«Ռուսաստանի հայկական սփյուռքը մեզ համար կարևոր է». Բաբկեն Տեր Գրիգորյան

«Հայերն այսօր»-ը ներկայացնում է Սփյուռքի նախարարի պարտականությունները կատարող  Բաբկեն Տեր Գրիգորյանի` ՌԴ «Նոյյան Տապան» թերթին տված հարցազրույցը:

-Հայաստանի կառավարությունը ի՞նչ վերաբերմունք ունի հայկական սփյուռքի, մասնավորապես` ռուսաստանյան սփյուռքի նկատմամբ:

Բնականաբար հեղափոխությունից հետո կառավարության վերաբերմունքն արմատապես փոխվել է սփյուռքի նկատմամբ:Նախևառաջ փոխվել են սփյուռքի մասին մեր ընկալումները, գործակցության հեռանկարներն ու ուղղությունները: Այն միակողմանի թելը, որ երկար ժամանակ ձգվել է սփյուռքից դեպի հայրենիք, այլևս չկա: Դրա փոխարեն ստեղծվում է կամուրջ, որը Հայաստանին՝ որպես հայրենի պետություն, կդարձնի սփյուռքի գործընկերն ու աջակիցը, և սփյուռքին կմոտեցնի Հայաստանին: Սակայն այս ամենի մեջ մենք դեռ խնդիր ունենք հասկանալու՝ իսկ ի՞նչ է սփյուռքն իր ամբողջ խորության մեջ, որո՞նք են նրա բազմահազար շերտերը, արդյո՞ք մենք ճանաչում ենք այն իր բազմազանության տեսանկյունից և ընկալու՞մ ենք այդ բազմազանությունը որպես առավելություն և ներուժ: Այսօր մենք քայլ ենք անում այս հարցերի պատասխանները ուրվագծելու, գտնելու, ուսումնասիրելու համար, վերջապես քարտեզագրելու սփյուռքը՝ այն հսկայական համաշխարհային ցանցը, որ մենք ունենք, և որը Հայաստանին չկապելը կարող է անդառնալի հետևանքեր ունենալ և՛ Հայաստանի, և՛ սփյուռքի համար: Այսինքն, այսօր մենք գնում ենք փոխճանաչության, երկկողմանի գործակցության ու աջակցության, ներուժի վերհանման, սփյուռքի յուրաքանչյուր ներկայացուցչին մեզ համար հավասար գործընկեր, հավասար քաղաքացի դիտարկելու ճանապարհով:

Ինչ վերաբերում է Ռուսաստանի հայկական սփյուռքին, նշեմ, որ այն մեզ համար անչափ կարևոր համայնք է՝ հաշվի առնելով համայնքի մեծությունը, ներուժը և առանձնահատկությունները: Սակայն համայնքի հետ աշխատանքերում թերացումներ կան, համագործակցությունը սերտ չէ, այդ իսկ պատճառով արդեն իսկ սկսել ենք համայնքային միությունների, կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպումները, մշակում ենք միասնական օրակարգ:

-Ի՞նչ նպատակ է հետապնդում սփյուռքի նախարարության վերակազմավորումը և արդյո՞ք այն բացասական ազդեցություն չի ունենա կառույցի հետագա աշխատանքի վրա:

Ինչպես արդեն գիտեք, նախարարությունը վերակազմավորման ճանապարհով ենթարկվում է կառուցվածքային փոփոխությունների՝ այլևս չգործելով որպես նախարարություն և դառնալով Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ վարչապետի աշխատակազմում: Այն գտնվելու է վարչապետի անմիջական ենթակայության ներքո, հանձնակատարը լինելու է վարչապետի ներկայացուցիչը սփյուռքում, իսկ գրասենյակը մշակելու է սփյուռքի հետ աշխատանքի քաղաքականությունն ու ռազմավարությունը, կոորդինացնելու, վերահսկելու  և մշտադիտարկելու է 12 նախարարությունների՝ սփյուռքի մասով ծրագրերը, ամրապնդելու է կապը համայնքների հետ: Սա նոր, բացառիկ ինստիտուտի ներդրում է՝ կառավարման ավելի արդյունավետ մոդելով, և որի գոյությունն արդեն իսկ ազդակ է, որ Հայաստան-սփյուռք գործակցությունն ըստ էության մեզ համար բացառիկ նշանակություն ունի: Սակայն պետք է նշել, որ մենք չեն զրոյացնում մինչ այս ստեղծված կապերն ու հարաբերությունները, ընդհակառակը, արդեն ստեղծվածի հիման վրա այս գրասենյակը դառնում է Հայաստան-սփյուռք կապի ամենօրյա կամուրջ, ավելի ճկուն ու ակտիվ համագործակցության հարթակ: Այս քայլով փորձ է արվում սփյուռքի հետ հարաբերությունները տեղափոխել ավելի բարձր մակարդակ, որտեղ կքննարկվեն համազգային միասնական օրակարգին հասնելու հեռանկարները: Առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ պետության կողմից փորձ է արվում նաև թիկունք կանգնել սփյուռքին՝ հզորացնելով ու ամրապնդելով համահայկական ազգային, հոգևոր, գիտակրթական, մշակութային և այլ կառույցները ու բարձրացնելով  համահայկական խնդիրների լուծման գործում նրանց դերակատարությունը, պահպանելով հայկական ինքնությունը:

