«Իր պատմական հայրենիքից զրկված հայը կարողացավ դառնալ Հայաստան պետության դեսպանն ամենուր». Բաբկեն Տեր Գրիգորյան

ՀՀ սփյուռքի նախարարի պարտականությունները կատարող Բաբկեն Տեր Գրիգորյանի ուղերձը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր ապրիլի 24-ն է, և մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Այսօր մենք, ինչպես և շատ շատերն ամբողջ աշխարհում, գլուխ ենք խոնարհում և հիշում 104 տարի առաջ կատարված համամարդկային ողբերգությունը, որը հայ ժողովուրդը կարողացավ վերապրել՝ աշխարհասփյուռ դառնալով և երկրագնդի ամեն անկյունում կառուցելով իր տունը, շենացնելով իր բնակության վայրը, պահպանելով ինքնությունը, լեզուն, կրոնը, կապը հայրենիքի հետ: Իր պատմական հայրենիքից զրկված հայը կարողացավ դառնալ Հայաստան պետության դեսպանն ամենուր՝ աչքի ընկնելով իր աշխատասիրությամբ, ազնվությամբ, նվիրվածությամբ: Կրակից, մոխիրներից, արյունից վտարանդի հայը կարողացավ նորից արմատ գցել ու ապրիլը դարձնել ապրելու ու հաղթելու ամիս:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Ձեզնից շատերը Հայոց ցեղասպանությունը վերապրածների շառավիղներ են, ամեն մեկն իր ընտանիքի պատմությունն ու ոդիսականն ունի: Այսօր մենք ցանկանում ենք սփյուռքի հետ համահայկական օրակարգ մշակել, որում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացն առանցքային տեղ է ունենալու: Այդ գործընթացում հայկական սփյուռքի դերն անգնահատելի է:

Այսօր մեր երախտիքի խոսքը մեկ անգամ ևս ասենք բոլոր այն անհատներին ու ժողովուրդներին, որ գրկաբաց ընդունեցին Հայոց ցեղասպանության գաղթական զավակներին: Այսօր եկեք շնորհակալ լինենք բոլոր նրանց, ովքեր աշխարհի շատ ու շատ երկրներում հասկանում են մարդկության դեմ գործած հանցագործությունների կանխարգելման կարևորությունը և մեր կողքին են այդ պայքարում: Մենք պաշտպանելու ենք մեր արդար դատը և միջազգային ատյաններում պայքարելու ենք ինչպես Հայոց ցեղասպանության ճանաչման, այնպես էլ ցեղասպանություն հանցագործության կանխարգելման ու պատժման համար:
Այս օրը մեզ համար հատուկ խորհուրդ ունի: Այն նախևառաջ մեզ պատգամում է միասին զարգացնել մեր պետությունը, քայլել կողք կողքի, աջակից ու սատար լինել միմյանց, լինել արժանի քաղաքացի ու պահպանել սեփական ինքնությունը սփյուռքում և Հայաստանում:

Scroll Up