Մեկնարկեց ՀՄԸՄ-ի 100 ամյակի և 11-րդ համա-ՀՄԸՄական բանակումը

Հուլիսի 19-29 Հայաստանում մեծ շուքով նշվում է ՀՄԸՄ-ի մեկդարյա հոբելյանը` ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի, Սփյուռքի նախարարության աջակցությամբ:

Հուլիսի 19-ին Բյուրականի բանակավայրում մեկնարկեց ՀՄԸՄ-ի 100 ամյակի և 11-րդ համա-ՀՄԸՄ-ական բանակումի և ՀՄԸՄ-ի 110 մասնաճյուղերի անունով քանդակի բացման հանդիսավոր արարողությունը: «Պատվաբեր անցյալից՝ հաղթական ապագա» խորագրով միջոցառմանը մասնակցեցին Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը, փոխնախարար Բաբկեն Տեր-Գրիգորյանը:

Ողջույնի խոսքով հանդես եկան և մասնակիցներին հաջողություն մաղթեցին ՀՄԸՄ 11-րդ բանակումի խմբապետուհի Թալին Օրդողլյանը, Կոտայքի մարզպետ, ՀՄԸՄ փոխատենապետ Ռոմանոս Պետրոսյանը: ՀՅԴ-ի պատգամը փոխանցեց Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը:

Հոբելյանի առթիմ ՀՄԸՄ-ականներին շնորհավորեց և բարի գալուստ մաղթեց ՀՄԸՄ կենտրոնական վարչության սկաուտական բաժնի պատասխանատու Վաչե Նաջարյանը:

ՀՄԸՄ Կենտրոնական վարչության ատենապետ Գառնիկ Մկրտիչյանը հյուրերին փոխանցեց հուշանվերները:

ՀՄԸՄ-ի 100-ամյակի և 11-րդ համա-ՀՄԸՄ-ական բանակումը կշարունակվի մինչև հուլիսի 29-ը: Սկաուտների օրակարգը 10 օրերի ընթացքում կլինի հագեցած, կանցկացվեն զանազան միջոցառումներ, դասախոսություններ, արշավներ, միջազգային մշակութային օր, որի ընթացքում տարբեր երկրներից ժամանած սկաուտներ կներկայացնեն իրենց երկրների մշակույթը, կերակրատեսակները, երգն ու պարը: Սկաուտները կբարձրանան նաև Արագած լեռը:

Scroll Up