ՀՈՎՍԵՓ ՕՐԲԵԼԻ

«Ես շատ ուրախ եմ, որ իմ որդիները գնում են
նյութապես անապահով ճանապարհով՝  հանուն
գիտության և այն ազգի, որի զավակներն են, և
որը բոլորից շատ կարիք ունի հարգանք
պարտադրելու ուրիշներին՝  մարդկությանը
տալով գիտության նշանավոր գործիչներ»:

Աբգար Օրբելի

Բարեկա´մս, անհրաժեշտ խոհերի համար, թերթենք պատմության էջերը:
Իհարկե համառոտագրելով՝ փորձենք մոտենալ հայոց պատմության մեջ խոշոր հետագիծ թողած հայ իշխանական տոհմի պատմությանը՝ Օրբելիների փաղանգին:

Օրբելիներ

850-ամյա տոհմի պատմությունը սերում է Սիսակ նահապետի աշխարհից: «Պատմություն նահանգի Սիսական» աշխատության էջերին է Ստեփանոս Օրբելյանի շարադրած Սիսական տան «քաղցրալուր պատմությունը»:
Օրբելիների տոհմն ունի հին հայկական իշխանական ծագում: Օրբելիները սերում են Մամիկոնյաններից, նրանք էլ, իրենց հերթին, ըստ պատմիչների, Ճենաց աշխարհից եկան ու հաստատվեցին Գուգարքում:

Օրբելիները բարձր դիրք են գրավել և զգալի դեր խաղացել հայ քաղաքական ու մշակութային կյանքում: Երևելի այս տոհմի պատմության մեջ առանձնացել են Լիպարիտ, Սմբատ, Տարսայիճ Օրբելիները:

Մեծ համակրանքով է նկարագրում Ստեփանոս Օրբելյանը Տարսայիճ Օրբելյանին. «Նա այր էր մի զորեղ և հաջողակ ռազմի ու բոլոր գործերի մեջ»: Տարսայիճ իշխանն իր սահմաններն ամրացնելու նպատակով կնության է առնում Արցախի Հասան Ջալալյանի դուստր Մինա Խաթունին: Եվ միավորելով երկու ուժերը՝ նրանք ավելի են զորեղանում:
Տոհմն իր բարձունքին հասավ 13-14 դարերում, երբ Օրբելյանների տիրակալության մեջ  մտավ Սյունիքը: Այդ ժամանակաշրջանում ապրեց ու ստեղծագործեց Մոմիկ ճարտարապետը, ում ձեռամբ և մտքով կառուցվեցին Սպիտակավորը, Արենին, Նորավանք դամբարանատունը: Նորավանքում` տոհմական գերեզմանատանը, թաղված է տոհմի պատմաբան Ստեփանոս Օրբելյանը: Համաձայն նրա` «Օրբել» անունը վերցված է «Օրբետ» ամրոցի անվանումից, որը գտնվում է Վրաստանում` Օրբետ գյուղի մոտ:

Օրբելիների տիրապետությունը Սյունիքում անկում ապրեց Լենկթեմուրյան արշավանքի ժամանակ: Սյունիքը ռազմաբեմ դարձավ, և Օրբելիները գաղթեցին դեպի Վրաստան:

Բավարարվենք այս համառոտագրությամբ և դառնանք Օրբելի եղբայրներին:

Օրբելի եղբայրների ծաղկաձորյան տուն-թանգարանում աշխատակիցները, ըստ կենսագիրների տեղեկությունների, ներկայացնում են մասնավորապես եղբայրների գերդաստանի հետաքրքրական պատմությունը:
Նրանց հայրական պապը` Հովսեփ Օրբելին, ուսանել է Մոսկվայի Լազարյան ճեմարանում, որն ավարտելուց հետո անցնում է հոգևոր ծառայության:

Հովսեփ Օրբելի մեծ հայրը ունեցել է հինգ զավակ` երեք որդի և երկու դուստր:
Օրբելի եղբայրների հորեղբայրները` Դավիթը և Համազասպը, ավարտել են Խարկովի համալսարանի բժշկական ֆակուլտետը. Դավիթ Օրբելին հոգեբույժ-ջղախտաբան էր, Համազասպը Թիֆլիսում՝ հայտնի բժիշկ-ատամնաբույժ:
Օրբելու երրորդ որդին` Օրբելի եղբայրների հայրը` Աբգար Օրբելին (1849-1912), ավարտել է Ս. Պետերբուգի կայսերական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Նա բացառիկ կրթված մարդ էր, մեծ ուշադրություն էր դարձնում որդիների դաստիարակությանը և կարողացավ հիանալի կրթության տալ նրանց:

