ՍԵՐԳԵՅ ՄԱՑՈՅԱՆ. «Մենք ապրւմ ենք, որ արարենք, մենք արարում ենք, որ ապրենք…»

Օդեսայի կոնսերվտորիայի օպերա-դիրիժորային ամբիոնի վարիչ, սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր, խմբավար ու մանկավարժ, բնությունից շռայլորեն օժտված երաժշտագետ ու արվեստագետ, Արվեստի միջազգային  ակադեմիայի ակադեմիկոս,  ՈՒկրաինայի պանծալի հայ. այս բնորոշումները ուղեկցում են Ուկրաինական սփյուռքի մշակույթի հզոր սյուներից մեկին՝ Սերգեյ Մացոյանին: 

   Նա մեծ մարդ է, մեծ հայ, մեծ դիրիժոր…

   Նրա ղեկավարած նվագախմբի ու երգչախմբի յուրաքանչյուր ելույթ երգ-երաժշտության շքեղ փառատոն է… Հանդիսասրահն ընկղմվում է դասական երաժշտության  ծովում… Այդ պահերին սիրտս հուզմունքներից  ծփում է…Ինչպես հանճարեղ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին իր հրաշագործ վրձնով կերպավորում է մերթ մրրկածուփ ծովի մոլեգին տարերքը, մերթ հոգեպարար անդորրը, այնպես էլ  դիրիժոր Սերգեյ Մացոյանն իր ձեռքի փայտիկով փոխում է երաժշտության երանգներն ու տրամադրությունը. այն մերթ հևում է զայրացած, մերթ ժպում է հեզանազ, մերթ խոժոռում է հոնքերը, մերթ պայծառ ցոլում, մերթ փոթորկում է խռովահույզ, մերթ անվրդով նիրհում…լուսեղեն թախիծ  ու խինդ պարգևում…

    Այլ կերպ չէր կարող լինել.  չէ՞ որ նա ծնվել է մեծերի օրրան Շիրակ աշխարհում և հայրենակիցն է գուսան Շերամի ու Արմեն Տիգրանյանի, Մինաս Ավետիսյանի ու Մհեր Մկրտչյանի, մեծն Իսահակյանի ու անմահ Շիրազի, որոնց քնարի ամեն մի լարից երաժշտություն է հորդում: Նա իր պապերի աստվածատուր գեների կրողն է. երաժշտությունը նրա արյան մեջ է:

   Վերջերս  Օդեսայի պետական երաժշտական ակադեմիայի (կոնսերվատորիա) 100-ամյա հոբելյանի առթիվ  բուհի դահլիճում Սերգեյ Մացոյանի  ղեկավարությամբ սիմֆոնիկ նվագախումբը հանդես եկավ դասական երաժշտության մի հիանալի համերգով, որից հետո  մեծաքանքար նվագավարին ու մանկավարժին ՈՒկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի անունից շնորհվեց 3-րդ կարգի կրծքանշան՝ ‹‹Հայրենիքին անմնացորդ նվիրվելու և նրա մշակույթի ասպարեզում պատկառելի ծառայության համար››:

   Հիշատակված հոյակապ առիթով ‹‹Վերնատուն› թերթի աշխատակիցներս այցելեցինք մեր սիրելի մաեստրոյին, որի ընթացքում էլ կայացավ մեր զրույցը:  Սիրով «Հայերն այսօր»-ի ընթերցողի ուշադրությանն եմ ներկայացնում մի դրվագ մեր  զրույցից.

 – Պարո՛ն Մացոյան, երբ տեղեկացա, որ կայանալու է հանդիպում Ձեզ հետ, անսահման ուրախութան ու խանդավառության հետ միասին  ապրեցի  հպարտության վեհ զգացումը, որ պատիվ եմ ունենալու զրուցել իմ մեծանուն հայրենակցի հետ:  Նախ շնորհավորում եմ Ձեզ, որ մեկ անգամ ևս  Ձեր գործունեությունը գնահատվեց ըստ արժանվույն, և Դուք արժանացաք պետական բարձր  պարգևի: 

 – Շնորհակալություն հաճելի խոսքերի ու սրտալի վերաբերմունքի համար:

