«Հայաստանը մեր տունն է, որը պետք է միշտ նորոգել». Առլեն Դավուդյան

«Հայերն այսօր»-ի զրուցակիցը Առլեն Դավուդյանն է, որը 1991 թվականին ընտանիքի հետ Իրանից հայրենադարձվել է Հայաստան: Նա «Արմենիա Էյրվեյզ» ընկերության սեփականատերն է: Սերը դեպի ավիաոլորտ շարժառիթ է հանդիսացել, որպեսզի նա առաջին քայլերը կատարի դեպի միջազգային ավիաուղիների շուկա: Առլեն Դավուդյանին է պատկանում նաև «Տաթև» տուրիստական ընկերությունը, որը ստեղծվել է 1992 թվականին:

-Պարո´ն Դավուդյան, որտեղի՞ց են սերում Ձեր արմատները:  

Մորս նախնիները Ալեքսանդրապոլից են, իսկ հայրական կողմս սերում է Նոր Ջուղայից: Ես ծնվել եմ Թեհրանում, մանկությունս անցկացրել եմ այնտեղ: Հաճախել եմ Թեհրանի Գյուլբենկյան, այնուհետև` Մարի Մանուկյան դպրոց: Թեհրանի «Նաիրի» միության սկաուտական խմբի անդամ եմ եղել: Իրանում մենք երկու վարչակարգ տեսանք: Ես Իսկ դպրոցն ավարտելուց հետո մասնակցել եմ Իրան-իրաքյան պատերազմին: Պատերազմից հետո սկսել եմ աշխատել որպես ատամնատեխնիկ:

-Ե՞րբ վերադարձաք Հայաստան:

– 1991 թվականի օգոստոսի 16-ին ընտանիքով եկանք Հայաստան: Այն ժամանակ չկային ուղիղ չվերթներ, այդ իսկ պատճառով Թուրքիայի սահմանով էինք գալիս Հայաստան, ինչը բավականին դժվարություններ էր առաջացնում:  Քանի որ վերջնական որոշել էինք, որ պետք է մշտական բնակություն հաստատենք Հայաստանում, այդ պատճառով առաջնայինը պետք է լուծեինք կացության խնդիրը: Վիզաների ժամկետը 3 ամիս էր, ուստի ամենահարմարն ուսանողի կարգավիճակ ձեռք բերելն էր: Ընդունվեցի Երևանի ճարտարագիտական համալսարան, այնուհետև Էրեբունի վարչական շրջանում գնեցի բնակարան:

-Որտեղի՞ց առաջացավ սերը դեպի ավիաոլորտ:

Երբ բնակվում էի Էրեբունիում, այնտեղից չվերթներ էր իրականացվում դեպի Մեղրի: Ներսահմանային չվերթներն իրականացվում էր հենց Էրեբունի օդանավակայանից: Այդ ժամանակ ինձ հետաքրքրեց Հայաստան-Իրան օդային և ցամաքային կապն ավելի դյուրին դարձնելու մի շարք հարցեր: Քանի որ Մեղրի քաղաքը տեղակայված է երկու երկրների սահմանային հատվածում, որոշեցի հենց այդ ուղղությամբ էլ գնալ: Նախ դիմեցի Իրանի դեսպանատուն, այնտեղից պատասխան ստացա, որ մարդկանց ակտիվ տեղաշարժ չլինելու պատճառով չի ստեղծվել մաքսային կետ, և պետք է զարկ տալ տվյալ տարածքում մարդկանց ակտիվ ելք ու մուտքին: Մենք մեր առջև պահանջ էինք դրել, որ ավելի կարճ ու հարմարավետ ճանապարհով ուղիներ հարթենք Երևան-Թեհրան օդային կապն ապահովելու համար:  Կարևոր էր` ուղևորափոխադրումը ևս զարգացնել և ակտիվացնել:

 -Ինչպե՞ս կատարեցիք առաջին քայլերն այդ ոլորտում:

– Նախ դիմեցի Թավրիզի նահանգապետարան՝ ասելով, որ ունեմ մի առաջարկ-ծրագիր: Ըստ այդ ծրագրի` նախատեսում էինք Երևան-Մեղրի օդային չվերթներ իրականացնել, այնուհետև Մեղրիից ուղևորներին իրանական փոխադրամիջոցներով հասցնել Թեհրան: Նախկինում Երևանից դեպի Թեհրան հասնելու համար պահանջվում էր շուրջ 3 օր, իսկ այս դեպքում ընդամենը 12 ժամ: Նախագիծս ընդունվեց, և դրանից հետո շաբաթական շուրջ 3 չվերթներ էինք իրականացնում:

