Մի կյանքի պատմություն. Թորոս Թորանյան

Հալեպահայ գրող,  հրապարակախոս,  արձակագիր,  հասարակական գործիչ, 120 գրքերի հեղինակ, բժիշկ  Թորոս Թորանյանը, սիրիական պատերազմի պատճառով  թողնելով իր ծննդավայրն ու հաստատվելով Հայրենիքում, շարունակում է նույն եռանդով ու ջանասիրությամբ, նվիրումով ստեղծագործել, մասնակիցը լինել Հայաստանի մշակութային կյանքի անցուդարձերին: Վերջերս Թորանյանը ՀՀ  սփյուռքի նախարարության գրադարանը հարստացրեց  իր նոր՝ 2016-ին լույս ընծայված գրքերով:  Թորոս  Թորանյանի   «Ակնարկներ  դոկտ. պրօֆ. Սուրեն Դանիէլեանի  և «Սփիւռք»  գիտաուսումնական կենտրոնի աշխատութիւններուն շուրջ»,  «Հարցազրոյցներ՝ Սուրիոյ մէջ  դուրսէն պարտադրուած պատերազմին հետեւանքով ՀՀ-ի կողմէ սիրով ընդունուած հայերու հետ», «Անահիտ  Թոփչեան. վիպագիր,  արձակագիր»  գրքերը   մի քանի  ամիս է,   ինչ   մեր գրասեղաններին են:

Մշակույթի անխոնջ մշակի հետ ծավալված «Հայերն այսօր»-ի համար   պատրաստվող  մեր  զրույցի ընթացքում վաստակաշատ մտավորականը պատմեց իր անչափ հետաքրքիր ու հուզիչ կյանքի պատմությունը, զրուցեցինք նաև նրա անցած ստեղծագործական հարուստ ու տպավորիչ, բազմաբովանդակ  գործունեության մասին:

