեծ հիացմունքով էին խոսում նաև հյուրընկալ ընտանիքների մասին և ասում, որ իրենք էլ դարձել են այդ ընտանիքների լիիրավ անդամը:
«Արի տուն» ծրագրի չորրորդ փուլի փակմանը ներկա էր նաև ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա կոչ արեց արիտունցիներին լինել լավագույնը և «փայլել» ամեն տեղ. «Մեր թշնամիներին կարող ենք հաղթել հայ մնալով, մեր հավատքից, լեզվից, հողից ու ջրից կառչած լինելով: Մենք ձեզ սովորեցնում ենք հայերեն՝ հույսով, որ ապագայում դուք էլ ձեր երեխաներին եք սովորեցնելու մայրենին և ընտանիքում խոսելու եք հայերեն», – նշեց նախարարը:
-Հիմա գնում ենք, բայց մի օր անկասկած վերադառնալու ենք,- վստահեցրին արիտունցիները` հրաժեշտ տալով հայրենի հողին:
Միլենա Բաղդասարյան