«Պատիվ ունեմ դառնալու առաջին հայ կին պատգամավորն Արաբական աշխարհում». Նորա Արիսյան  

Կանանց համաշխարհային օրվա կապակցությամբ Դամասկոսում հրատարակվող սիրիական՝ կանանց համար նախատեսված «Զահրեդ աս Սաուսանե» ամսագիրը հարցազրույց է ունեցել Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավոր, Սիրիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական հանձնաժողովի նախագահ դոկտոր Նորա Արիսյանի հետ:

Պտգամավորի կենսագրությունը ներկայացնելուց հետո անդրադարձ է կատարվել Սիրիայի քաղաքական կյանքում սիրիացի կնոջ մասնակցությանը և ներկայությանը: Այս առիթով Արիսյանն ասել է. «Պատիվ ունեմ դառնալու առաջին հայ կին պատգամավորն Արաբական աշխարհում»:

Սիրիա-Հայաստան հարաբերությունների մասին հարցմանն ի պատասխան Արիսյանը մանրամասն ներկայացրել է երկու երկրների պատմական հարաբերությունների մակարդակը և նշել, որ դիվանագիտական հարաբերություններն իրավական հիմք են հանդիսացել այդ հարաբերություններն ամրապնդելու գործում:

Սիրիայում հայերի ներկայությանը վերաբերող հարցին Նորա Արիսյանը պատասխանել է, որ սիրիահայերը սիրիացի քաղաքացիներ են և հպարտանում են իրենց քաղաքացիությամբ՝ միաժամանակ պահպանելով իրենց լեզուն և մշակույթը միությունների, եկեղեցիների և դպրոցների միջոցով: Պատգամավորն ընդգծել է սիրիահայերի մեծ ներդրումը Սիրիայի կյանքի տարբեր ոլորտներում, շեշտելով, որ Հայոց ցեղասպանությունից հետո թրքացման քաղաքականության դեմ պայքարի ընթացքում հայերի և սիրիացիների հարաբերություններն ավելի ամրապնդվեցին: «Սիրիահայերը մնում են համերաշխության վառ օրինակ և շարունակում են իրենց մասնակցությունը բերել Սիրիայի կառուցման և բարգավաճման մեջ՝ որպես սիրիական հասարակության մասնիկ»,-ասել է հայազգի պատգամավորը:

Սիրիացի կնոջ մասին հարցմանը Նորա Արիսյանը պատասխանել է, որ այն առկա է օրենսդիր իշխանության օրակարգում՝ կոչ ուղղելով ավելի մեծ ներկայություն ունենալու հնարավորություններ ստեղծել:

Scroll Up