«Կոլաժ» թատերախմբի նպատակը ազգային ավանդույթների պահպանումն է». Արմինե Գաբրիելյան

Ֆրանսիայի «Կոլաժ» թատերախմբի գեղարվեստական ղեկավար, դերասանուհի Արմինե Գաբրիելյանը «Հայերն այսօր»-ի հետ զրույցում մանրամասներ է ներկայացնում է թատերախմբի կողմից Հովհաննես Թումանյանի և Կոմիտաս Վարդապետի 150-ամյակին նվիրված ներկայացնումների, ինչպես նաև իրենց գործունեության մասին:

– Նախատեսվում է Հովհաննես Թումանյանի հեքիաթները ներկայացնել Ֆրանսիայի հայկական վարժարաններում: Ո՞վ է նախաձեռնության հեղինակը, ո՞րն է նպատակը և ո՞ր վարժարաններում են ցուցադրվելու: Ներկայացման մեջ ի՞նչ դերասաններ են ընդգրկված:

– «Կոլաժ» թատերախումբն արդեն մի քանի տարի է, ինչ Փարիզում  և Փարիզից դուրս ներկայացումներ է խաղում։ Մենք շատ ակտիվ մասնակցում ենք գրեթե բոլոր մշակութային ծրագրերին: Քանի որ այս տարի լրանում է Հովհ. Թումանյանի ծննդյան 150-ամյակը, մեր թատերախումբը՝ կազմակերպիչներ և հիմնադիրներ՝ Լիլիթ Մարկոսյանի, Ստեֆանի Ռաջաբյանի և Հեղինե Տեր-Օհանեսյանի հետ միասին, կազմակերպեց «Թումանյանի հեիքաթները» խորագրով ներկայացում և որոշեցինք այն ներկայացնել Փարիզում գործող բոլոր հայկական դպրոցներում։

Թիմը համալրված է ինչպես պրոֆեսիոնալ, որոնք երկար տարիների փորձ, մասնագիտական համապատասխան կրթություն ունեն, այնպես էլ սկսնակ դերասաններով, որոնք վստահ կարող եմ ասել, որ իրենց խաղով չեն զիջում արհեստավարժներին: Առանձնահատուկ ուզում եմ անդրադառնալ Ռաֆայելին. այս երեխան ծնվել է Ֆրանսիայում, հրաշալի խոսում է հայերեն, նկարահանվել է ֆրանսիական մի շարք գեղարվեստական ֆիլմերում, Հոլիվուդից վերադարձել է ոսկե և արծաթե շքանշաններով։ Առհասարակ, մեր խմբի յուրաքանչյուր երեխա մի նոր գույն ու կերպար է, Մարգուշիկը, Նոեմին, Անաբելլան, Սևանան, Սաշան, Աշոտը, Մելանին, Իզան, Արմանը, այս երեխաները սիրով ու մեծ պատասխանատվությամբ են մոտենում իրենց աշխատանքին։

Թիմի ստեղծման գլխավոր նպատակներից մեկն էլ այն է, որ հայրենիքից դուրս՝ գտնվելով երկրորդ հայրենիքում, չմոռանալ մեր հայ մեծերին, հայ մշակույթը, հայ գրականությունը: Վերհանել կարևորագույնը՝ փոքրերի և ինչո՞ւ չէ, նաև մեծերի համար, խրախուսել ազգային ավանդույթների պահպանումն ու շարունակությունը, և հայ մանուկներին տալ այն ամենը, ինչի պակասը զգում են նրանք՝ գտնվելով Հայաստանից դուրս:

– Ո՞ր հեքիաթներն են ներկայացվելու և ինչպե՞ս է կատարվել ընտրությունը: Ի՞նչ եք ցանկացել հեքիաթների միջոցով արտահայտել կամ փոխանցել երեխաներին:

– Հեքիաթների ընտրությունը մի քիչ դժվար էր, քանի որ այստեղ ունենք լեզվի հետ կապված մի փոքր խնդիր: Դպրոցներում երեխաներն ուսանում են արևմտահայերեն, և այն ավելի հասանելի է նրանց: Հետաևաբար, փորձեցի ընտրել այն հեքիաթները, որոնք կկարողանամ բեմադրել այնպես, որպեսզի արևելահայեեն, արևմտահայերեն և ֆրանսերեն լեզուներով արված մեջբերումները, երկխոսությունները չեն կորցնի թումանյանական շունչը, համն ու հոտը, ինչպես նաև այն հեքիաթները, որոնք ավելի մեծ ճանաչում ունեն ֆրանսիահայ երեխաների շրջանում՝ «Անաբան Հուռին», «Սուտասանը», «Շունն ու Կատուն»,«Կիկիոսի Մահը»։

