Դու` մեր դպրոց սիրասուն, մեսրոպախո՛ս վարժարան

Դարեր ի վեր հայի համար ամենաթանկ սրբությունները եղել ու մնում են լեզուն՝ արտահայտված ձեռագիր ու տպագիր մատյաններում, ու լեռնացած հավատքը՝ արտահայտված և՜ գրավոր, և՜ նյութական սրբությունների միջոցով։ Այդ սրբությունները մեր սրբատաշ քարերով կառուցված եկեղեցիներն են ու խաչքարերը, մշակույթի ու դպրության օջախները, որոնք ծնունդ են առել հայի հոգուց  ու մտքից և դարձել հայի  հավերժության խորհուրդը։

Դրա ցայտուն վկայությունն է Օդեսայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին և նրա բակում կառուցված մշակույթի տունը, ուր գործում է հայ նշանագրերի գյուտարար և հայ դպրության հիմնադիր Մեսրոպ Մաշտոցի անունը կրող կիրակնօրյա դպրոցը։ Նախախնամության արդար ձեռքով  չէ՞ արդյոք, որ Սուրբ Մաշտոցի անունը կրող դպրոցը գտնվում է Սուրբ տաճարի բակում։ Հոգևոր կապ կա Աստծո տան և մեր ժողովրդի լեզվի ու մտքի միջև. լրացնելով միմյանց՝ օտար ափերում ապրող հայի ձայնը հասցնում են Ամենաբարձրյալին՝  Տիրոջը։

 Այս տարի լրանում են երկու սքանչելի հոբելյաններ՝ մեսրոպատառ հայ դպրոցի գործունեության տասը և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչի թոռներ» գրական- ազգագրական ստուդիայի տասնհիգ ամյակները։

  Այսօր, առավել քան երբևէ, սփյուռքի հայ դպրոցը երեխային  հայ պահելու և հայեցի դաստիարակելու խնդրում մեծ դեր ու առաքելություն ունի: ՉԷ՞ որ հենց կրթօջախում է ձևավորվում աշակերտ-անհատը, որը պետք է քաջ գիտակցի՝ իրեն է վստահված սրբորեն պահելու մայրենին մեր հազարագանձ, և որը դառնալու է վաղվա մեր հերոսն ու փոխարինողը:

Կրթօջախում ամենայն սիրով ու խանդավառությամբ ուսուցանում և ուսանում են հայոց մեծագույն ազգային երգը՝ «ԱՅԲ- ԲԵՆ- ԳԻՄ»-ը, ծանոթանում  մեր ժողովրդի՝ պայքարներով ու ընդվզումներով լի պատմության էջերին,  քրիստոնեական հավատքի պատմությանը, համակողմանի գիտելիքներ ձեռք բերում հայկական մշակույթի հարուստ ժառանգության վերաբերյալ, նաև՝ ծանոթանում և ուսուցանում խոհանոցային մշակույթի գաղտնիքները։ Գրական ստուդիան, որն իր մեջ ընդգրկում է տարբեր տարիքային խմբեր, լրացնում է դպրոցին և ավելի հաստատուն դարձնում օտար հողի վրա ծլարձակող, աճող սերնդի հայեցի կրթությունն ու հայրենասիրական դաստիարակությունը։  Դպրոցի առօրյայի մասն են կազմում մեծանուն գործիչներին ու գրողներին նվիրված խորիմաստ միջոցառումները, հայրենասիրության ոգեկոչող հանդեսները, ուսումնական մրցույթները, մայրենի լեզվին նվիրված բազմաբնույթ միջոցառումները, տոները, դպրոցին կից  գործող ստուդիայի ներկայացումները: Սիրասուն դպրոցի դերն ու նշանակությունը հայապահպանության սուրբ գործում քաջ գիտակցում են վաստակաշատ տնօրեն Էլեն Պողոսյանը և դպրոց ոտք դնող յուրաքանչյուր ուսուցիչ նրանք անխոնջ ու անտրտունջ իրենց ուսերին կրում են այդ վեհ առաքելությունը, սերմանում իրենց սաների մեջ սեր և հայրենասիրություն, հայրենական շնչով ջերմացնում նրանց հոգիները։ Պատվով կրելով ուսուցչի բարձր ու վեհ կոչումը՝ նրանք հոգու ջերմությամբ, իրենց բնորոշ եռանդով և նախանձախնդրությամբ նվիրվել են այդ գործին, որպեսզի բարձր պահեն սփյուռքի հայ դպրոցի սուրբ անունը, որպեսզի նրանում հավիտյան ղողանջի ջերմ ու կենդանի՝ մեր սրտից բխած, մեր հոգում ջահված, մեր Հույս և Աստված  բարբառը Մայրենի։

