Մխիթար Հայրապետյանի առաջարկը հանգեցնելու է Սփյուռքի հավելյալ ներգրավվմանը ՀՀ պետական կյանքում. Շահան Գանտահարյան

«Երկպալատ խորհրդարանի կամ ավելի ճիշտ՝ Սփյուռքի ներկայացուցիչների՝ Հայաստանի պետական գործընթացներին իրավական մասնակցության անհրաժեշտության հարցը բարձրացրել եմ Համազգային խորհրդի ձևավորմանը հատկացված քննարկումերի ընթացքում։

Հավելեմ, որ Համազգային խորհրդի ձևավորման ընթացքում անպայման պետք է նկատի ունենալ նաև համահայկական այն կառույցների փորձը, որը տարիների ընթացքում աշխատել է. Հայաստան համահայկական հմինադրամ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի պետական հանձնաժողով, ինչպես նաև Սփյուռքի նախարարության նախաձեռնած մասնագիտական կառույցների համաժողովները»,- «Հայերն այսօր»-ի հետ զրույցում ասաց Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը՝ անդրադառնալով ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի  երկպալատ խորհրդարան ստեղծելու գաղափարին։

«Կարծում եմ՝ այժմ պետք է սկսվեն քննարկումներ՝ ճշտելու Սփյուռքի իրավական մասնակցության ձևաչափերն ու կառուցակարգերը։ Երկպալատ խորհրդարանը հեռանկարային առաջադրանք է, որի մասին կարելի է ծավալել քննարկումներ, որի ընթացքում կարևոր է նկատի ունենալ Սփյուռք ունեցող երկրների փորձն ու դրույթները։ Կարծում եմ՝ նախարարությունն ունի այդ ուղղությամբ կատարված համեմատական սփյուռքագիտության ուսումնասիրությունները, որոնք կարելի է ուսումնասիրել։

Պետականության շարունակականությունը ենթադրում է կուտակված փորձի ու հետազոտությունների նկատի ունենալը, ինչը կարծում եմ շատ օգտակար է։ Միանգամայն կողմ եմ առաջարկին, որը հանգեցնելու է Սփյուռքի հավելյալ ներգրավվմանը ՀՀ պետական կյանքում»,-նշել է Շահան Գանտահարյանը։

Scroll Up