Ա. Օրբելին ամուսնացած էր իշխանական ծագում ունեցող Վարվառա Մովսեսի Արղության-Երկայնաբազուկի հետ (1857-1937): Նա կրթված կին էր, հիանալի տիրապետում էր չորս լեզուների, հետևում երեխաների դաստիարակությանը և ուսմանը:

Օրբելի եղբայրներից ավագը Ռուբեն Օրբելին է (1880-1943): Նա համարվում է ԽՍՀՄ-ում ստորջրյա հնագիտության հիմնադիրը և ստորջրյա տեխնիկայի պատմության և գիտության նոր ճյուղի` հիդրոհնագիտության համաշխարհային ճանաչում վայելող խոշորագույն մասնագետներից մեկը: Ռ. Օրբելին իր մտքի հուժկու թռիչքով և համարձակ հետազոտություններով կարողացավ հիմնել գիտության նոր բնագավառ, որի խնդիրն էր ստորջրյա հսկայական տարածքներից դուրս բերել մշակութային արժեքներ և առավել լիարժեք ներակայացնել համաշխարհային մշակույթը:

Եղբայրներից միջնեկը հռչակավոր ֆիզիոլոգ, էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի հիմնադիր ակադեմիկոս Լևոն Օրբելին է (1882-1958): Նա ավարտել է Ս. Պետերբուրգի ռազմաբժշկական ակադեմիան և աշակերտել հանճարեղ Ի. Պավլովին: Նրա հինգհատորյա «Ընտիր երկերը» մի ընդգրկուն ուսումնասիրություն է նյարդային համակարգի բոլոր ուղղությունների մասին և բացահայտում է հեղինակի` համաշխարհային ֆիզիոլոգիայի խոշոր դեմքերից մեկին` Լ. Օրբելու գիատական հայացքներն ու մտքի խորությունը:

Եղբայրներից կրտսերը հռչակավոր արևելագետ ակադեմիկոս Հովսեփ Օրբելին է (1887-1961)՝ մեր հերոսը:

Տոհմիկ գիտնականը

Առաջնորդվենք թանգարանի տնօրեն Գերասիմ Մկրտչյանի և Մարինե Բունիաթյանի կազմած հանրամատչելի «Հովսեփ Օրբելի. Անի» գրքով (1PRINT, 2011թ.):

Հ.Օրբելին երկար տարիներ ղեկավարել է Լենինգրադի Էրմիտաժը, կազմակերպել ցուցահանդեսներ, գիտական նստաշրջաններ: Հայրենական մեծ պատերազմի տարիներին նա ղեկավարել է Էրմիտաժի գանձերի տարհանումը, իսկ պատերազմից հետո ելույթ է ունեցել Նյուրնբերգյան դատավարության ժամանակ: Հ. Օրբելին եղել է Լենինգրադի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի դեկանը, հիմնադրել Խորհրդային Միության գիտությունների ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի լենինգրադյան բաժանմունքը, Հայաստանի գիտությունների ակադեմիան և դարձել նրա առաջին նախագահը:

Հովսեփ Օրբելին ծնվել է 1887 թ. մարտի 8 (20)-ին Քութայիսիում: Հաջորդ տարի ընտանիքը վերահաստատվել է Թիֆլիսում:

1904 թ. նա ավարտել է Թիֆլիսի 3-րդ արական գիմնազիան, ապա ընդունվել Ս. Պետերբուրգի Կայսերական համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետը` աշակերտելով այնպիսի խոշոր գիտնականների, ինչպիսիք էին անտիկագետներ Ս. Ժեբելևը, Մ. Ռուստովցևը, Ֆ. Զելինսկին, արևելագետ Յա. Սմիռնովը, բյուզանդագետ Վ. Բենեշևիչը և այլոք:

Հունահռոմեական հնություններից զատ, ուսանող Օրբելուն դասականներից ավելի ու ավելի էր հրապուրում Արևելքը` Հայաստանը, Վրաստանը, Իրանը, նրանց պատմությունն ու մշակույթը:

