«Հիմնայինը բարի հետք թողելն է…». Շահեն Խաչատրյան-Ծննդյան 80 ամյակ

«Կյանքը մի կղզի է, մարդիկ դուրս են գալիս ծովից, անցնում կղզու վրայով և նորից մտնում ծովը: Հիմնայինը` իմաստալին, բարի հետք թողնելն է, որպեսզի եկող սերունդները լուսավորվեն ու լուսավորեն իրենց հաջորդներին…»: Այս խոսքերը, որի հեղինակը Մարտիրոս Սարյանն է, իր «Թանգարանի զինվորը» գրքում մեջբերում է ՀՀ վաստակավոր գործիչ Շահեն Խաչատրյանը, ով  սեպտեմբերի 28-ին դարձավ 80 տարեկան: Սարյանի խոսքերը լավագույնս են բնորոշում Շահեն Խաչատրյանի 80-ամյա ուղին, որի մեծ մասը նա նվիրել է արվեստին:

Ծնվել է 1934 թվականի սեպտեմբերի 28-ին, Սիրիայի Հալեպ քաղաքում: Դեռ մանկուց երգել է եկեղեցական երգչախմբում, հետաքրքրվել նկարչությամբ: 1946 թվականին ընտանիքի հետ ներգաղթել է Հայաստան, ուսումը շարունակել Երևանի թիվ 29 միջնակարգ դպրոցում, զբաղվել է լողով: Ավարտել է Երևանի Ֆիզկուլտուրայի ինստիտուտը, 14 տարի զբաղվել մարզչական գործունեությամբ:

Թերևս այս ուղիով կընթանար Շահեն Խաչատրյանի կյանքը, եթե պատահականությունը չուրվագծեր նրա հետագա ճանապարհը: «Վարսավիրանոցում բացելով սեղանին դրված «Օգոնյոկ» հանդեսը՝ տեսա ծովային մի պատկեր: Կարդացի հեղինակի անունը՝ Այվազովսկի: Արվեստի հանդեպ մոռացության մատնված սերս հրաբխի նման հանկարծ ժայթքեց ու ալեկոծեց ինձ: Հորիզոնն ասես լուսավորվեց ու պարզ դարձավ, թե հանուն ինչի պետք է ապրել: Ամեն ինչ մղվեց երկրորդ պլան. մնաց միայն արվեստը»,-հիշում է Շահեն Խաչատրյանը:

Ամեն ինչ մղվում է երկրոդ պլան, մնում է միայն արվեստը: Եվ 1959 թվականին Շահեն Խաչատրյանը աշխատանքի է ընդունվում Հայաստանի պետական պատկերասրահ, սովորելու մեկնում Լենինգրադի գեղարվեստի ակադեմիայի արվեստաբանական բաժնում:

1967 թվականին Մարտիրոս Սարյանի առաջարկությամբ նշանակվում է Վարպետի նորաստեղծ թանգարանի տնօրեն, աշխատում մինչ 2005 թվականը:

38 տարի աշխատելով Սարյանի տուն-թանգարանում` Շահեն Խաչատրյանը կարողացել է հարստացնել թանգարանի հավաքածուն, ճանաչելի դարձնել մեծ նկարչի անունը ողջ աշխարհում` կազմակերպելով ավելի քան 120 ցուցահանդես աշխարհի տարբեր երկրներում, հրատարակելով սարյանական արվեստի մասին պատմող բազմաթիվ գրքեր ու ալբոմներ:

1990-2003թթ. Շահեն Խաչատրյանը ղեկավարել է Հայաստանի ազգային պատկերասրահը: Արվեստի վաստակավոր գործչի ջանքներով` հաջողվել է Հայաստանի թանգարանային հավաքածուները հարստացնել հայ և օտար արվեստագետների մի քանի տասնյակ գեղանկարչական ու գրաֆիկական արժեքավոր գործերով: Նշենք միայն մի քանի անուններ՝ Հովհաննես Այվազովսկի, Մարտիրոս Սարյան, Հակոբ Գյուրջյան, Էդգար Շահին, Վարդան Մախոխյան, Հակոբ Հակոբյան, Գառզու, Ժանսեմ, Բեռնար Բյուֆե, Օնորե Դոմյե, Իսահակ Լևիտան և այլք:

Շահեն Խաչատրյանը բազմաթիվ գրքերի, պատկերագրքերի հեղինակ է` «19-20-րդ դարերի հայկական արվեստ», «Ֆրանսահայ կերպարվեստ», «Հովհհանես Այվազովսկի», «Սարյան», «Պետրոս Կոնտրաջյան», «Մինաս», «Հակոբ Հակոբյան» «Ճանաչիր և սիրիր» և այլն, որոնց մի մասը հրատարակվել է նաև անգլերեն, ֆրանսերեն, իտալերեն լեզուներով:

80-ամյակը բոլորած Շահեն Խաչատրյանը, ով արժանացել է մի շարք պարգևների (ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, «Մովսես Խորենացի» մեդալ, ՀՀ սփյուռքի նախարարության «Արշիլ Գորկի» մեդալ) դեռ շարունակում է իր կյանքը արվեստին նվիրել: 2004 թվականից աշխատում է Էջմիածնի Մայր տաճարում` որպես մշակութային խորհրդական և «Խրիմյան» թանգարանի տնօրեն: Ունի, սակայն, մեկ չիրականացված երազանք, որ ճանաչված նկարիչ Արշիլ Գորկու գործերը, որոնք ցուցադրվում են Լիսաբոնի Գալուստ Գյուլբենկյան թանգարանում, վերջապես «ապաստանեն» Հայաստանում, և Էջմիածնում կազմակերպվի նրա թանգարանը:

Մնում է հուսալ, որ Շահեն Խաչատրյանի երազանքը կիրականանա և մի օր Արշիլ Գորկին «կվերադառնա» Հայաստան…

Պատրաստեց Լուսինե Աբրահամյանը

Scroll Up