ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔ

Հայ-գերմանական հարաբերությունները զարգացում են ապրել 12-13-րդ դարերում: Գերմանիան եվրոպական առաջին պետություններից է, որ կապ է հաստատել Կիլիկյան Հայաստանի հետ:

Գերմանիայում հայերի թիվն ավելացել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո` Արևմտյան Գերմանիայում տնտեսության զարգացման գործընթացներին զուգընթաց:

1989 թվականին Գերմանիայի հայ համայնքների ցուցաբերած օգնությունը համակարգելու նպատակով ստեղծվել է Հայ օգնության կենտրոնը:

Ներկայումս Գերմանիայում ոչ պաշտոնական տվյալներով բնակվում են շուրջ 40 հազար հայեր, ովքեր հիմնականում զբաղված են արդյունաբերության, շինարարության, գիտության, առողջապահության բնագավառներում:

Գործում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Գերմանիայի թեմը (կազմավերվել է 1991թ., առաջնորդանիստը` Քյոլնի Սբ. Սահակ-Մեսրոպ եկեղեցի, առաջնորդը` Գարեգին եպս. Պեգճյանը):

Գերմանիայում գործում են շուրջ 40 հասարակական, մշակութային և այլ կազմակերպություններ, որոնց մեծ մասը ղեկավարվում է Գերմանահայոց Կենտրոնական Խորհրդի ու Գերմանահայոց Առաջնորդարանի կողմից: Գերմանահայոց Կենտրոնական Խորհրդի կազմում ընդգրկված են 16 հայկական միություններ և բազմաթիվ անհատներ, Գերմանահայոց Առաջնորդարանի կազմում` 14 համայնքային կառույցներ, ինչպես նաև անհատներ:

1960-ական թվականներին գերմանախոս երկրների հայ հասարակական-քաղաքական գործիչների նախաձեռնությամբ այդ երկրների հայությանը միավորել ու նպատակով հիմնադրվել է Կենտրոնական կոմիտե: 1969 թվականին հիմնադրվել է գերմանախոս երկրների Կենտրոնական կազմակերպությունը, որի տրոհումից հետո ստեղծվել է Գերմանիայի Կենտրոնական խորհուրդը:

Բեռլինում, Մայնցում, Մյունխենում, Շտուտգարտում, Քյոլնում, Ֆրանկֆուրտում, Համբուրգում և այլ քաղաքներում ձևավորվել են հայ համայնքներ:

Բեռլինում հայերը հաստատվել են 19-րդ դարիի վերջին և 20-րդ դարիի սկզբին: Ներկայումս Բեռլինում ապրում է շուրջ 1000 հայ:

Մյունխենում հայերը հաստատվել ուշ միջնադարում, ունեցել են առևտրական տներ: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հայերը Մյունխեն են ներգաղթել Թուրքիայից: Նրանք աշխատել են հիմնականում արդյունաբերության, առևտրի և սպասարկման ոլորտներում: Աստիճանաբար ձևավորվել է Մյունխենի հայ համայնքը: Այժմ Մյունխենի հայ համայնքն ունի շուրջ 1000 անդամ: Գործում են` Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Բավարիայի խորհուրդը, Հայկական հարցերի հաստատությունը, հայկական մշակութային երկու միություն:

Ֆրանկֆուրտի (Մայնի Ֆրանկֆուրտ) հայ համայնքը կազմավորվել է Երկրորդ աշխարհամարտից հետո` հիմնականում Թուրքիայից, ապա նաև Իրանից ներգաղթած հայերի շնորհիվ: Ֆրանկֆուրտում են գտնվում Հեսսենի հայ մշակութային միության վարչությունը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի Գերմանիայի մասնաճյուղը: հայ համայնքն ունի իր սրահը, որտեղ կազմակերպվում են հավաքներ, գրական երեկոներ և այլ միջոցառումներ:

Փոքրաթիվ հայ համայնքներ կան նաև Ախենում, Համբուրգում, Հանովերում, Դորտմունդում և այլ քաղաքներում:
1987 թվականին Շտուտգարտի հայ համայնքի ճանաչված գործիչ Գրիգոր Մինասյանի նախաձեռնությամբ քաղաքի գերեզմանատանը տեղադրվել է Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան:

Scroll Up