«Արի տան» իրաքահայ մասնակիցները Հայաստանում իրենց լիարժեք հայ են զգում

«Արի տուն» ծրագրի անցումային փուլի մասնակիցներից շատերն առաջին անգամ են Հայաստանում և մեծ հետաքրքրությամբ են շրջում ու ծանոթանում իրենց հայրենիքին:

18-ամյա Ռիտա Մովսիսյանը տպավորված է ավելի շատ, քան ակնկալում էր: «Շատ երջանիկ եմ, որ իմ հայրենիքում եմ, կարող եմ տեսնել ու շոշափել Հայաստանը: Այստեղ ինձ իրապես հայ եմ զգում, տանն եմ զգում, մենք Իրաքում ամեն ինչ անում ենք, որ մեր հայկականությունը պահենք, բայց միայն այստեղ ինձ լիարժեք հայ զգացի»,- «Հայերն այսօր»-ի հետ զրույցում ասաց Ռիտան:

«Արի տան» շրջանակներում բազում տեսարժան ու պատմական վայրերում է եղել, որոնց մասին պատմեց հետևյալը. «Շատ գեղեցիկ վայրեր ենք այցելել, ինձ տպավորել է Օշականը, Էջմիածինը նաև ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ Հայաստանում ապրող ու այլ երկրներից եկած հայերի հետ շփվելու»:

13-ամյա Նարեկ Ղազարյանը նույնպես առաջին անգամ է Հայաստանում.« Քանի որ Իրաքում չեմ կարող լավ տիրապետել մայրենիիս, ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ հայերեն ու հայոց պատմություն սովորելու: Շատ հպարտ եմ զգում ինձ՝ շրջելով հայրենիքիս տարբեր տեսարժան վայրերով»: Նարեկն այս կարճ ժամանակում հասցրել է ընկերանալ այլ երկրների մասնակիցների հետ. «Շատ հաճելի է այլ երկրներում ապրող հայերի հետ ծանոթանալը, նրանց մտածելակերպը մեզնից տարբեր է, բայց բոլորիս միավորում է մի բան ՝ մենք հայ ենք: Մի քանիսի հետ արդեն հասցրել ենք շատ մտերմանալ»:

Արփի Պետրոսյան

Scroll Up