Ս. Խաչ-Հարպոյան բարձրագույն վարժարանը` միշտ Արցախի կողքին. Վարժարանի հյուրն էր Սփյուռքի նախարարը

Դեկտեմբերի 13-ին Ս. Խաչ-Հարպոյան վարժարանում տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության «Դու ի՞նչ ես անում Ղարաբաղի համար» համահայկական շարժմանը նվիրված հանդիսություն, որի ընթացքում վարժարանը ներկայացրեց շարժմանը նվիրված իր նախաձեռնությունները: Հանդիսությունը մեկնարկեց` հովանավորությամբ Հայ Կաթողիկե պատրիարքության, նախագահությամբ՝  աշխատանքային այցով Լիբանանում գտնվող ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի, և ներկայությամբ Լիբանանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սամվել Մկրտչյանի, հյուպատոս Աշոտ Վարդանյանի, արհիապատիվ հայր Գևորգ եպս. Ասատուրյանի, Լիբանանի նախկին նախարար Ժակ Չուխատարյանի, հյուրերի, ծնողների և աշակերտների:

«Հայաստանը հայի ոգեղեն ու հոգևոր արժեքների բնօրանն է, որտեղից սնվում է սփյուռքում ապրող հայ ժողովուրդը: Ուստի, որպես սփյուռքահայ, անհրաժեշտ ու էական ենք համարում Սփյուռք-Հայրենիք կապը, որի անքակտելիության մեջ իր մեծ դերն ունի  Սփյուռքի նախարարությունը»,-միջոցառման բացման ելույթում նշեց Ս. Խաչ-Հարպոյան վարժարանի լրատվական բաժնի պատասխանատու Լյուսի Տոքմեջյանը` հավելելով. «Հայաստանն ու Արցախը հանդիսանում են Հայ Կաթողիկե Ս. Խաչ-Հարպոյան Վարժարանի ազգային դաստիարակության հիմքը, հայրենասեր և հայրենատեր սերունդներ պատրաստելու մեր վեհ պարտականության կիզակետերը: Եվ ահավասիկ, այսօր, որպես սփյուռքահայ, ականջ ենք դնում նախարարության «Դու ի՞նչ ես անում Ղարաբաղի համար» կոչին` մեր ուժերն ի մի  բերելով և մեր կարողությունները ի սպաս դնելով Լեռնային Ղարաբաղի՝ մեր Արցախի բարօրության ու բարգավաճման համար»:

Այնուհետև գեղարվեստական հայտագրով ելույթ ունեցան Սերժիո Ահարոնյանը՝ «Ղարաբաղ» երգով, Աքասիա Ազատյանը՝ «Արցախի հերոսներին» ասմունքով, Արև Բոյաջյանը՝ «Հե՛յ, երգիր Արաքս» ջութակի կատարումով, Փաթիլ Մարաշլյանը, Փաթիլ Մարգարյանը և Ռաֆայել Մխսյանը՝ «Ղարաբաղցին» երգով, իսկ Մարկրիթա Մալտոսյանը, Խաչիկ Օքսազյանը, Փաթիլ Ավետիսյանը և Հակոբ Վարդանյան քառյակը՝ «Արցախ» պարով:

«2010 թվականի մարտի 29-ին` այն օրից, երբ մեր վարժարանում առաջին անգամ հյուրընկալեցինք տիկին Հրանուշ Հակոբյանին, Ս. Խաչ-Հարպոյան վարժարանի և Սփյուռքի նախարարության միջև սկիզբ առած հարաբերությունն ու գործակցությունը օրըստօրէ ծաղկեց, զարգացավ ու բարգավաճեց: Տնօրինությունս առաջին օրից իր պատրաստակամությունը հայտնեց և գործեց այն համոզումով, որ այս նախարարական կառույցը կամուրջ է հանդիսանում Սփյուռքի մեջ գործող հաստատությունների և Հայրենիքի միջև: Արդարև, հավատալով, որ մեր հայրենիքը զորանում է աշխարհի տարբեր անկյուններում հաստատված, բայց իրենց սիրտը միշտ Հայաստանով ու Արցախով բաբախող հայորդիներով, վարժարանս, այս հանդիսավոր պահին, իր ամբողջական աջակցությունն է հայտնում Արցախին նվիրված համահայկական շարժմանը»,-իր խոսքում նշեց վարժարանի տնօրեն Ռիտա Բոյաջյանը:

 «Դու ի՞նչ ես անում Ղարաբաղի համար» շարժման կապակցությամբ Ս. Խաչ-Հարպոյան վարժարանն իր համեստ լուման է տրամադում՝ գործնական մասնակցություն բերելով այս հսկայական ազգօգուտ ծրագրին: Վարժարանը որոշեց.