«Ծնվել ու մեծացել եմ Հալեպում, արմատներս Կիլիկիայից են: Հորս չեմ հիշում, որովհետև երկու տարեկան եմ եղել,  երբ նա մահացել է: Մեծ մորս ջարդի  ժամանակ վտարել են գյուղից. մեր գյուղը Ներսես Շնորհալու գյուղից՝ Հռոմկլայից շատ մոտ է գտնվել, Ճիպին է կոչվել, որը թուրքերն անվանափոխել են՝ կոչելով Սայլակ քայա: Մայրս պատմում է, որ  երեխաներով  փողոց էին դուրս գալիս, քայլում. ծնողները փնտրում ու չէին գտնում իրենց երեխաներին,  հետո գտնում էին Հռոմկլայում:  Ջարդի ժամանակ մայրս 5-6 տարեկան է եղել. մեծ մայրս, քեռուս գրկած, քայլելով հասել է մինչև Եգիպտոս, մինչև Սուեզի ջրանցք.  իսկ մորս հանձնել է մի քուրդ ընտանիքի՝ ասելով, որ ճանապարհին մեռնելու փոխարեն՝ ավելի լավ է մնա այդ ընտանիքում: Մեծ հայրս օսմանյան բանակի զինվոր է եղել,  լքել է բանակը, փախել և գյուղ գնացել: Ասել են, որ աղջիկն ապրում է մի քուրդ ընտանիքում, գնացել է, որ աղջկան ետ վերցնի,  քուրդ ընտանիքը դեմ չի կանգնել. երեխային ասել են, որ հայրն է եկել,  արդեն քրդախոս դարձած երեխան ասել է, որ աչքերն իր հոր աչքերն են,  բայց մորուքը  շփոթմունք է առաջացնում. համոզում են,  որ իր հայրն է: Մեծ հայրս, երեխային գրկած, դժվարությամբ  հասել է  Հալեպ: Մինչ այդ զինադադար է կնքվել, 1918-ին թուրքերը պարտվել են, անգլիացիներն ու ֆրանսիացիներն ասել են, որ հայերը կարող են վերադառնալ իրենց բնակավայրերը: Ժողովրդին նավով,  հետո՝ ավտոբուսներով, հասցնում են  Հալեպ, եկեղեցում հանդիպում են իրար, և ընտանիքն ամբողջանում է՝ մեծ հայրս, մեծ մայրս, քեռիս ու մայրս:  Վերադառնում են գյուղ՝ Ճիպին, այդ  գյուղն ուներ իր եկեղեցին ու դպրոցը՝ Կիլիկյան  6-ամյա վարժարանը. հայրս այդ վարժարանում է սովորել: Հանկարծ սկսվում է Քեմալի շարժումը, և սկսվում է հայերի 2-դ տարագրությունն,  ու մենք հասնում ենք Հալեպ,  որտեղ էլ 1928 թվականի փետրվարի 29-ին ծնվում եմ ես.  4 տարին մեկ եմ մեծանում:  Վարպետ Մարտիրոս Սարյանն էլ նույն օրն է ծնվել: Մինչև 5 տարեկան դառնալս ես հայերեն չգիտեի, հետո սովորեցի, հաճախեցի  Ազգային Պողոս Գյուլբենկյան վարժարան, որի բարերարն իր մահացած երեխայի՝ Պողոսիկի  անունով էր կոչել դպրոցը. Լոնդոնում մեծ գործարանների տեր էր,  իր կնոջ՝ Վերժինի  մահից հետո էլ, նրա անունով՝ «Վերժին Գլուլբենկյան մայրանոց»՝ ծննդատուն բացեց, և այն  մեծահասակ տղաների համար, ովքեր չէին կարող դպրոց հաճախել, գործարան հիմնեց, որտեղ տղաները կարող էին սղոցներով փայտ տաշել,  փայտ կտրել,  գոնե մի արհեստ սովորել: Նա Հալեպում հիմնեց նաև «Եփրատ» օրաթերթը, երկու տարի ինքը եղավ խմբագիրը, հետո ուրիշին հանձնեց: Այդ հրաշալի մարդը  հայ ազգի մեծ նվիրյալներից էր: Այնպես որ, Հալեպը մեզ համար  ասես երկրորդ Հայաստան դարձավ, որտեղ Էրգրից բերած բոլոր սովորությունները պահպանվեցին. Հալեպն այսօր ավերակների են վերածել:  Հետո երկու տարի  հաճախել եմ Հալեպի  ամերիկյան քոլեջ,  ուր տարվա վարձը չէի կարող վճարել,  ուստի դրա դիմաց մաքրում էի  դասասենյակները: Այդտեղ ավարտեցի 8-ամյակը: Երկրորդական ուսումս շարունակել եմ Կիպրոսի Մելքոնյան վարժարանում: Հետագայում, երբ արդեն ամուսնացած էի և երկու երեխա ունեի, գնացինք Բուլղարիա: Ես և կինս հետևեցինք համալսարանական դասընթացների. ես երրորդ կուրսի ուսանող էի, կինս՝ 2-րդ կուրսի,  եկանք Հայաստան, մեկ տարի սովորեցինք Պետական համալսարանի բանասիրության բաժնում, երեխաներս հաճախեցին Եղ.Չարենցի անվան դպրոց,  այնուհետև կնոջս՝ Արմինեի հետ խորհրդակցեցինք և որոշեցինք ընտրել բժշկի մասնագիտություն. սովորեցինք, ավարտեցինք: Սկզբում գնացի Փարիզ, այնտեղ վանեցի  մոտիկ բարեկամ ունեմ, ով համալսարանն ավարտելու առիթով որոշեց ինձ նվեր անել՝ Փարիզ-Վան ուղևորության տոմս: Գնացի Վան, գիրք գրեցի Վանի մասին, շատերն ինձ այդ գրքով ճանաչեցին:  Կարպիսն ինձ տուն տվեց, բժշկի գիշերային աշխատանք գտավ և ասաց, որ կարող եմ Արմինեի հետ, ընտանիքով գալ: Սակայն Արմինեի հետ խորհրդակցեցինք և որոշեցինք,  որ  ծեր ծնողներ ունենալով՝  ավելի ճիշտ կլինի գնանք մեր ծննդավայր: Գնացինք  Դամասկոս, աշխատեցի որպես անեսթեզիոլոգ, որովհետև այնտեղ այդ մասնագիտության կարիքը կար, և ինքս էլ իմ հերթին անեսթեզիոլոգներ պատրաստեցի, Արմինեն էլ կանանց բժիշկ աշխատեց: Ապրեցինք մինչև սիրիական պատերազմը.  