«Նիկոլ Փաշինյանն իր այցելությամբ ոգևորեց  մեզ». սիրիահայ հայրենադարձ

Սիրիահայ Սահակ Քեշիշյանը Հյուսիսային պողոտայում սփյուռքի նախարարության, «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի, ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան գրասենյակի, «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ բացված «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» խորագրով բարեգործական ցուցահանդես-տոնավաճառի մասնակիցներից է:

Սահակը կնոջ և երկու երեխաների հետ վեց տարի առաջ է սիրիական պատերազմի հետևանքով Հայաստան տեղափոխվել: Վերնիսաժում իր պատրաստած արծաթյա զարդերն է վաճառում, ինչպես նաև թանկարժեք քարեր է ոսկու վրա ամրացնում: Այս աշխատանքով նաև Հալեպում ապրելու տարիներին է զբաղվել:

«Հայերն այսօր»-ի հետ զրույցում Սահակը նշեց, որ սկզբնական շրջանում Երևանում, իհարկե, դժվարությունների բախվել են, սակայն չեն հուսալքվել. ժամանակի ընթացքում ներգրավվել են հայաստանյան կյանքին, ընկերական շրջապատ ձևավորել և առաջ ընթացել:

«Հայրենիքում հաստատվելու միտքը մեզ շատ է ոգևորում և ուժ տալիս: Ինձ ու կնոջս անհանգստացնում էր, որ մեր երեխաները պահպանեին ինքնությունն ու լեզուն, այդ պատճառով էլ առանց վարանելու, որոշեցինք Հայաստան գալ՝ վստահ լինելով, որ ամեն ինչ լավ է լինելու»,-ասաց Սահակ Քեշիշյանը՝ հավելելով, որ ազգային համախմբվածության շնորհիվ միայն՝ կարող ենք հաղթահարել մեր առջև ծառացած մարտահրավերները  և հզոր Հայաստան կերտել:

Մեր զրուցակիցը նշեց, որ այսպիսի նախաձեռնություններին սիրով է մասնակցում, որովհետև ավելի շատ մարդիկ են սկսում ճանաչել իրենց, ինչ էլ օգնում է նոր հաճախորդներ ունենալ:

Զրույցի ընթացքում Սահակ Քեշիշյանն անդրադաձավ նաև այսօր սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանի ուղեկցությամբ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ ցուցահանդես-տոնավաճառ այցին՝ նշելով, որ տպավորված է Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից, ով հետաքրքրվել է սիրիահայերի հիմնախնդիրներով և պատրաստակամություն հայտնել աջակցել՝ համատեղ ուժերով հաղթահարելու առկա խոչընդոտները:

Սահակ Քեշիշյանը նաև հիշեց, որ Նիկոլ Փաշինյանը նախկինում էլ է եկել ցուցահանդես-տոնավաճառների և հետաքրքրվել նրանց մտահոգություններով:

Հավելենք, որ «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» խորագրով բարեգործական ցուցահանդես-տոնավաճառն այս անգամ նվիրված էր Երևանի հիմնադրման 2800-ամյակին:

Գևորգ  Չիչյան

Scroll Up