 – Խնդրում եմ պատմեք Ձեր մասին ավելի մանրամասն:

 – Երգն ու երաժշտությունը հմայել են ինձ փոքրուց. առանց երաժշտության ես ինձ չեմ հիշում: Դեռևս իմ պապերը եղել են Շիրակ աշխարհում հայտնի տաղասաց-գուսաններ, այնուհետև  ծնողներս, լինելով աարվեստի արժեքը գնահատող մարդիկ, նպաստել են, որ իրենց զավակների շնորհիվ  պապական գեներով փոխանցված շնորհը նոր թարմությամբ բուրի… Ամենափոքր եղբայրս և քույրս ևս երաժիշտներ են, իսկ իմ աղջիկն այժմ Անգլիայի Թագավորական բալետի կոնցերտմայџտերն է: Տղաներս թեև մասնագիտությամբ բանասեր են, բայց երաժշտական տվյալներով ու շնորհքով օժտված են.  չէ՞ որ գրականությունն ու երաժշտությունը ձուլված, կաղապարված են միմյանց: Կինս՝ Լյուսիան, դաշնակահարուհի է: Կարող եմ ասել, որ երաժշտությունը մեր գերդաստանի բարի ուղեկիցն է առ այսօր:

 – Ինչպե՞ս կայացավ Ձեր մասնագիտական գործունեության վերելքը դեպի երաժշտական արվեստի բարձունքները:

 – Ծնվել եմ «շիրակամայր» Գյումրիում (նախկին Լենինական):                                                                     Մանկությանս ու պատանեկությանս օրերը անցան հարազատ քաղաքում:   Այստեղ սովորեցի երաժշտական ուսումնարանում, իսկ մասնագիտական բարձրագույն կրթություն ստացա Կիևի՝ Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայում, այնուհետև՝ նույն բուհի ասպիրանտուրայում, որն ավարտելուց հետո աաշխատանքի անցա Օդեսայի ֆիլհարմոնիայում՝ սիմֆոնիկ նվագախմբի ասիստենտից դառնալով նրա գլխավոր դիրիժորը: Միաժամանակ դասավանդում էի կոնսերվատորիայում և  ղեկավարում կամերային երգչախումբը…

    Ընդունելով հրավերը՝ 1967 թվականին վերդարձա, հանրածանոթ երգի բառերով ասած՝ ‹‹Արագածին բազմած արծիվ փառավոր›› իմ քաղաքը՝ Գյումրի, սկզբումորպես երաժշտական ուսումնարանի տնօրեն, այնուհետև՝ մանկավարժական բուհի երգ-երաժշտության ամբիոնի վարիչ: Աշխատանքային գործունեությանս զուգընթաց կազմակերպեցի պետական կամերային անսամբլ, որը տարիներ անց վերածվեց սիմֆոնիկ նվագախմբի:

 – Իսկ որտե՞ղ եք շրջագայել, հանդես եկել  հյուրախաղերով :

 –  Իմ ստեղծագործական կյանքը եղել է շատ բուռն ու հետաքրքիր. ինձ բախտ է վիճակվել մոտիկից ճանաչել երաժշտական աշխարհի հանճարներ Իսահակ Դունաևսկուն ու Արամ Խաչատրյանին, Հովհաննես Չեքիջյանին ու Հայաստանի սոխակ,  օպերային գերաստղ  Գոհար Գասպարյանին…  ինձ բախտ է վիճակվել ղեկավարել նախկին Սովետական Միության հայտնի սիմֆոնիկ նվագախմբերը:  Ելույթներ ենք ունեցել խորհրդային երկրի մեծ ու փոքր շատ քաղաքներում, բազում անգամներ մասնակցել  համամիութենական ու հանրապետական մրցույթների, ինն անգամ դարձել ենք դափնեկիր և ճանաչում  ձեռք բերել…1975 -ին ինքս արժանացա Հայաստանի արվեստի վաստկավոր գործչի պատվավոր կոչմանը…Հանգամանքների բերումով արդեն 24 տարի ապրում և աշխատում եմ Օդեսայում. ունենալով պրոֆեսորի կոչում՝ 1990 թվականից ղեկավարում եմ կոնսերվատորիայի օպերա-դիրիժորային ամբիոնը և սիմֆոնիկ նվագախումբը: 2005-ին ընտրվեցի Արվեստի միջազգային ակադեմիայի անդամ:

