Հովհաննես Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմը թարգմանվել է լեհերեն

Հուլիսի 11-ին Վարշավայում՝ Լեհաստանում ՀՀ դեսպանության և Լեհ-հայկական հիմնադրամի (Fundacja Polsko-Ormiańska) համակազմակերպմամբ, տեղի ունեցավ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված միջոցառում։ Այս մասին հաղորդում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Լեհ ընթերցողներին առաջին անգամ ներկայացվեց թարգմանչուհի Կալինա Իզաբելա Զիոլայի կողմից կատարված «Թմկաբերդի առումը» պոեմի լեհերեն թարգմանությունը։

Դեսպան Սամվել Մկրտչյանը հակիրճ անդրադարձավ հայ մեծանուն բանաստեղծի ստեղծագործական և հասարակական գործունեությանը, նրա համամարդկային խոհափիլիսոփայությանը։ Նա մասնավորապես նշեց․ «Թումանյանի ստեղծագործական ոճը՝ ձևով պարզ, սակայն բովանդակությամբ և իմաստով խորը, մշտապես առինքնող է և՛ նախորդ, և՛ ներկա սերունդներին»։

Միջոցառման ընթացքում ցուցադրվեց փաստավավերագրական ֆիլմ՝ նվիրված Հովհաննես Թումանյանին։ Կալինա Իզաբելա Զիոլայի կողմից մակագրված հրատարակության օրինակներ տրվեցին մասնակիցներին, ինչպես նաև դեսպանության կողմից տրամադրվեցին մի շարք գրադարանների։

Հավելենք, որ պոեմի թարգմանությունը նախաձեռնվել և հովանավորվել է Լեհաստանում ՀՀ դեսպանության կողմից։ Տպագրությունն իրականացրել է «Անտարես» հրատարակչությունը։

Scroll Up