1906 թ. ամռանը խոշորագույն հետազոտող Հ. Օրբելին առաջին անգամ մասնակցում է քաղաքամայր Անիի պեղումներին, իսկ 1907 թ. ընդունվում համալսարանի նաև արևելյան լեզուների ֆակուլտետը: Սակայն, նվիրվելով արևելագիտությանը, Հ. Օրբելին չթողեց դասական բանասիրությունը, որը անհրաժեշտ ոլորտ էր` արևելագիտական առարկաների տիրապետման ուղղությամբ: Ի դեպ, ճիշտ այդպիսին էր նաև Հ. Օրբելու ուսուցչի` 20-րդ դարի խոշորագույն հայագետներից մեկի` Նիկողայոս Ադոնցի մոտեցումը:

Հ. Օրբելին փայլուն կերպով ավարտեց արևելյան լեզուների ֆակուլտետը` միաժամանակ անցնելով պատմաբանասիական ֆակուլտետի լրիվ դասընթացը:

Սերն ու հետաքրքրությունը դեպի դասական բանասիրությունը, անտիկագիտությունը Հովսեփ Օրբելին պահպանեց ընդմիշտ:
Շատ գիտելիքներ է ձեռք բերել արվեստների պատմաբան Հ. Օրբելին համալսարանի լսարաններում, սակայն իսկական բարձրագույն կրթություն նա ստացել է, թերևս, ոչ այնքան Նևայի ափերին, որքան Անիում:

Պատմական Հայաստանը կանչում էր Հովսեփ Օրբելուն: Երիտասարդ գիտնականը օր առաջ ուզում էր լինել Մոկսում, Վանում, Անիում, ուզում էր լինել հայոց մայրաքաղաքում, ուզում էր տեսնել «արևելքի մարգարիտ», անտերունչ ու լքված Անին:

Անկասկած, մեծ հույսերով ու հույզերով Հովսեփ Օրբելին առաջին անգամ ոտք դրեց Անի:

ԱՆԻ, ՄՈԿՍ, ՎԱՆ: Մինչև գիտական կյանքի կարևոր փուլերն ապրելը Հովսեփ Օրբելին գիտեր, որ այդ վայրերում ննջում են հայոց փառքերը: Ըստ նրա՝ Անի քաղաքի անվանումը աղերսվում է Անահիտ աստվածուհու անվան հետ: Նա գիտեր, որ Բագրատունիները 961 թվականից Հայաստանի մայրաքաղաք Անի տեղափոխեցին իրենց արքունիքը, որ Անին, ըստ իր ուսուցիչ Մառի, Կովկասի հնագիտական պսակի ամենախոշոր մարգարիտն էր, Անիի միջով են անցել առևտրական մեծ ճանապարհները, որ Անին արևելքի և արևմուտքի միջև առևտրի կենտրոնատեղի էր:

Առաջին անգամ Հովսեփ Օրբելին Անի եկավ 1906 թվականին, Ալիշանի խոսքերով՝ «Հազար ու մի եկեղեցիների» մայրաքաղաքը: Մառի խոսքով՝ Կովկասի հնագիտական պսակի ամենախոշոր մարգարիտը՝ ավերակված Անին, դիմավորեց նրան (Գ.Շախկյան «Հայ ճարտարապետության յոթ հրաշալիքներ»,  2001, «Անահիտ» հրատ.):

Հետագայում Հովհաննես Շիրազը նույնը պետք է գրեր. «Ավերակված Անին, պատառոտված ծիրանին թիկունքին, թագուհու պես մեզ էր նայում հանված աչքերով»: Պետք է պատկերացնել, թե որքան է տխրել, երբ եկեղեցուց եկեղեցի է անցել երիտասարդ գիտնականը: Կամ ինչ բերկրանք է ապրել, երբ առաջին գիտարշավը հաջողությամբ է պսակվել, քանի որ ավարտվել էր Գագկաշեն եկեղեցու մաքրումը, որը Զվարթնոցի ընդօրինակումն էր: Աներևակայելի է պատկերացնել Հովսեփ Օրբելու խանդավառ հպարտությունը, երբ հենց այդ ժամանակ հայտնաբերվեց Գագիկ Ա թագավորի (990-1017) արձանը՝ չալմայով, տաճարի մանրակերտը ձեռքին («Հովսեփ Օրբելի, Անի», 2011թ., կազմողներ` Մարինե Բունիաթյան, Գերասիմ Մկրտչյան): Նույն ընթացքում Գագկաշենում գտնվեց 11-րդ դարի պղնձյա հսկայական մի ջահ՝ այնքան ծռմռված ու այլանդակված, որ սկզբում դրա կառուցվածքն անհասկանալի էր անգամ ընդհանուր գծերով: Ջահի վերականգնումը, կասկած չկար, որ Ն. Մառը կհանձնարարի Հ. Օրբելուն. հրաշալի մի ակնթարթ գիտնականի կյանքում: Նա մեկնում է Ալեքսանդրապոլ և մեկ շաբաթ սովորում մի փականագործի մոտ, ապա հավաքելով փշրված, ծռմռված ջահի կտորները՝ վերականգնում է այն նախնական ձևով: Սա նաև քննություն էր մեծ ճանապարհի սկզբին:
Զարմանահրաշ մի աշխարհ էր բացվել: Աշխարհիկ ու հոգևոր կյանքի մի անհատնում հնավայր էր Անին, և Հովսեփ Օրբելին ամեն նյարդով կապվեց հայոց հնամենի մայրաքաղաքին:

