Կիեւում լույս է տեսել «Ուկրաինայի տարածքում հայերի տաճարային ճարտարապետությունը» գիրքը

Կիեւում լույս է տեսել «Ուկրաինայի տարածքում հայերի տաճարային ճարտարապետությունը» գիրքը: Մարիա արսենյանի մենագրությունում ուսումնասիրվել է 160-ից ավելի հայկական շինություն, հաղորդում է AnalitikaUA.net-ը: Գիրքը հրատարակվել է «Дух і Літера» հրատարակչությունում:

Հրատարակությունը պարունակում է ուսումնասիրված աղբյուրների հսկայական ծավալ (ավելի քան 450), այն ընդգրկում է Ուկրաինայի տարածքում IX-ХІХ դդ. Հայկական եկեղեցիների ճարտարապետությունը: Այն նաեւ բնութագրում է հայկական տաճարային ճարտարապետության առանձնահատկությունները, քանդակագործությունը, սիմվոլիկան եւ զարդանախշերը:

Հեղինակը պատմում է Հայաստանի եւ Ուկրաինայի շինությունների մասին, ինֆորմացիա հաղորդում էսքիզների, քարտեզների, աղյուսակների ու լուսանկարների մասին: Գրքում կարեւորվում է Հայաստանի եւ հայ Առաքելական եկեղեցու պատմությունը ճարտարապետության պրիզմայով:

Հասարակական գործիչ Ելենա Հովհաննիսյանի կարծիքով՝ գիրքը մեծապես օգնում է ինչպես Ուկրաինայի հայկական սփյուռքի հետազոտողներին, այնպես էլ գործնականում, օրինակ, էթնո-տուրիստական երթուղիներ եւ նախագծեր ստեղծելիս:

Ինչպես հայտնի է, Ուկրաինայի հայկական միությունը՝ Վիլեն Շատվորյանի գլխավորությամբ, մեծ ուշադրություն է հատկացնում մշակույթի, գիտության եւ կրթության ոլորտներին: Ուկրաինայի հայկական միությունը տարիների աշխատանքի ընթացքում մեծ թվով բազմաժանր գրքեր է հրատարակել:

Scroll Up