Գրասենյակը աշխատելու է 4 ուղղությամբ՝ հայրենադարձություն և ինտեգրում, հայապահպանություն և համայնքներին աջակցություն, համահայկական օրակարգի ձևավորում և սփյուռքի ներուժի նպատակային օգտագործում Հայաստանի զարգացման գործում: Կարևոր է նաև, որ հանձնակատարն այլևս կաշկանդված չի լինելու նախարարական սահմանափակումներով, հաճախ է լինելու համայնքներում, շփվելու է սփյուռքի տարբեր շերտերի հետ՝ հիմք ընդունելով բացառապես հավասարության սկզբունքը: Այսպիսով՝ կարող ենք վստահորեն պնդել, որ այդ փոփոխությունը բացասական ազդեցություն ունենալ չի կարող:

-Ի՞նչ ուղղությամբ է աշխատանք տարվում սփյուռքի մեր հայրենակիցների հետ:

Անցած տարի մենք իրականացրինք «Քայլ դեպի տուն» և «ՆերՈւժ» ծրագրերը, որոնք նախատեսվածմ էին սփյուռքի պատանիների, երիտասարդների համար: Թիրախավորվեց հատկապես սփյուռքի երիտասարդությունը, որովհետև նախորդ տարիների նախարարության կապը երիտասարդ շրջանակների հետ թույլ  էր եղել: 400-ից ավելի պատանիներ միաժամանակ եղան Հայաստանում, կրթական ծրագրին զուգորդված ճանաչեցին նաև իրենց հայրենիքը: 8 ստարտափեր տեղափոխվեցին Հայաստան, այժմ հաստատվել են այստեղ և շուտով կգործեն: Մեզ համար առաջնային է մնում հայապահպանության խնդիրը, մասնագիտական հայրենադարձության խրախուսումը: Ինչես նշեցի, նոր ստեղծվող գրասենյակն իր ուղղություններն ունի, սակայն այն ծրագրեր չի իրականացնելու, յուրաքանչյուր նախարարություն իր ոլորտային լիազորությունների շրջանակներում իրականացնելու է սփյուռքին առնչվող նպատակային ծրագրեր, գրասենյակը կոորդինացնելու է դրանք և մշտադիտարկելու՝ բարձրացնելով արդյունավետությունը:

-Ներկայացրեք համագործակցության ծրագրերը` ներառյալ կրթական ոլորտին առնչվողները:

Ծրագրերի մասին, կարծում եմ, նպատակահարմար է խոսել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ստեղծումից հետո: Տարբեր համայնքերի հետ քննարկելով կրթական խնդիրները, պահանջներն ու արդյունավետ ուղիները՝ Կրթության և գիտության նախարարության հետ համատեղ կմշակվեն ծրագրեր, դրանք կլինեն դասագրքերի մշակման, առաքման կամ այլ աջակցության տեքսով, պարզ կլինի ժամանակի ընթացքում:

-Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի վարկանիշը սփյուռքի տարբեր ԶԼՄ-ներում և, ըստ Ձեզ, պետք է արդյո՞ք քայլեր ձեռնարկել դրա բարձրացման ուղղությամբ:

– Գիտեք, ես հարցն այլ կերպ կձևակերպեի: Սփյուռքի լրատվամիջոցներում Հայաստանը ներկա է, սակայն մենք այդ ներկայությունը բովանդակային մասով լրացնելու, հարստացնելու, Հայաստան պետությունն իր բոլոր հնարավորություններով, առօրյայով ցույց տալու խնդիր ունենք: Այժմ սկսել ենք ասուլիսների շարք, երբ սփյուռքի տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչներ հղում են իրենց հետաքրքրող հարցերը, ես փորձում եմ դրանց քիչ թե շատ սպառիչ պատասխաններ տալ: Եվ համահայկական օրակարգի ձևավորման, խնդիրները ճիշտ հասկանալու ճանապարհին սա հիմնավոր քայլ է: Սփյուռքի լրատվամիջոցներն լրահոսի ստեղծման իրենց մեխանիզմներն ունեն, մենք պարզապես պիտի կարողանանք ավելի սերտորեն համագործակցել, մեծացնել Հայաստանից գնացող լրատվության ծավալները նաև արևմտահայերենով և օտար լեզուներով, մշտապես կապի մեջ լինել լրատվամիջոցների խմբագիրների հետ, մտածել համատեղ հավաքների, քննարկումների նոր ձևաչափերի մասին:

Scroll Up