Ըստ գիտական տեղեկագրերի՝ Հ.Օրբելին համարյա ամեն ամառ գալիս էր Անի` դառնալով Ն. Մառի ամենամերձավոր աշխատակիցը: Այլ պարտականությունների հետ մեկտեղ տնօրինում էր Անիի հնադարանը: Վերջինս հիմնվել էր մասնավոր միջոցների շնորհիվ: Սկզբում հնադարանի համար հարմարեցված էր այն շենքը, որը 11-րդ դարում դարձել էր մզկիթ (Մանուչե մզկիթ): 1906 թ. հաշվետվության մեջ Ն.Մառը նշում էր. «Վերջապես շատ էին Անիի թանգարանի մաքրման, կարգի բերման, հնությունների նկարագրման ու տեղադրման աշխատանքները, սակայն այստեղ ճարվեց այն ամենն, ինչն անհրաժեշտ էր: Իսկ այն, ինչ արված է, ձեռք է բերվել շնորհիվ այն բանի, որ այս տարի ես ունեի հիանալի աշխատակիցներ` նկարիչ Պոլտորացկի և ուսանող Հ. Օրբելի, որոնք, առանց ձեռքերը ծալելու, թանգարանում աշխատում էին ոչ միայն ցերեկները, այլ երբեմն նաև գիշերները»:

1908 թ. հուլիսի 20-ին հարազատներին, մասնավորապես Օլգա Օրբելուն ուղղված նամակում Հ. Օրբելին գրում է. «Այստեղ անսահման աշխատանք կա, ամեն րոպե նոր իր է հանվում, գտածոներին թիվ չկա, և բոլորը մանրակրկիտ աշխատանք են պահանջում: Անչափ ու անսահման է կերամիկան, բայց և շատ հետաքրքիր: Բոլորից շատ հոգս ու ջանք է պահանջում կտորեղենը: Այսօր պեղումների ընթացքում հանեցինք 5-6 տարեկան մի աղջնակի` դագաղի մեջ: Նրա զգեստի տակ կար մետաքսե քուղ-լայնագոտի, որն ունի խորհրդանշական դեր: Նրա զգեստը շատ յուրօրինակ և գեղեցիկ էր` հիանալի ոսկեթել ասեղնագործությամբ, վագրի և առյուծի պատկերով, ինչը թույլ է տալիս ենթադրելու, որ նա ունի իշխանական ծագում: Հպարտությամբ հայտնում եմ նաև, որ վաղը մեկ շաբաթ է, ինչ մենք հանդիսավոր կարգով մեր նոր թանգարանի հիմքը դրեցինք: Այն կառուցվում է ճարտարապետ-նկարիչ Պոլտորացկու և ինժիներ-ճարտարապետ Օրբելու նախագծով»:

Այո´, հրատապ էր թանգարանի նոր շենքի հարցը, որն իրականացվեց 1908 թ.: Եթե Մանուչեի մզկիթում պահում էին մանր առարկաներ և Գագիկի արձանը, ապա նոր թանգարանում տեղավորված էին արձանագրություններ, ճարտարապետական մանրակերտներ և խաչքարեր:

Հազար ու մեկ եկեղեցիների բաց թանգարանը՝ Անին, առեղծված էր ու գրավիչ: Անի այցելում էին զբոսաշրջիկներ աշխարհի բոլոր կողմերից: Պեղումներից գտնված մասունքները, որ զետեղված էին ապակեպատ ցուցափեղկերի մեջ, հավաստում էին աշխարհով մեկ հայտնի Անիի ճարտարապետական ոճի մասին: Հնադարանն ավերակներից հունցված, ավերակներից լսվող մի ճիչ էր:

