Մեսրոպյան տառերն ու տյումենաբնակ երեխաները

               «Տեսիլքից են ծնվել տառերը մեր,

                 Հողմերով են սնվել տառերը մեր,

                 Ջրդեղվել են, դարձել երկաթագիր,

                 Քարերին են գրվել տառերը մեր…

                Երբ փորձել են ջնջել ու եղծանել,

                Կայծակին են տվել տառերը մեր…»:

Այո´, հազարավոր փոթորիկներ են անցել Հայաստանի վրայով, բայց ո´չ մի արհավիրք չի՛ կարողացել հայի հոգուց խլել նրա գիրը,  լեզուն,  հավատը։ Մաշտոցի հրաշք հայտնագործությունը դարձավ մեր զենքը, մեր գոյության, մեր հավերժության առհավատչյան։ Ավարայրի դաշտում  մեր տառերը Վարդանանց հետ կռվել են ոսոխի դեմ, ինքնության անջնջելի կնիքը դրել։  Աստվածատուր այդ գրերով է հունդ ցանվել, առատ բերք ստեղծվել։ Նրանք հայի հոգում ապրել են կենսատու արյան պես, լուսեղեն  ուժ են դարձել նրա սրտում։ Եվ լույս աշխարհ եկող ամեն մի մանկան  ու մոր շնչին միաձուլվել են նաև մեր գրերի շունչն ու ոգին։ Աստվածատուր այդ տառերով ենք մրմնջում աղոթքը մեր հոգու։

                 « Դու՝ սեր առաջին, առաջին մորմոք, առաջին աղոթք,

                   Որ տառապանքով փոխվեցիր բառի ու դարձար լեզու,

                   Ու երբ «Հայրենիք» անունը տվինք հողին այս քարոտ,

                   «Մայրենի» դրինք անունը քո սուրբ»։

Իսկ այսօր, Մայր Հայաստանից այսքան հեռու գտնվող Տյումեն քաղաքում տոն է ու խնդություն։ Դարերի խորքից սկիզբ առած մեր գիրն ու տառն արմատներ են գցել օտար հողում բնակվողներիս զավակների հոգիներում և ծլարձակվել։

Առաջին դասարանցիները սովորել են հեգել «այբ-բեն-գիմ»-ն ու այբուբենի՝ սովորական թվացող տոնն իրենց սիրելի ուսուցչուհի Լուսինեի հետ վերածել են մեր սուրբ գրերի երկրպագության մեծ ծիսակատարության։ Մեսրոպյան հրաշագեղ  տառերով են նրանք առաջին անգամ  կազմել «մայր», «հայ», «Հայաստան», «հայր», «հայրենիք» բառերը, որոնք հայի համար սրբություններ են դարերով համարվել։

Դահլիճը դարձել է փոքրիկ մի Հայաստան, ուր թևածում են հայերեն տառերն ու գրերը, երգն ու պարը, հուզիչ ասմունքը, ուր ամեն ինչ բուրում է հայերեն, ուր մեզ մոր պես փաթաթվում, գգվում  է աներևույթ մի զգացում, որը քաղցր է ու թանկ։ Դա… կարո՜տն է…

Մեսրոպյան շնչով է հագեցած ողջ միջոցառումը ու, կարծես, ամեն տառից ու գրից մեզ են նայում ու ժպտում Մեսրոպ Մաշտոցն ու Սահակ Պարթևը։ Առաջին դժվարությունները հաղթահարած աշակերտները, կարծես, դարձել են «Այբբենարանի» ամենամտերիմ, հարազատ ընկերն ու բարեկամը։ Նրանց առաջ հայոց այբուբենը լուսավոր պատուհան է բացել դեպի նոր աշխարհ, ուր ամեն ինչ լուսավոր է,  գեղեցիկ ու հարազատ։ Մաշտոցի վառած լույսով է լցված երեխաների սրտերը, որը և առատորեն բաժանում են ներկաներիս ու ջերմացնում  մեր հոգիները։

Այսօր ևս մեկ անգամ համոզվեցինք, որ հայոց այբուբենը հավերժի ճամփորդն է, իսկ այս հրաշալի երեխաները՝  նրա հետնորդները։

Համոզվեցինք նաև, որ հայրենիքից այսքան հեռու, այս ցուրտ աշխարհում, երբ ուսուցիչ–աշակերտ–ծնող սերտ կապը կա, երբ այսպես միասնական ենք, մենք կա՛նք, կլինե՛նք ու կբազմանա՛նք։

Ցտեսությու՛ն,  « Այբբենարա՛ն»  սիրելի ։

Մ. Առաքելյան

Scroll Up