«Հայաստանն իր գույներով շատ կանչող է». սիրիահայ Մանո Բրուտյան

 զրուցակիցը սիրիահայ մարզիչ, բոդիբիլդեր Մանո Բրուտյանն է, որը հայրենադարձվել է 2005 թվականին: Մանոն հայտնի մարզիչ է Երևանում, իսկ 2017 թվականին Սևծովյան երկրների բոդիբիլդինգի առաջնությունում գրավել է առաջին հորիզոնականը:

– Մանո´, որտեղի՞ց են սերում Ձեր արմատները:

– Երկու կողմից էլ արմատներով Այնթապից եմ, սակայն ծնողներս ծնվել են Հալեպում: Հայրս աշխատանքի բերումով տեղափոխվել է Սաուդյան Արաբիա, ես այնտեղ եմ ծնվել: Մինչև 4 տարեկան ապրել եմ այնտեղ: Սաուդյան Արաբիայում հայկական դպրոցներ և եկեղեցիներ չլինելու պատճառով՝ վերադարձանք Հալեպ: Հաճախել եմ Զավարյան վարժարան, որից հետո 2002-2004 թվականներին ծառայել եմ բանակում:

– Ի՞նչը Ձեզ բերեց Հայրենիք:

2005 թվականի գարնանը ընտանիքով եկանք Հայաստան. պատճառը հայրիկիս աշխատանքն էր: Սկզբնական շրջանում, գրեթե 7 տարի, սիրողական հաճախում էի մարզասրահ: Այնուհետև սկսեցի աշխատել և հասցրեցի ձեռք բերել 3 հավաստագիր` որպես լավագույն մարզիչ:

– Մանո՛, ինչպե՞ս կատարեցիք Ձեր առաջին քայլերը դեպի բոդիբիլդինգ:

– Զբաղվելով սպորտով՝ հասկացա, որ ինձ ավելին է պետք: 2015 թվականին Հայաստանում անցկացվեց բոդիբիլդինգի մրցույթ, ես նույնպես մասնակցեցի` գրավելով 6-րդ հորիզոնականը: Քանի որ առաջին անգամ էի մասնակցում, այն ինձ մեծ փորձառություն տվեց այդ ոլորտում: Թեև որոշակի բարդույթներ ունեի, քանի որ ներկայանում ես մարդկանց, հանդիսատեսին և ցուցադրում մկաններդ, ինչը պետք է փորձես անել պրոֆեսիոնալ կերպով: Անկախ այս ամենից, որոշեցի ավելի զարգացնել հմտություններս այս մարզաձևում:

– Բոդիբիլդինգում դուք գրանցել եք մի շարք հաջողություններ, կպատմե՞ք այդ մասին:

– 2017 թվականին Հայաստանի բոդիբիլդինգի մրցույթում գրավեցի առաջին հորիզոնականը: Ամիսներ անց մասնակցեցի Սևծովյան երկրների բոդիբիլդինգի մրցույթին, որը տեղի ունեցավ Վրաստանում: Հայաստանից մասնակցում էինք 5 մարզիկ: Իսկ մրցույթին, ընդհանուր առմամբ, շուրջ 12 երկրի 50 մարզիկ էր մասնակցում: Ես ներկայացնում էի դասական բոդիբիլդինգը` գրավելով առաջին հորիզոնականը: Այս հաղթանակը մեծ իրադարձություն էր իմ կյանքում, դրանից հետո ավելի վստահ էի կատարում քայլերս այս մարզաձևում:

Վերադառնալով Հայրենիք՝ ես ու ընկերս սկսեցինք պատրաստվել բոդիբիլդինգի եվրոպական առաջնությանը, որը կայանալու էր 2017 թվականի սեպտեմբերին: Ինձ համար 2017 թվականը, իրավամբ, համարվեց բոդիբիլդինգի տարի: Առաջնությունը կայացավ Բարսելոնա քաղաքում, ես հանդես եկա 70-75 կգ քաշային կարգում: Շուրջ 100 մասնակիցներից գրավեցի 11-րդ հորիզոնականը: Նշեմ, որ 2017 թվականի հոկտեմբեր ամսին մասնակցեցինք Պրահայում անցկացվող առաջնությանը, որտեղ ներկայացա 75-80 կգ քաշային կարգում: Այս մրցույթում շուրջ 75 մասնակիցներից գրավեցի 10-րդ հորիզոնականը: Նոյեմբեր ամսին Հայաստանում անցկացվեց բոդիբիլդինգի բաց առաջնություն, որտեղ գրավեցի 2-րդ հորիզոնականը:

-Ի՞նչ է տվել Ձեզ բոդիբիլդինգը:

Բոդիբիլդինգն ինձ տվեց ամեն ինչ, թե´ անձնական կյանքում, թե´ գործնական: Այն ինձ տվեց ինքնավստահություն:

– Ինչպե՞ս կգնահատեք Հայրենիք-Սփյուռք կապերը:

– Հաստատ կարող եմ ասել, որ Կառավարությունը անում է ամեն ինչ` բարելավելու Հայաստան-Սփյուռք կապերը: Ես այս տարիների ընթացքում համոզվեցի այդ հարցում: Սփյուռքի նախարարությունը մեծ ուշադրություն է դարձնում սիրիահայության խնդիրներին: Որպես հայրենադարձ կարող եմ ասել, որ Հայաստանն այն երկիրն է, որտեղ պատկերացնում եմ ինքս ինձ: Ես ունեմ համաշխարհային մարզիչի հավաստագիր, որով կարող եմ հանգիստ աշխատել Եվրոպայում կամ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, սակայն Հայաստանն իր գույներով շատ կանչող է:

Սևադա Սաֆարյան

Scroll Up