Այսօր, երբ թերթում ես «Յոթ հրաշալիքներ և այլք» Վ. Չեռնյակի գիրքը, հասկանում ես, թե ինչու Օրբելու բացատրությունները հաճախ վերածվում էին իսկական դատախոսության: Օրբելին ինքը սքանչացած էր Անիի հորինվածքներով, Տրդատ ճարտարապետի կառուցած Կաթողիկեի լուծումներով, ինչն, ըստ Չեռնյակի, հիմք է տալիս կարծելու, որ Կաթողիկեն ունի վաղ գոթական շենքի բոլոր հիմնական հատկանիշները: Եվ, ամենակարևորը, հաստատվում է այն կարծիքը, որ գոթական ոճը Հայաստանից է թափանցել արևմուտք: Շուտով ձեռք բերված փորձի հիման վրա՝ Օրբելին պատրաստեց և «Անի» շարքում հրատարակեց պեղվող քաղաքի ուղեցույցը, կազմեց հնադարում պահվող նյութերի գիտական ցուցակը, ապա հասունացավ գիտելիքը ամփոփելու ժամանակը` Անիի պատմության և նրա հուշարձանների վերաբերյալ: Կարճ ժամանակ անց Օրբելին հրատարակեց ևս մեկ հանրամատչելի գրքույկ` «Անիի ավերակները» վերնագրով:

1910 թ. սեպտեմբերի 22-ին Գիտությունների ակադեմիայի պատմաբանասիրական բաժանմունքի նիստում Մառն առաջարկեց քաղաք Վան ուղարկել մի մասնագետի, որը կզբաղվի տեղի հնություններով և կհավաքի բարբառագիտական նյութեր: Միով բանիվ այդպիսի գործ կարող էր իրականացնել միայն Օրբելին: Առաջարկությունն ընդունվեց: Եվ  Հ.Օրբելին անցավ նախապատրաստական աշխատանքի: «Իհարկե, ստիպված եմ շատ պարապել ու պատրաստվել այդ ուղևորությանը, որովհետև ինչպես իր պայմաններով, այնպես էլ իր էությամբ պատասխանատու աշխատանք է»,- գրում է Հ.Օրբելին իր ծնողներին: Իսկ 1910 թ. դեկտեմբերի 12-ին հավելում է. «Հիմա աշխատում եմ գլխավորապես լեզվի վրա, որը, իսկապես, շատ դժվար է, բայց և ուղևորությունս հիմնական նպատակն է»: 
Գիտելիքներով զինված ու սպասելիքներով հուսավառ՝ 1911թ. Հ. Օրբելին ձեռնարկեց մի կարճատև գիտական ճանապարհորդություն: Այն բոլոր առումներով ավելի բարդ եղավ: Դեպի Մոկս (քաղաք Վանա լճի հարավային ափին) ձեռնարկված ուղևորությունը, ինչ-որ իմաստով, անընդհատ վերադարձի կյանքի ճանապարհ էր: Մինչև կյանքի վերջը նա մնաց Մոկսում տեսածի ու լսածի տպավորության ներքո:

1911 թ. հւլիսի 1-ին Օրբելին Բաթումից մեկնեց Կոստանդնապոլիս և Տրապիզոնի, Բայբուրդի ու Էրզրումի վրայով ուղևորվեց Վան: Ճանապարհին լուսանկարեց և նկարագրեց մի շարք ճարտարապետական հուշարձաններ, ընդօրինակեց արձանագրութ¬յուններ: Օգոստսի 14-ին հասավ Վան և որոշեց կենտրոնանալ Մոկսի հայ բնակչության բարբառի ուսումնասիրության վրա: Մոկսում մնաց հինգ շաբաթ: Տպավորիչ ու բազմադեմ բարբառներով հարուստ այս քաղաքում անելիքը շատ էր: Նահանգի բնակչությունը կենտրոնացած էր 5 թաղերից, փաստորեն հինգ համարյա միաձուլված գյուղերից բաղկացած Մոկք: Օրբելին հավաքեց ու կազմեց Մոկսի բարբառին հատուկ շատ նյութեր, կազմեց հատուկ բառարան, որտեղ ամփոփվեցին այն բառերն ու արտահայտությունները, որոնք վերաբերում էին դաշտային աշխատանքներին, արհեստներին, բուսական աշխարհին: «Արժեքավոր ծառայություն ինձ մատուցեցին երեխաները, որոնք աշխատանքս դիտում էին որպես զվարճալիք և ամեն րոպե վազում մոտս` հարցնելու` գրել եմ արդյոք այս կամ այն բառը»– հայտնում էր երիտասարդ ուսանողը Գ.Ա.-ի ներկայացրած հաշվետվության մեջ: Նա կարողացավ կազմել տեղական բարբառի հոլովման և խոնարհման հատուկ աղյուսակներ, գրի առավ առակներ, հեքիաթներ, զվարճալի պատմություններ, որոնցում «քաղաքացի» հեղինակները հումորով, երբեմն բավական կծու արտահայտվում էին գյուղացիների բարքերի մասին: Գրի առավ նաև  տեղական բալլադներ, երգեր առակներ և ասացվածքներ:
Ձմեռն անցկացրեց Վանում: 1911 թ. դեկտեմբերի 11-ին Վանից իր ընկերուհի Մարուսյային ուղարկած նամակում Օրբելին գրում է. «Տասը օրից ես կմեկնեմ Վան. երևի թե ձմեռն այնտեղ անցկացնեմ: Կապրեմ մեր կոնսուլի տանը. այդպես ավելի հեշտ կլինի: Իսկ եթե ձյունը փակի Բայազետի ճանապարհը, ստիպված կլինեմ ավելի երկար մնալ»: 

