Հայոց ցեղասպանության մասին ամերիկյան մամուլում հրապարակված հոդվածները 5-հատորյակում

Հայաստանի ամերիկյան համալսարանի Ալեք Մանուկեան սրահում ապրիլի 9-ին տեղի ունեցավ Մխիթարյան միաբանության անդամ Հայր Վահան ծայրագույն վարդապետ Օհանյանի և ավստրալահայ գիտաշխատող Արա Քեթիպյանի աշխատասիրությամբ կազմված «The Armenian Genocide: Prelude and Aftermath. As reported in the U.S. Press» («Հայոց ցեղասպանություն. նախերգանք և հետգրություն: Հաղոդումներ ամերիկյան մամուլում») բազմհատորյակի 5 հատորների շնորհանդեսը: Ժողովածուները կազմված են 1890-1922 թթ․ամերիկյան մամուլում հրապարակված Հայոց ցեղասպանության մասին հոդվածներից: Անգլերեն հրատարակված հինգ հատորներում անդրադարձ է կատարվում ամերիկյան կարևորագույն օրաթերթերի՝ The New York Times, The Boston Daily Globe և The Christian Science Monitor, էջերում տեղ գտած հոդվածներին: «The New York Times»-ը պարունակում է 2666, «The Boston Daily Globe»-ը՝ 1840, իսկ «The Christian Science Monitor»-ը՝ 2190 հոդված, ընդհանուր՝ 6696: Հատորների ստեղծման վրա հեղինակներն աշխատել են 12 տարի:

Ձեռնարկը կազմակերպել էր Հայաստանի ամերիկյան համալսարանի Հայ մատենագրության թվանշային գրադարանը՝ ծրագրի գիտական ղեկավար Մերուժան Կարապետյանի գլխավորությամբ: Վերջինս, հատորների ստեղծման պատմությունը և հեղինակներին ներկայացնելուց հետո, խոսքը փոխանցեց ելույթ ունեցողներին:

Գիտական զեկույցներով և ելույթներով հանդես եկան ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը, թուրքագետ Վահրամ Տեր Մաթևոսյանը, «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը,  Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը և այլք:

Սփյուռքի նախարարի տեղակալ Դավիթ Սարգսյանը շնորհավորեց գրքի հեղինակներին, նրանց աջակիցներին և հովանավորներին՝ գիտական մեծ արժեք ներկայացնող հրատարակության առթիվ, և կարևորեց այն՝ որպես Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, դատապարտման և հետևանքների վերացման ուղղությամբ իրականացված գիտական ուսումնասիրություն, որն ունի նաև պատմագիտական, քարոզչական հսկայական նշանակություն և կոչված է ապահովելու ներկա և գալիք սերունդների տեղեկացվածությունը: Դավիթ Սարգսյանը արժևորեց նաև բազմհատորյակն անգլերեն հրատարակելը, որը հնարավորություն կտա նաև օտարազգի ընթերցողներին ծանոթանալու ամերիկյան թերթերում՝ Հայոց ցեղասպանության մասին հրապարակված նյութերին, իսկ ուսումնասիրողներին՝ օգտագործելու դրանք որպես սկզբնաղբյուր:

Դավիթ Սարգսյանը նշեց, որ հիշյալ հատորները շարունակությունը դարձան դեռևս 2011թ. Հայր Վահան ծայրագույն վարդապետ Օհանյանի համահեղինակությամբ և Սփյուռքի նախարարության աջակցությամբ անգլերեն լույս տեսած «Հայերն օսմանյան կայսրության վերջալույսին» աշխատության, որը ներառում է 1890-1914 թթ. ամերիկյան մամուլում տեղ գտած Հայոց ցեղասպանության մասին  արխիվային նյութեր:

Դիմելով Հայր Վահան ծայրագույն վարդապետ Օհանյանին և Արա Քեթիպյանին՝ սփյուռքի փոխնախարարը հավելեց. «Հոգեշնորհ Հայր, հարգարժան պարոն Քեթիպյան, մենք տեղեկացված ենք ձեր կողմից հավաքագրված և ուսումնասիրված հսկայածավալ տեղեկագրական նյութերի մասին, որի արդյունքում կունենանք 10 հատոր: Սա, հիրավի, անգնահատելի գործ է, ազգանվեր ձեռնարկ, համբերատար աշխատանքի, անմնացորդ նվիրումի վառ արտահայտություն: Թույլ տվեք ՀՀ սփյուռքի նախարարի պարտականությունները կատարող պարոն Բաբկեն Տեր Գրիգորյանի և աշխատակիցների անունից սրտանց շնորհավորել հատորների հրատարակման առիթով, մաղթել գիտաստեղծագործական նորանոր նվաճումներ»:

Այնուհետև Դավիթ Սարգսյանն Արա Քեթիպյանին հանձնեց սփյուռքի նախարարության և Մխիթարյան միաբանության համատեղ «Հակոբ Մեղապարտ» մեդալը: Հիշեցնենք նաև, որ Մխիթարյան միաբանության 300-ամյակի առիթով Հայր Վահան ծայրագույն վարդապետ Օհանյանը պարգևատրվել է սփյուռքի նախարարության Ոսկե մեդալով:

Հոդվածների հավաքագրման և մշակման աշխատանքները շարունակվում են, առաջիկայում հեղինակները սեղանին կդնեն ևս հինգ հատոր:

Ընդհանուր նախագիծն ընդգրկում  է 10 հատոր, որոնց մեջ նախատեսված է ընդգրկել ամերիկյան վեց առաջատար թերթեր՝ «The New York Times», «The Boston Daily Globe», «The Chicago Daily Tribune», «The Chris-tian Science Monitor», «The Los Angeles Times» և «The Washington Post»:

Հատորները չեն վաճառվում, դրանք նախատեսված են համալսարանների, գրադարանների և մասնագիտական կենտրոնների համար: Աշխատությունները լավագույն սկզբնաղբյուրն են ուսումնասիրություններ կատարելու համար: Գրքերը շուտով կտրամադրվեն ընթերցողներին նաև էլեկտրոնային տարբերակով:

Scroll Up