Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչող միջոցառում Իտալիայի Բարի քաղաքում

Ապրիլի 24-ին Իտալիայի Բարի քաղաքի «Պուլիայի հայկական ասոցիացիա»-ն հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Միջոցառումը բազմամարդ է եղել: Ներկա են եղել տարբեր ազգերի ներկայացուցիչներ՝ իտալացիներ, հայեր, սիրիացիներ, ռումինացիներ:

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են կազմակերպիչները, միջոցառումը տեղի է ունեցել Բարի քաղաքի հայկական խորհրդանիշ համարվող Խաչքարի մոտ, որը 2003 թվականին քանդակել է պրոֆեսոր Աշոտ Գրիգորյանը՝ Երևանի Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի հիմնադիր տնօրենը:

Միջոցառման ժամանակ իտալերեն և հայերեն աղոթքներ են հնչել և ընթերցվել Համո Սահյանի, Պարույր Սևակի բանաստեղծություններից: Կատարվել են Կոմիտասի երգերից և Երևանի «Երևան-Էրեբունի» օրհներգը:

Միջոցառման ավարտին բանաստեղծ Հրանտ Նազարյանցի գրվածքներից որոշ հատվածներ են ընթերցվել: Վերջինս գրականության Նոբելյան մրցանակի թեկնածու է եղել և 1913-1962 թվականներին ապրել է Բարիում:

Հավելենք, որ «Պուլիայի հայկական ասոցիացիա»-ն ղեկավարում է բարիահայ գործարար Ռուբեն Թիմուրյանը, փոխնախագահն է Լեչչեում գտնվող Սալենտոյի համալսարանի արաբերեն լեզվի և գրականության դասախոս Գեղամ Ջ. Բոլոյանը, քարտուղարն է` իտալերենի ուսուցիչ, Իտալիայի և Հայաստանի քաղաքացիություն ունեցող Կարլո Կոպպոլան:

Ասոցիացիայի նախագահ Ռուբեն Թիմուրյանը

Ասոցիացիայի կանանց ներկայացուցչությունը

Scroll Up