     – Մաե´ստրո,  հայտնի է, որ սերը Աստծուց տրված ամենազոր ու ամենակարող պարգև է, և տարբեր են այդ սիրո դրսևորումները՝ ծնողի, երեխայի, սիրած անձնավորության, ծննդավայրի, բնության, հայրենիքի հանդեպ: Իսկ ի՞նչ է Ձեզ համար, ինչպես հանրահայտ երգում է հնչում՝ ‹‹սուրբ սերը երաժշտության հանդեպ››:

 – Երաժշտությունը իմ էությունն է: Այն օգնում է  արտահայտելու իմ խոհերն ու ապրումները, հույզերն ու զգացմունքները, երազանքներն ու տրամադրությունը: Գրականության նման այն վերծանում ու բացահայտում է մարդու տարերքը, ներաշխարհը.  գրականությունը այդ ամենը իրագործում է բառերով, իսկ երաժշտությունը՝ հնչյուններով: Գրական ստեղծագործությունները վերածվում են մեղեդու, երգ ու նվագի, որոնցում ‹‹երկինքն է երգում… բռնկվում է սիրո հրդեհը, վշտի հեղեղն աղմկում…›› Իսկապես, բազմիցս ստեղծվում են իրադրություններ, երբ մի ողջ շաբաթ ապրումներից  ծնված տրամադրությամբ եմ համակվում… Դա անբացատրելի, անմեկնելի երևույթ է…

 – Այն հանգամանքը, որ նվագախմբի անդամները տարբեր ազգերի ներկայացուցիչներ են, խոչընդոտներ չի՞ առաջացնում աշխատանքային պրոցեսում:

 – Ընդհակառակը,երգն ու երաժշտությունը հոգեպես մերձեցնում է ժողովուրդներին, համախմբում նրանց: Արվեստի, այդ թվում՝ երաժշտության աստվածային ուժը համախմբում է տարբեր քաղաքակրթությունների և լեզվամտածողությունների, նաև տարբեր դավանանքների պատկանող մարդկանց, ջերմացնում, նրանց սրտում ու հոգում բոցավառում լույսի ու բարության առկայծող աստղերը:

 – Ձեր երաժշտացանկում  դասական երաժշտության համաշխարհային գոհարների հետ մեկտեղ հաճախակի՞  եք ընդգրկում հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները:

 – Իհա´րկե, Արամ Խաչատրյանի,Առնո Բաբաջանյանի ու Ալեքանդր Հարությունյանի ստեղծագործությունները, Գրիգոր Եղիազարյանի ու Էդգար Հովհաննիսյանի բալետային սյուիտները մեր երաժշտացանկի անբաժան մասն են: Դեռևս 2008  թվականին Կիևի կոնսերվատորիայի դահլիճում իմ ղեկավարությամբ ներկայացրինք ‹‹Անուշ››-ի երաժշտական տարբերակը: Արիաները հայերեն լեզվով հնչեցին Օդեսայի օպերային թատրոնի մենակատարների ու ակադեմիական երգչախմբի  կատարմամբ, բնականաբար, իմ սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ: Երգչախումբն ու մեներգիչները ռուսերեն տառերով գրված հայերեն բառերը հնչեցրին այնքան ճշգրիտ ու այնքան հայկական, որ շատերը կարծում էին, թե Հայաստանից ժամանած համույթներ են ելույթ ունենում: Մենք տարբեր առիթներով հաճախ ենք համերգներով հանդես գալիս օդեսահայ համայնքում, որոնց ընթացքում ներկաների ունկը շոյում են կոմիտասյան երգի մեղեդիներն ու մաքրամաքուր երաժշտության հնչյունները:

 – Պարո՛ն Մացոյան, հայապահպանության արդիական՝ կարևորագույն խնդրի կապակցությամբ ուզում եմ Ձեզ ավանդական բնույթ կրող՝ իմ զրուցակիցներին հաճախ տրվող հարց ուղղել. ասացե՛ք, խնդրեմ, ի՞նչն է  օգնում հայ մարդուն հայ մնալ օտար ափերում:  