Փա՜ ռք Ձեզ, նվիրյալն՛եր, Ձեր վսեմ գործի համար՝ Ձեր  նպատակները բարի են, ծրագրերը՝ լուսավոր.

Ես եկել եմ այցի, և թող ձեռքըդ հոգնած
Համբուրեմ որդու պես անձնվեր,
Եվ ասեմ, որ կյանքում բոլոր լուսե մարդկանց
Ուսուցիչ անունն են միշտ տվել:

Աշակերտներն ու ծնողները սիրով են հաճախում դպրոց և խորին ակնածանքով վերաբերվում Ձեզ՝ ավելի հոգեթով դարձնելով ձեր գործունեությունը, քանզի, «քանի կա հայ ազգային երգը, հայը կապրի, քանի հայ ազգը կա, հայ երգը կապրի»…

Այս հրաշալի առիթներով շնորհավորում եմ դպրոցին ու ստուդիային, որոնք հայրենիքից դուրս հայի համար դարձել են մի յուրահատուկ փարոս ու լուսատու հուսո աստղ, և  մաղթում բարի երթ ու հարատևությու՜ն։

Կրթօջախի տնօրեն և գրական-ազգագրական ստուդիայի ղեկավար Էլեն Պողոսյանին և ուսուցիչներին, նաև՝ ծնողներին,  որոնք ազգապահպանման վեհ գործում զորավիգ են դպրոցին, մաղթում եմ երազանքների իրականացում, անսահաման սեր ու համբերություն, անմնացորդ նվիրում, մայրական, ծնողական  քնքշանք ու գորով, շռայլ բարություն, որպեսզի Երկիր մոլորակի խաղաղ պտույտը երբեք չխաթարվի: Ցանկանում, որ դուք միշտ ունենաք հոյակապ աշակերտներ, ժառանգներ, որոնք միշտ բարձր կպահեն ձեր պատիվը, մեր դպրոցի, ստուդիայի  բարի անունն ու հեղինակությունը: Չէ՞ որ ուսուցչի ամենամեծ ձեռքբերումը նրա աշակերտներն են։ Մաղթում եմ ձեզ, որ տարիներ անց, երբ նրանք վերադառնան այստեղ՝ դպրոցը հպարտանա, որ նման  սաներ է ունեցել:

Աշակերտներին պատգամում եմ ՝ սիրեք ու փայփայեք հարազատ դպրոցը, որն ըստ արժանվույն կրում է Հայր Մաշտոցի վեհապանծ անունը, կյանքում լինեք ազնիվ ու շիտակ, հավատարիմ մնաք Աստծո տասը պատվիրաններին,  և ամենակարևորը՝ այս աշխարհում, ուր էլ գտնվեք, հպարտորեն կրեք հայի պատվավոր անունը, միշտ հիշելով ամենայն հայոց  բանաստեղծուհու պատգամը .

