«Ես Աստծո և իմ ազգի զավակների համար եմ անում, ես մա՛յր եմ, հայուհի, այդ բոլոր զինվորները նաև իմ զավակներն են». Սիրան Միսակյան-Բասմաջյան

Հունվարի 10-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց հայրենադարձ Սիրան Միսակյան-Բասմաջյանին, ով հերթական բարեգործական բեռն էր բերել զինվորների համար: Այս անգամ նա Ջաբրայիլի զինվորական հոսպիտալ ուղարկելու համար հագուստի կապոցներ է բերել, և՝ իր պատվիրած Աստվածամոր պատկերազարդ քանդակը՝ հոսպիտալի մատուռում տեղադրելու համար:

Ողջունելով Սիրան Միսակյան-Բասմաջյանին՝ ՀՀ սփյուռքի նախարարը կարևորեց նրա մասնակցությունը «Դու ինչ ես անում Ղարաբաղի համար» համահայկական շարժմանը, ցուցաբերած պարբերական օգնությունը հայոց բանակին, և մասնավորապես նշեց. «Ես ուրախ եմ կրկին ձեզ տեսնել, Սիրան մայրիկ: Շնորհակալ եմ, դուք հերոսուհի մայրիկ եք: Համոզված եմ, որ մեր հասարակությունը պիտի սիրի բանակին այնպիսի հոգատարությամբ, ինչպես Դուք, սիրելի՛ տիկին Սիրան»:

Հայրենիքի սահմանները պաշտպանող զինվորներին մշտական օգնություն ցուցաբերելը 80-ամյա տիկին Սիրանի համար մայրական հոգատարության դրսևորում է: «Հայաստանը մեր Հայրենիքին է, և մենք պարտավոր ենք ամեն ինչ անել մեր երկիրը զարգացնելու համար: Բայց ամենից առաջ պիտի հզորացնենք մեր բանակը: Կարծում եմ՝ բանակն ավելի հզոր պիտի լինի, քան մենք, և մենք ամեն ինչ պիտի անենք հայ զինվորին օգնելու համար: Ես Աստծո և իմ ազգի զավակների համար եմ անում և, ես մա՛յր եմ, հայուհի, այդ բոլոր զինվորները նաև իմ զավակներն են». ասաց նա: Սիրան Միսակյան-Բասմաջյանը 16 տարի առաջ Մարսելից վերադարձել է Հայաստան և հաստատվել Արմավիրի մարզի Ջրաշեն գյուղում: Նա 6 զավակ, 15 թոռ և 4 ծոռ ունի: 1966թ. տիկին Սիրանի ընտանիքը Բեյրութից տեղափոխվել է Ֆրանսիա: Հաստատվելով Հայաստանի Ջրաշեն գյուղում՝ սկսել է զբաղվել տնամերձ այգիների մշակման աշխատանքով:

Scroll Up