 – ՈՒր էլ գտնվի հայը, պետք է միշտ իրեն բնական պահի՝ հայավարի, առանց ‹‹խաղերի››… չընդօրինակի ժամանակի բացասական երևույթներն ու տարրերը,  որոնք առկա են ներկայիս հասարակության մեջ: Ցավոք, երբեմն լինում են պահեր, երբ գլխի ես ընկնում, որ մեզ հարգում են մեր նախորդների՛ արժանիքների, բարի անվան ու համբավի շնորհիվ: Օտար միջավայրում իր ինքնությունը պահպանելու համար հայ մարդը պետք է հոգեպես գեղեցիկ լինի և օժտված  բարոյական բարձր հատկանիշներով: Իսկ դրան կնպաստի նվիրված ու ազնիվ աշխատանքը: Երկար տարիներ ես օդեսահայ համայնքի ղեկավարության ակտիվ անդամներից եմ: Փա՜ռք Աստծո, մեր համայնքը առատ է աշխատասեր ու ազգանվեր հայերով, ինտելեկտուալ հայերով: Նրանցից շատերը ապահովված են ոչ միայն նյութապես, այլև  հարուստ են հոգեկան բարձր արժանիքներով և մեծ ավանդ են ներդնում  հօգուտ հասարակության.  կառուցում  եկեղեցի, մշակույթի կենտրոն, դպրոց, նպաստում հյուպատոսության բացմանը. ես հպարտ եմ, որ նրանք իմ հայրենակիցերն են:

   ՈՒզում եմ նաև ասել, որ  ինտեգրվելով այլ քաղաքակրթությունների մեջ՝ հայ  ընտանիքները պիտի պահպանեն ու շարունակեն հայազգի հնամենի, լավագույն ավանդույթները և չկորցնեն կապը Մայր հայրենիքի հետ: Դա շատ կարևոր նշանակություն ունի նամանավանդ նոր սերնդի համար:

 – Չեմ կարող չհարցնել Ձեզ ՝ որպես անրջող ու խորհող, երազող ու ստեղծագործող անձնավորության. ի՞նչն է Ձեզ ոգեշնչում, թևավորում՝ ընթանալու միշտ դեպի վեր:

 – Ինձ ոգևորում են իմ ընտանիքը, կոլեկտիվը և աշխատանքը: Ես գոհ եմ ճակատագրից՝ ինձ պարգևված երջանկության համար: ՈՒնեմ հրաշալի ընտանիք, որն ինքնըստինքյան բախտավորություն է: Ինձ համար հաճույք ու բերկրանք է, պանծանք ու պատիվ՝ աշխատել երաժշտական ակադեմիայի կոլետիվում. իմ գործընկերները արվեստի տաղանդավոր ու վաստակավոր ներկայացուցիչներ են՝ ժողովրդական արտիստներ, երաժիշտներ, երգիչներ…գիտության դոկտորներ, պրոֆեսորներ: Հապա  իմ սիրելի ուսանողնե՞րը…Իմ    ողջ կյանքում զբաղվել եմ սիրած գործով: Երաժշտությունը հրաշագործ հզոր ուժ է: Այն ծնվել է մարդկության հետ: Առանց երաժշտության կյանքը երկրի վրա չեմ պատկերացնում: Երաժշտությունը իմ տարերքն է, այն ոգևորում է, ստիպում ապրել, աշխատել, արարել…

 – Շնորհակալություն զրույցի համար և բարի՜ երթ Ձեզ,  սիրելի՛ մաեստրո…Թո՛ղ Ձեր մերթ ‹‹սիրտը թունդ հանող››, մարդկային երևակայությունը բոցավառող, մերթ հոգեկան մելամաղձոտ խաղաղություն պարգևող երգն ու երաժշտությունը ,թևեր առած,  ճախրեն աշխարհի մեծ բեմերում և գերեն ունկնդիրներին իրենց հոգեթով հնչյուններով ու նրանց սիմֆոնիայի չմարող արձագանքով…

 Զրուցեց   Նարինե   Մուրադյանը                                                                                  

ք. Օդեսա          

Scroll Up