«Մեր աղջիկը՝ Ռուզաննա-Նիկոլը, ծնվեց Թավշյա հեղափոխության օրերին». հայրենադարձ ընտանիք

«Հայերն այսօր»-ը ներկայացնում է Էդգար Բաբայանի ընտանիքի հայրենադարձության պատմությունը: Տասնյոթ տարի Մոսկվայում ապրելուց հետո՝ Էդգարը կնոջ և մայրիկի հետ վերադարձել է Հայաստան և սկսել մի քանի բիզնես ծրագրեր իրականացնել:

Էդգարն ուրախ է, որ կարողանալու է իր ներուժն ու հնարավորություններն օգտագործել նոր Հայաստանի կերտման գործում:

Ինձ մշտապես ուղեկցել է Հայաստան վերադառնալու միտքը…

– Ծնվել եմ Տավուշի մարզի Բերդ (Շամշադին) քաղաքում: Բանակում ծառայելուց հետո 2002 թվականին որոշեցի Մոսկվա գնալ, որտեղ մնացի 17 տարի:

Սկզբում, իհարկե, դժվարությունների հանդիպեցի, բայց չվհատվեցի. ժամանակի ընթացքում ոտքի կանգնեցի, զբաղվեցի տարբեր աշխատանքներով՝ ապրելով, կարծես թե, բնականոն հունով: Սակայն Մոսկվայում ինձ մշտապես ուղեկցել է Հայաստան վերադառնալու միտքը: Պարզապես պատեհ առիթ էր պետք…

Նշեմ նաև, որ Հայաստանի հետ կապը երբեք չեմ խզել. պարբերաբար մի քանի ամսով եկել եմ, որոնք գրեթե միշտ զուգադիպել են քաղաքական տարբեր զարգացումների հետ:

Մեր հայրենադարձվելուն մեծապես նպաստեց Թավշյա հեղափոխությունը…

-Հայրենադարձվելու հիմնական շարժառիթը դստերս ծնունդը դարձավ. որոշեցինք, որ կինս Հայաստանում պետք է ծննդաբերի: Սկզբում նա մայրիկիս հետ եկավ, հետո ես նրանց միացա:

Մեր այցելությունը համընկավ 2018 թվականի գարնանը տեղի ունեցած Թավշյա հեղափոխության հետ: Հասկացանք, որ Հայաստանում հաստատվելու համար ավելի լավ հնարավորություն մեզ չէր ընձեռնվի: Կարող եմ փաստել, որ մեր հայրենադարձվելուն մեծապես նպաստեց Թավշյա հեղափոխությունը:

Երբ արդեն Հայաստանում էինք, Գյումրիից սկսվել էր քայլերթը: Հետո ես և կինս միացանք երևանյան երթին: Հիմա ժպիտով հիշում եմ, որ երբեմն «վիճում» էինք, թե տվյալ օրը մեզանից ով պետք է միանար ժողովրդին, նույնիսկ կատակում էինք, թե ով շատ քայլեց (ծիծաղում է-հեղ.):  Հիշարժան դեպքերը շատ են:

Սակայն հեղափոխության ամենահիշարժան և բերկրալի օրը մեզ համար դարձավ մայիսի 8-ը, երբ կնոջս հրապարակից ուղիղ հիվանդանոց ուղեկցեցի: Մայիս 9-ին արդեն ծնվեց մեր աղջնակը:

Ի սկզբանե, որոշել էինք երեխային երկու անունով կնքել: Քանի որ նրա ծնունդը խորհրդանշական կապ ուներ հեղափոխության հետ, Ռուզաննա-Նիկոլ անվանեցինք:

Սփյուռքը կանգնեց Հայաստանի կողքին …

– Որպես քաղաքական գործիչ, միշտ հարգել ու վստահել եմ Նիկոլ Փաշինյանին: Նա իր առջև դրված խնդիրը մինչև վերջ պատվով կատարեց:

Սկզբում, բնականաբար, վերապահումով էինք մոտենում ստեղծված իրավիճակին, բայց տեսնելով մարդկանց հոծ զանգվածը՝ բոլոր կասկածները հօդս ցնդեցին: Ակներև էր, որ ամեն ինչ հաջողությամբ էր պսակվելու: Ժողովրդի համար «երկրորդ շնչառություն» բացվեց. ամբողջ երկրում տիրող  գաղջ մթնոլորտն այլևս հնարավոր չէր հանդուրժել:

Հեղափոխության կարևոր ազդակներից մեկը հայրենադարձության աճի խթանումն էր: Հուսանք՝ հետագայում ավելի շատ ընտանիքներ կգան Հայաստան: Ինչպես օրինակ, Մոսկվայում և ԱՄՆ-ում ապրող մեր ընկերներն են ցանկանում վերադառնալ: Շատ այլ ընտանիքներ էլ կան, որոնք նույնպես նախատեսում են տունդարձի ճանապարհը բռնել: Ահա այդպիսի վստահության մթնոլորտ է ստեղծվել:

Թավշյա հեղափոխությանն իր ակտիվ աջակցությունն ու մասնակցությունը բերեց նաև սփյուռքը: Բոլորս ականատես եղանք, թե ինչպես սփյուռքը մեկ բռունցք դարձած՝ կանգնեց Հայաստանի կողքին, որը մեզ այդ օրերին շատ ոգևորեց: Առհասարակ, Թավշյա հեղափոխությունն ինձ համար ազգային համախմբվածության մեծ դրսևորումն էր:

Հայաստանն  իմ տունն է, որտեղ ինձ անչափ հանգիստ ես զգում…

-Տեսնելով Հայաստանը լքող մարդկանց՝ մեծ ցավ եմ ապրում: Թո՛ղ նրանք իմանան, որ իրենց դրսում ավելի հեշտ ու հետաքրքիր կյանք չի սպասվում, որ ամեն ինչ սկուտեղի վրա չի մատուցվելու:

Երկար տարիներ մնալով օտար ափերում՝ ամեն օր երազել եմ վերադառնալու մասին: Վերջնական հանգրվանս Հայաստանում է: Ներքին, անբացատրելի զգացողություն ու մեծ կապվածություն ունեմ իմ երկրի, ծննդավայրիս հող ու ջրի հետ:

Հայաստանն  իմ տունն է, որտեղ ինձ անչափ հանգիստ եմ զգում:

2019-ի Ամանորը խորհրդանշական էր մեզ համար…

-Մեր ընտանիքի համար 2019 թվականի Ամանորն ու Սուրբ Ծնունդը խորհրդանշական և հիշարժան դարձավ. առաջին անգամ Հայաստանում նշեցինք տոները, որն անչափ ուրախություն պարգևեց մեզ:

Տանը ջերմ մթնոլորտ էինք ստեղծել Ռուզաննա-Նիկոլի համար. տոնածառ էինք դրել, բնակարանը զարդարել՝ ապահովելով նրա բարձր տրամադրությունը:

Մաղթանքս է, որ 2019 թվականին հայ ժողովրդի բոլոր սպասելիքներն, իսկապես, իրականություն դառնան, հույսի, հավատի և սիրո տարի հռչակվի: Հայաստանի սահմաններում խաղաղություն լինի, մեր երկրում գերիշխի սոցիալական արդարությունն ու օրենքի գերակայությունը:

Գևորգ  Չիչյան

Scroll Up