Ղարաբաղը պահելը, հզորացնելը յուրաքանչյուր հայիս խնդիրն է. ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյան

«Այս շարժումը շատ տարողունակ է, ընդգրկում է մեծից փոքր, հարուստից, աղքատ, հայաստանցի, արցախցի թե սփյուռքահայ… Իրոք, յուրաքանչյուրն  իրենց հարց պետք է տան՝ թե ինքը ի՞նչ է անում Ղարաբաղի համար: Եվ ես ուրախ եմ, որ շարժումը սկսում է ուժեղանալ, թափ հավաքել»,-պատասխանելով ՀՀ սփյուռքի նախարարության նոր՝ «Դու՛ ի՞նչ ես անում Ղարաբաղի համար» ձեռնարկի մասին «Արևելք» լրատվականի հարցին՝ ասել է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

«Շարժման գլխավոր հերոսները դարձան մեր երեխաները,  և դպրոցներում այս շարժումն իր հետաքրքիր տարածումն ունեցավ: Իսկ եթե երեխաները դա ընդունում և ընկալում են ինչպես հայրենասիրություն,  ընկալում են, թե ինչպես իրենք իբրև հայրենասերներ պետք է դաստիարակվեն նաև այս հարցադրումով,  նաև իրենց ծնողներին են կոչ անում, դիմում որ ծնողները նույնպես իրենց մասնակցությունը բերեն, ուրեմն շարժումը հաջողություն է գտնում»,-ասաց Հրանուշ Հակոբյանը:

Ինչպիսի՞ն պետք է լինի ակնկալվող արարքը Ղարաբաղի համար հարցին Հրանուշ Հակոբյանը պատասխանեց. «Մենք դրա տակ հասկանում ենք ոչ միայն նյութական աջակցություն, այլև՝ կապեր, հարաբերություններ, գիտելիքներ, մոտեցումներ… Յուրաքանչյուրն իր հնարավորությունների սահմաններում: Ամեն մեկն ինչով կարող է, պետք է օգտակար լինի Ղարաբաղին: Ղարաբաղը  տնտեսություն է, Ղարաբաղը մշակույթ է, Ղարաբաղը կրթություն է, գիտություն է, սահման է, անվտանգություն է, հետևաբար, մենք բոլոր առումներով պետք է կարողանանք, այսպես ասած, համախմբվել և հիշել, որ մենք միայն ցավի ու վտանգի պահին չէ, որ պետք է իրար հետ լինենք: Քանի դեռ լուծված չէ Ղարաբաղի հարցը, ուրեմն վտանգը միշտ կա, և մենք միշտ պետք է նույն համախմբվածության մեջ գտնվենք:

Խոսելով արձանագրված արդյունքների մասին Սփյուռքի նախարարը նշել է. «Ուրախ եմ, որ Լիբանանի հայկական դպրոցներում արդեն գումարներ են հավաքվում՝ սահմանափակ կարողություներով երեխաներին սայլակներ և համապատասխան սարքավորումներ գնելու եւ նվիրելու համար: Ուրախ եմ, որ Սարատովից փորձում են կապեր հաստատել, ընկերանալ միմյանց հետ: Շատ ուրախ եմ, որ Արգենտինայում, ԱՄՆ-ում, Եվրոպայում մարդիկ տարբեր ձեռնարկներ, մշակութային քննարկումներ են սկսել, թե ինչ կարելի է անել Ղարաբաղի համար: Եվ յուրաքանչյուր կառույց, յուրաքանչյուր անհատ ինքը պետք է որոշի, թե ինքը ինչ է ուզում: Մենք չենք ասում գումար տվեք, նյութական նվիրատվություն արեք, ասում ենք՝ յուրաքանչյուրդ ձեր հնարավորությունների, ձեր կարողությունների, ձեր գիտելիքների սահմաններում օգտակար եղեք Ղարաբաղին: Ղարաբաղը մեր ոգին է, մեր խիղճն է, մեր հայրենիքի սահմանն է, հետևաբար Ղարաբաղը պահելը, պահպանելը հզորացնելը յուրաքանչյուր հայիս խնդիրն է: Ղարաբաղը հայ ժողովրդի քսանհինգամյա  անկախ զավակն է: Այդ զավակի խաղաղության և ապագայի համար պետք է մտածենք բոլորս»:

Scroll Up