Ամեն օր զգալով հայկականության շունչը. սփյուռքահայ պատանիները հայրենիքում են

Հուլիսի 23-ին մեկնարկեց սփյուռքի նախարարության «Արի տուն» հայրենաճանաչության ծրագրի անցումային 3-րդ փուլը, որին մասնակցում են 33 պատանիներ Ռուսաստանից, Մոլդովայից, Լատվիայից, Բելգիայից և Ֆրանսիայից:

Ողջունելով ծրագրի մասնակիցներին՝ Սփյուռքի նախարարի տեղակալ Բաբկեն Տեր-Գրիգորյանը նշեց. «Ես նույնպես Սփյուռքում եմ ծնվել, սակայն արդեն 6 տարի ապրում եմ Հայաստանում: Առաջին այցս հայրենիք ամենատպավորիչն է եղել, ու հենց դրա հիման վրա եմ որոշել վերադառնալ: Հուսով եմ՝ այստեղ սերտ կապեր կստեղծեք, ու երբ կգնաք ձեր բնակության երկիր, կզգաք, որ Հայաստանը ձեր տունն է»:

Արիտունցիներին ողջունեց նաև Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Երեմ Սիմոնյանը: Նա ընդգծեց, որ ծրագրի յուրաքանչյուր օրվա ընթացքում հայրենիքը նորովի կբացահայտվի մասնակիցների համար, ու նրանք ամենուրեք կզգան հայկականության շունչը:

Սփյուռքահայ երիտասարդները ասմունքեցին, ներկայացան ազգային պարերի կատարումներով:

Scroll Up