Մանկական հեքիաթները, առաջին հերթին, խրատներ ու խորհուրդներ են երեխաներին՝ իրենց համար մատչելի օրինակով, գունավոր նկարագրություններով, հեքիաթային հերոսներով ու բազմագույն կերպարներով: Հետևաբար, մեր նախաձառնության խորհուրդը մեկն է՝ պատրաստել մանուկներին հասուն կյանքին, ճանաչելի դարձնել չարն ու բարին և տալ նրանց ընտրության հնարավորություն: Այս ամենն անում ենք ներկայացումների ընթացքում ստեղծելով անմիջական կապ, հարց ու պատասխան հանդիսատես-երեխաների հետ։ Բեմից փորձում ենք այդ ընթացքում ապահովել նաև ուրախ և զվարճալի մթնոլորտ։

– Տեղյակ եմ, որ ամռանը նախատեսում եք նաև երաժշտական ներկայացում: Կմարամասնե՞ք :

– Կայանալիք ներկայացումը լինելու է երաժշտական շոու-ներկայացում, որտեղ ելույթ է ունենալու նաև Լիդուշիկը: Այս ներկայացման գաղափարը ծնվել էր դեռ վաղուց, բայց այն շատ աշխատատար ներկայացում է, պահանջում է շատ երկար նախապատրաստական ժամանակ: Ներկայացումը բացառիկ է իր ժանրային առանձնահատկությամբ: Երկար ջանքերից հետո այն վերջապես կյանքի կկոչվի ամռանը, իհարկե, սիրված երգչուհի Լիդուշիկի օգնությամբ:

«Կոլաժ» թատերախումբը  համագործակցում է «Հայդաս» մեկօրյա վարժարանի և «Կայծ», «Նոր սերունդ» մշակութային կենտրոնի հետ:

Նպատակը մեկն է, որպեսզի ֆրանսահայ երեխաները ճանաչեն հայ սիրված երգիչ-երգչուհիներին, դերասան-դերասանուհիներին, շփվեն նրանց հետ, ծանոթանան նրանց արվեստին, և իհարկե, սա վերջինը չի լինելու, շարունակելի գաղափար է և հետագայում կհրավիրվեն շատ ու շատ հայտնի ու սիրված արվեստագետներ:

«Կոլաժ» թատերախմբի ներկայացումների շրջանակներում հաճախակի են հրավիրվում պրոֆեսիոնալ և հայտնի դերասաններ: Երկու տարի առաջ Հայաստանից ու Ռուսաստանից հրավիրել էինք դերասանուհիներ Ռուզաննա Մաթևոսյանին և Սիլվի Բարկովային, այնուհետև Ալբերտ Եզակյանին, Էդուարդ Աբրահամյանին, Ֆրունզե Գևորգյանին և Հայկ Կոտանյանին. վերջիններս շարունակում են համագործակցել մեզ հետ:

«Կոլաժ»  թատերախումբն աշխատանքի, նոր գաղափարների և մոտեցումների շնորհիվ կարճ ժամանակում շատ սիրված և սպասված է դարձել: Այդ պատճառով մենք միշտ պետք է հանդիսատեսին ներկայանանք հետաքրքիր, նորովի և չկրկնվող, թե՛ հագուստներով և թե՛ բեմի, լուսային ու ձայնային ձևավորմամբ և կարևորը՝ ասելիքով:

– Տեղյակ եմ, որ նախատեսվում են նաև Կոմիտաս Վարդապետի 150-ամյակին նվիրված միջոցառումներ: Ի՞նչ միջոցառումներ են և որտե՞ղ են կայանալու:

– Փարիզի Ալֆորվիլ քաղաքի քաղաքապետարանի կողմից ստացանք առաջարկ՝ բեմադրելու Կոմիտաս Վարդապետի 150-ամյակին նվիրված ներկայացում։ Այս առիթով ևս, մեր թատերախումբը ջանքեր չի խնայելու, որպեսզի ներկայացումը անցնի բարձր մակարդակով: Սա հրաշալի առիթ է ևս մեկ անգամ ներկայանալու հայ և ֆրանսիացի հանդիսատեսին։

Արդեն իսկ պիեսի աշխատանքներն ավարտված են: Բացելով փակագծեր՝ ասեմ, որ հատուկ այդ միջոցառման համար Մոսկվայից հրավիրելու ենք մեր հայրենակից,  դերասան և ռեժիսոր Խորեն Չախալյանին, որն այժմ աշխատում է Մոսկվայի թատրոններից մեկում: Նա լինելու է միջոցառման հեղինակ-ռեժիսորը: Ներկայացումը կկայանա աշնանը, իսկ մանրամասների մասին կխոսենք ավել ուշ:

Լուսինե Աբրահամյան

Scroll Up