Արմինեիս հետ ապրեցի 60 տարի. 60 տարի մենք երկուսով գիրք կարդացինք, զավակներս նույնպես ընթերցասեր են:  Հիմա այստեղ ենք գերդաստանով՝ տղաս իր ընտանիքով է այստեղ, երկու աղջիկ ունի, մեծն այս տարի 10-րդ դասարան փոխադրվեց,  աղջիկս է մեզ հետ, եղբայրս՝ իր ընտանիքով, այստեղ ծնված ծոռ ունեմ Արեգի անունով, ով արդեն 3 տարեկան է:  Մեկ ծոռ էլ՝ Նոյ անունով,  դրսում է ապրում, այստեղի քաղաքացիություն ունի: Մինչև Հայրենիքում  մշտական բնակություն հաստատելը՝ ես միշտ եկել եմ Հայաստան, մասնակցել Գրողների միության համագումարներին,  մշտապես կապ եմ ունեցել հայ մեծանուն գրողների հետ,  եղել նրանց օջախներում,  զրույցներ անցկացրել,  շրջել եմ աշխարհով մեկ,  դասախոսություններ կարդացել, ելույթներ ունեցել. ես երկու անգամ եղել եմ Չինաստանում, Հնդկաստանում, երկու անգամ եղել եմ Ավստրալիայում, Հարավային Ամերիկայում, Բրազիլիայում, տարբեր թեմաներով դասախոսություններ եմ կարդացել: Յուրաքանչյուր այցիս 60 ելույթ եմ ունեցել:  Լոնդոնում  դասախոսել  եմ Պարույր Սևակի մասին՝ ցուցադրելով նաև լուսանկարները, Համո  Սահյանի մասին եմ դասախոսել….Մի ամբողջ գիշեր Սևակի հետ զրուցել ու բանավիճել ենք, Համո Սահյանի հարկի ներքո հետաքրքիր զրույցներ ենք ունեցել… Նվիրվեցի գրական աշխարհին և մինչ օրս այդ աշխարհում եմ, գրում եմ, տպագրում գրքեր՝ տարբեր թեմաներով: Միայն այս տարի 8 գիրք եմ գրել, որոնցից չեն տպագրվել երեքը. հովանավոր եմ  փնտրում:   Տարիքիս առումով մի բան պատմեմ. մի քանի օր առաջ գնացել էի հանդիպման. (ես Երևանի բժշկական համալսարանի շրջանավարտներից եմ, ընդհանուր բժշկության բաժինն եմ ավարտել,  Հայաստանի գրողների միության անդամ եմ դեռևս 1968 թվականից՝ ուսանողական տարիներից) գնացի  Բժշկականի նախկին ռեկտորի՝ ակադեմիկոս  Վիլեն Հակոբյանի մոտ, իմացավ իմ կատարած հսկայական աշխատանքի մասին, զարմացավ ու ասաց՝ պետք է բժիշկների կոնսիլիում հրավիրենք, տեսնենք,  թե 90-ին մոտ տարիքում  այսքան  գործ ինչպե՞ս ես արել….Մեր գրողներից Անդրանիկ Ծառուկյանը 30 տարի առաջ  հարցրեց, թե իմ այդչափ խանդավառությունը ե՞րբ պիտի վերջանա,  ես պատասխանեցի՝ լեռան բխող աղբյուրին հարցրեք, թե  ինչու է գիշեր-ցերեկ անդադար բխում. Ծառուկյանը ժպտաց, ասաց, որ շատ լավ պատկեր գծեցի ու առաջարկեց գրել այդ մասին…30 տարի անց գրեցի այդ մասին և տպագրեցի «Անդին» ամսագրում: Հիմա ապրում եմ Հայաստանում, հայրենադարձ եմ, սփյուռքահայ, սակայն այս բոլորը մեկ անուն ունի՝  հայ … Ես,  լինելով սփյուռքահայ, ուզում եմ,  որ հայաստանցին  ճիշտ պատկերացում կազմի Սփյուռքի մասին:  Պատրաստվում եմ գրել նաև իմ կյանքի վեպը. գրքի ընդհանուր վերնագրի անունն է՝ «Երկիր երթալն է ճիշտ»,  դա գրքի  առաջին բաժինն է, երկրորդ բաժինը կկոչվի «Իմ կյանքի վեպը». պետության կողմից պետք է տպագրվի, խոստացել են ներառել 2017 թվականի ծրագրում: 300 անուն գիրք ունեմ հրատարակած (խմբագրած, որոշ մասի առաջաբանի հեղինակն եմ),  որոնցից 120-ն իմ հեղինակածն են.  անելիքներ շատ կան, պետք է աշխատեմ:  Շատ մեծ գրադարան եմ ունեցել, Հալեպում էլ գրադարան եմ թողել, սակայն  Հալեպից հույսս կորցրել եմ: Մեկ-երկու շաբաթից լույս կտեսնի 6-րդ գիրքս,  7-րդ գիրքս  գրել եմ Ռուբեն Սևակի մասին:   Ահա իմ կյանքի  մեծ պատմությունը,  որը հնարավորինս համառոտակի ներկայացրեցի Ձեր  ուշադրությանը»:

…Հիրավի,  գրականության  անխոնջ  մի մշակի  մեծ  կյանքի  մեծ  պատմություն է սա. պատմություն,  որն իր բազմաբովանդակ ու տարողունակ էջերով նաև հանրագիտարանային գիտելիքների շտեմարան ու հարուստ ժառանգություն է սերունդների համար:

Կարինե Ավագյան

IMG_4148 IMG_4149

Scroll Up