                 -Թե  մո՜րդ  անգամ  մտքից  հանես,

                 Քո  մա՛յր  լեզուն  չմոռանա ՜ս…

Կրթությունը մեր ժողովրդի ավանդական առաջնահերթություններից է: Վանքերն ու եկեղեցիները մեր ժողովրդի համար մշտապես եղել են նաև ուսման ու կրթության օջախներ: Հավատացած եմ, որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ սրբավայրից ճառագող աղոթաբույր օրհնությունն առավել արդյունավետ է դարձնում դպրոցի առաքելությունը և առավել պտղաբեր` ջանքերը դպրոցի հիմնադիրների, ուսուցիչների և աշակերտների։

Թո՜ղ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին հավիտյան նեցուկ լինի դպրոցին, նրա  սաներին ու մանկավարժական կոլեկտիվին՝  տալով նրանց Տիրոջ օրհնությունն ու լույսը, վասնզի ազգի հարատևման առհավատչյան մայրենի լեզուն է ու անսասան հավատը: Թո՜ղ մեր դպրոցը մշտապես լեփ-լեցուն լինի հայախոս ծիլ-մանուկներով, պատանիներով ու պարմանուհիներով ու նրանց զրնգուն ծիծաղով։ Եվ թո՜ղ նրա լուսավոր կամարների ներքո  հավիտյան բարձր ու զիլ ղողանջեն դպրոց կանչող ախորժալուր զանգերը և միախառնվելով սուրբ տաճարի զանգերի խնկաբույր, անուշ ղողանջին՝ դառնան ավելի հզոր՝ ավետելով աշխարհասփյուռ հայությանը Աստծո սերն  ու  օրհնությունը…

Սիրով՝   Նարինե Մուրադյան

Հ.Գ. Կից ներկայացնում ենք Կրթօջախի տնօրեն և գրական-ազգագրական ստուդիայի ղեկավար Էլեն Պողոսյանին նվիրված բանաստեղծությունը.

Ներբող`   Էլեն Պողոսյանին

Կյանքի  բերումով  հեռացաք  երկրից,

Բայց  չհեռացաք  Դուք  ձեր  կոչումից,

Համախմբեցիք  շուրջբոլորը  Ձեր,

Սփյուռքում  ապրող  հայի  զավակներ:

Նախ  Դուք  ստեղծեցիք  խումբ  ազգագրական,

Որտեղ  իշխում  էր ոգին  հայկական,

Դեպի  արվեստը  սեր  սերմանեցիք,

«Կռունկ» ու «Դլե՜ – յամա՛ն» երգեցիք:

Հոգատարություն  Ձեր  մեջ  տեսնելով,

Սիրեցին  նրանք  Ձեզ  անկեղծ  սիրով,

Սիրեցին  լեզուն  ու  չօտարացան,

Մեսրոպ   Մաշտոցի  մասին  իմացան:

Եկեղեցուն  կից  ստեղծեցիք  դպրոց,

Մի  դասասենյակ  դարձավ  հիմք – ամրոց,

Սա  սկզբունք  էր`  Ձեր  գործին  արդար,

Եվ  առաքելություն`  ուսուցչի  համար:

Այսօր  մենք  ունենք  դպրոց անվանի,

Ու  Ձեր  դիրքում եք`  պոստին  արժանի,

Քիչ  է,  թե  ասենք  Դուք տնօրեն  եք,

Ճիշտը  կոչումն է`  լեզվի  դեսպան  եք:

Ձեր  գործն  է  բարի  ու  ազգանվեր,

Երբ  ամեն  տարի,  ամեն  սեպտեմբեր,

Սիրով  դռներն  եք  բացում  դպրոցի,

Եկող  սերունդն  էլ  դառնա  հայեցի:

Ճանաչեն  նրանք  ազգ  ու  մշակույթ,

Պատմություն  սերտեն,  նաև  ավանդույթ,

Լինեն  ազգասեր,  երկիրը  սիրեն,

Իրենց  մայրենի  լեզուն  պահպանեն:

Որոնումների  Ձեր  նոր  աշխարհում,

Փառահեղ  մտքեր  են  իրական  դառնում,

Քայլում  եք  Դուք  էլ  ճամփով  հավերժի,

Հորդուն  գործերով՝  նման  ջրվեժի:

Լիզա Մոսինյան

Օդեսա1 Օդեսա2 Օդեսա3 Օդեսա4 Օդեսա5 օդեսա6 Օդեսա7 Օդեսա8Օդեսա

Scroll Up