  1. Մարտակերտի թիվ 2 հանրակրթարանն ընդունել իբրև քույր վարժարան և Բեյրութ հրավիրել այդ վարժարանի հարկի տակ գործող և հատուկ կարիքներ ունեցող աշակերտների հետ զբաղվող 3 մասնագետներ՝ դիտարկության շաբաթ  անցնելու Ս. Խաչ-Հարպոյան վարժարանի ուսումնական հատուկ կարիքների բաժանմունքում, փորձառություններ փոխանակելու և վերարժևորման հատուկ դասընթացների հետևելու համար:
  1. Արցախում գործող ներառական կրթության ծրագիր ունեցող 102 վարժարաններում զավակ ունեցող 423 ծնողների և այդ վարժարաններում գործող հատուկ կարիքներ ունեցող աշակերտների հետ զբաղվող 68 մասնագետների համար ուսուցողական հատուկ սեմինարներ կազմակերպել` Բեյրութից Արցախ գործուղելով Ս. Խաչ-Հարպոյան վարժարանի ուսումնական հատուկ կարիքների բաժանմունքի մի խումբ մասնագետներ:
  1. Արցախում հատուկ կարիքներ ունեցող 423 աշակերտներին նվիրել գրենական պիտույքներ: Այս նախաձեռնությունը ֆինանսավորելու համար դպրոցում կատարվում է հավաքական աշխատանք` պատրաստելով լիբանանյան խնձորի քաղցրավենիք և այն վաճառելով հանրությանը` այս գործընթացի մեջ ընդգրկելով վարժարանի անձնակազմը, ծնողները, աշակերտները և դպրոցի բարեկամները:

Հայրենիք-Սփյուռք կամրջող նախաձեռնությունների մեջ իր անսպառ ջանքի համար Հրանուշ Հակոբյանը Ռտթա Բոյաջյանին պատվեց հուշանվերով` գերապայծառ Ասատուրյանի ձեռամբ: Սփյուռքի նախարարն այս հանդիսությունը որակեց` որպես լավագույնը, ամենահուզիչը և ամենահայրենասիրականը` ասելով. «Դու ի՞նչ ես անում Ղարաբաղի համար» կոչից անմիջապես հետո հայկական սփյուռքը ալեկոծվեց, և սփյուռքյան կառույցները հատիկ առ հատիկ ոտքի կանգնեցին` սատար հանդիսանալու Ղարաբաղին: Այս առումով տիկ. Բոյաջյանի ներկայացրած ծրագրով հիացա և ուրախացա, որովհետև այս դպրոցն այդպես փորձում է ամեն ինչ անել, որպեսզի դառնա այս շարժման գլխավոր մասնակիցը»: Նախարարը շնորհակալություն հայտնեց Սփյուռքի նախարարության բոլոր ծրագրերին մասնակցելու և դրանց հետևելու համար: Նա գլուխ խոնարհեց այն ուսուցիչների առջև, ովքեր ամեն բան անում են այս դպրոցում հայը կերտելու և աշակերտներին ոսկեղնիկը ուսուցանելու համար, և հատուկ շնորհավորեց վարժարանի տնօրենին` Սփյուռքի մեջ այսքան օրինակելի դպրոց պահելու համար: Հրանուշ Հակոբյանն իր խոսքն ավարտեց` ասելով, թե բոլորի հայացքը ուղղված է Հայրենիքին, որովհետև Հայրենիքն է բոլորիս իսկական թթվածինը, և «հետևաբար, մենք բոլորիդ սպասում ենք, կանչում և ասում՝ արի տուն»:

2 3 4 5 6 7 8 9

Scroll Up