Ավարտվեց «Արի տուն» հայրենաճանաչության ծրագրի անցումային 4-րդ փուլը

«Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»:

 ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ

Օգոստոսի 10-ին Երևանի Եղիշե Չարենցի անվան թիվ 67 հիմնական դպրոցում ավարտվեց Սփյուռքի նախարարության «Արի տուն» հայրենաճանաչության ծրագրի անցումային 4-րդ փուլի հայոց լեզվի դասընթացները: Դասընթացների մասին ամփոփիչ խոսքով հանդես եկան ուսուցչուհիներ` Շողիկ Փահլևանյանը , Անի Խալաթյանը և Սերա Շահինյանը, ովքեր նշեցին, որ իրենց դիտարկումների ընթացքում եկել են այն եզրահանգման, որ Սփյուռքից ժամանած տասնյակ երեխաներ կարողացան գրաճանաչ դառնալ, ծանոթանալ հայերենի հնչյունական համակարգին, մեսրոպյան այբուբենին, հայերենի ուղղախոսական և ուղղագրական օրինաչափություններին:

Ծրագրի ավարտին սփյուռքահայ պատանիներն ու աղջիկները հանդես եկան Հայաստանի և հայոց լեզվի մասին հայ և համաշխարհային մեծանուն մտածողների պատգամներով և բանաստեղծություններո, ազգային, ժողովրդական երգերի ու «Մշո սարեր» պարային կատարումներով: Մանկավարժակն գիտ. թեկնածու, Մոսկվայի «Վերածնունդ» հայկական կիրակնօրյա դպրոցի տնօրեն Շողիկ Փահլևանյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ սփյուռքի նախարարության ողջ անձնակազմին, ի դեմս Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի, Սփյուռքի նախարարության համահայկական ծրագրերի վարչության գիտակրթական ծրագրերի բաժնի պետ Սիրվարդ Համբարյանին, խմբի ղեկավարներ` Սևադային, Կարինեին, էքսկուրսավար Աիդա Օհանյանին, Եղիշե Չարենցի անվան թիվ 67 հիմնական դպրոցի տնօրեն Անահիտ Խեչումյանին, քանզի ողջ ամռան ընթացքում իրենց կրթօջախը Սփյուռքից ժամանած պատանիների և աղջիկների համար դարձել էր հայրենագիտության ոստան՝ համախմբելով սփյուռքահայ երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» ծրագրի մասնակիցներին Րաֆֆու հայտնի՝ «Հայրենասիրությունը սկսվում է հայրենագիտությունից» մտքի խոր գիտակցումով:

Հավելենք, որ «Արի տուն» ծրագրի անցումային չորրորդ փուլին մասնակցում էր 32 պատանի՝ Ռուսաստանից, Հունաստանից, Ֆրանսիայից, Լիբանանից, Ավստրիայից և ԱՄՆ- ից:

Scroll Up