Ապրելու ապրիլ՝ ԱՄՆ Սրբոց Ղևոնդյանց Մայր Տաճարում

Ապրիլի 27-ին Հյուսիսային Ամերիկայի Հայոց թեմի Առաջնորդանիստ  Սրբոց Ղևոնդյանց Մայր Տաճարի «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա դպրոցի աշակերտները՝ շուրջ 300 հոգի, ուսուցչական կազմը, տնօրենությունը, ծնողները և հյուրերը հավաքվել էին եկեղեցում՝ Հայոց ցեղասպանության նահատակներին ոգեկոչման ու հիշատակության արժանացնելու համար:

Ինչպես «Հայերն այսօր»-ին Լոս Անջելեսից հատնում է Գայանե Գևորգյանը, բացման խոսքով հանդես եկավ եկեղեցու հոգևոր հովիվ, արժանապատիվ տեր Խաժակ քահանա Շահբազյանը, որը պատմական համառոտ ակնարկ կատարեց Ցեղասպանության թեմայի շուրջ՝ կարևորելով օրվա խորհուրդը:

Ինչպես միշտ, առանձնահատուկ խորհրդով լի էր Հայոց թեմի առաջնորդ,  գերաշնորհ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի պատգամը: Սրբազան Հայրն իր օրհնությունը բաշխեց աշակերտներին, բոլոր ներկաներին՝ խնդրելով սուրբ նահատակների բարեխոսությունը, այն անմեղ մարդկանց, որոնք նահատակվեցին հանուն հավատի ու անկոտրում կամքի, որոնք արհամարհեցին տարատեսակ հալածանքներն ու զրկանքները՝ գերադասելով արժանապատիվ մահը կյանքի փոխարեն:

Այսպիսի վարքի օրինակն է, որ օգնում է մեզ արժևորել մեր ինքնությունը նոր լույսի ու հույսի ներքո: Այսօրինակ իրողությունն է, որ մեզ ստիպում է կարևորել մեր ազգի ինքնությունն ու հավատքը, ճիշտ գնահատել մեզ պարգևած յուրաքանչյուր օրն ու վայրկյանը:

Առաջնորդ Հովնան Սրբազանը հորդորեց նաև աշակերտներին լավ սովորել, սերտել հայոց պատմությունը, ապացուցել հայի պայքարի ու գոյատևման հաստատակամությունը, աղոթել իրարու համար, լինել միաբան ու միասնական, զորավիգ լինել մեր համայնքի, հայրենի երկրի ու եկեղեցու շենացմանը:

Ապա աշակերտները Սրբազան հոր հետևողությամբ միասնական աղոթք բարձրացրեցին։ Միջոցառման տրամաբանական ավարտը փոխադրվեց Մայր Տաճարին կից «Սրբոց Խաչքար»-ի հուշարձանի մոտ, որտեղ աշակերտները ծաղիկներ խոնարհեցին՝ հարգանքի տուրք մատուցելով անմեղ զոհերի հիշատակին՝ հատկապես հայ մանուկների, որոնք մարտիրոսվել էին 1915թ.-ին։

Փոքրիկ հայրենասերների հուզումնալից հայացքներում, ասես, ուրվագծվում էր յուրահատուկ ուխտ, որ «ամեն ինչ պիտի անենք, որպեսզի աշխարհում այլևս անմեղ զոհեր չլինեն, որ աշխարհի երեսից իսպառ վերանա հանցագործությունների հանցագործությունը՝ Ցեղասպանությունը»:

Օրվա խուրհուրդը շարունակվեց դասարաններում՝  վաղվա օրը բարի գործերով կերտելու համոզմամբ:

Հավերժ խնկարկում անմեղ զոհերի սուրբ հիշատակին…

Scroll Up