-Պատմե՛ք, խնդրում եմ, «Տաթև» տուրիստական ընկերության մասին:

«Տաթև» տուրիստական ընկերությունը ստեղծեցինք 1992 թվականի սեպտեմբերին: «Տաթև»-ը «Iran Aseman Airlines» ընկերության ներկայացուցիչն է Հայաստանում: Ներկայում վերջինս Թեհրանից թռիչքներ է իրականացնում դեպի Երևան: «Տաթև»-ը մեր ընտանեկան բիզնեսն է, հիմնադիրներն ենք ես ու կինս`Ժիզել Բանդարին: Երկուսս էլ ՀՀ քաղաքացիներ ենք: Որդիներս` Սևակն ու Արամը, նույնպես այս բիզնեսի մեջ են: Այն մեծ դեր ունի Հայաստան-Իրան ավիաուղիների զարգացման գործում: Սկզբնական շրջանում զբաղվում էինք ավիատոմսերի վաճառքով, այնուհետև համագործակցեցինք «Կասպիական ուղիներ» ընկերության հետ: Պետք է նշեմ, որ մենք արտասահմանյան որոշ ավիաընկերությունների հիմնական համակարգողն էինք Հայաստանում: Որպես ոլորտ, այն բավականին բարդ և թանկ ոլորտ է համարվում: Միշտ պետք է ունակ լինես ներդրումներ կատարել թե՛ ֆինանսական, թե՛ մասնագետների առումով: Մի խոաք կա. «Եթե դու միլիարդատեր ես և ցանկանում ես դառնալ միլիոնատեր` ստեղծիր տուրիստական գործակալություն»:

-Պարո´ն Դավուդյան, ներկայումս հանդիսանում եք «Արմենիա Էյրվեյզ» ընկերության սեփականատերը: Ի՞նչ նպատակներ ունեք Հայաստանն ավելի մրցունակ դարձնելու ավիաուղիների ոլորտում:

– Հայաստանն էլ իր չափով է մրցունակ, բնականաբար, իր ուրույն տեղն ունի: Չենք կարող համեմատել ռուսական կամ ամերիկյան ավիաոլորտի հետ, բայց տարածաշրջանում այն ևս աչքի է ընկնում: Մենք նպատակ ունենք սկզբնական շրջանում միջինարևելյան երկրներ չվերթներ իրականացնել:  Նաև մտադիր ենք Երևանից չվերթներ իրականացնել դեպի Եվրոպա, Ռուսաստան ու Չինաստան: Ծրագիր կա Երևանը` իբրև տարանցիկ կետ, օգտագործել Մոսկվայի ու Չինաստանի միջև: Հեռանկարում նաև դեպի ԱՄՆ չվերթների բացումն է, կկարողանանք նաև չվերթներ իրաականացնել օվկիանոսից այն կողմ:

Ինչպիսի՞ն պետք է լինեն Հայաստան-Սփյուռք հարաբերություններն ըստ Ձեզ:

Շատ եմ կարևորում Հայաստան-Սփյուռք հարաբերությունները: Ես, ծնվելով և մեծանալով կրոնական և մշակութային առումով շատ տարբեր երկրում` Իրանում, դա իմ մաշկի վրա եմ զգացել: Հայաստանը պետք է ամուր հենարան լինի Սփյուռքի համար: Ես եկա Հայաստան որպես հայ, Իրանում ես ապրում էի որպես պարսկահայ: Միջանձնային բարդություններն ինձ ստիպեցին վերադառնալ Հայրենիք:

-Երբ եկաք Հայաստան, ինչպիսի՞ զգացողություն ունեցաք:

– Մենք միշտ մերն ենք համարել Հայաստանը: Այն մեր տունն է, որը պետք է միշտ նորոգել: Գալով Հայաստան՝ ես ուրախացա նաև այն փաստից, որ կարողացա «Տաթև» տուրիստական ընկերության հիմնադրմամբ ապահովել մոտ 50 աշխատատեղ: «Արմենիա Էյրվեյզ»-ի հետ կապված մի շարք ծրագրերի արդյունքում կստեղծվեն ևս 50-ը:

Սևադա Սաֆարյան

Scroll Up