1912 թ. գարնանը, հենց որ ճանապարհը բացվեց, նա նորից ուղևորվեց Մոկս: Երկրորդ ուղևորության ընթացքում ավարտեց հավաքված բնագրերի վրա մնացած աշխատանքը: Նա մեկ այլ հետաքրքրություն էլ ուներ՝ շարունակել քրդերենի ուսումնասիրությունը: Եվ հասավ նպատակին: Օգտագործելով հայերեն բառարանի բառացանկը, ստուգաբանելով արդեն եղած բառարանները՝ կազմեց քրդերեն բառարան:

Մոկսում ապրած ժամանակը մեծապես ներգործեց ու լայնացրեց Հ.Օրբելու աշխարհայացքը: Հեքիաթային այս միջավայրում բացառիկ էին մարդիկ, բարի և կիրթ:

Անկրկնելի էր Մոկսը, որտեղ շատ էին սրբավայրերը, որտեղ Սուրբ Խաչ վանքն էր, ուր վաղնջական ժամանակներում գործել էր Անանիա Մոկացին: Հնի ու նորի այս խաչմերուկում երիտասարդ գիտնականի վրա մեծ տպավորություն է թողնում հատկապես Մուրթուլա բեգը: «Ապրում եմ մուդիրի` տեղամասային պրիստավի` քրդական բեյի` հայկական կոտորածի ժամանակ հայերի պաշտպաններից մեկի տանը: Ես հազվադեպ եմ հանդիպել այդպիսի համակրելի և գեղեցիկ ծերունու: Եվ ամենից գլխավորը. նա զարմանալի բարեկիրթ է, թեև Վանից այն կողմ ոչ մի տեղ չի գնացել: Ինձ հիանալի է վերաբերվում»,– գրում է Հ.Օրբելին 1911 թ. ծնողներին ուղղված նամակում: Ընդգծելով Մուրթուլա բեգի դերը հայերի կոտորածի ժամանակ` Օրբելին նկատի է ունեցել հետևյալը. «1895 թ. Ուզիմ գյուղը շրջապատված է եղել գազազած ֆանատիկոսների ամբոխով, և միայն Մուրթուլա բեգի անձնազոհ միջամտությունն է փրկել գյուղի բնակչությանը»:

Մոկսի քրդերի, նրանց մարդկային հատկանիշների մասին Հ. Օրբելին միշտ սիրով էր հիշում: Կրկնում ու կրկնում էր, թե ինչպես նա Մոկսում հասկացավ, որ ոչ թե քուրդ ժողովուրդն է հայերի թշնամին, այլ քրդերին հայերի դեմ սադրող թուրքական վարչակազմը: Մոկսում մարդիկ ջերմ էին իրենց վարքով, կարծես բարության դասեր էին տալիս անցնող-դարձողին:

Հաջորդ վայրը, որտեղ պիտի լիներ Օրբելին, Վանն էր: Գիտնականին այստեղ սպասում էին հազար ու մի բացահայտումներ:

Նա պեղումները սկսեց Վան քաղաքի մոտակայքում գտնվող «Թոփրակ կալե» հողաբերդ բլուրում: Տեղացի բնակիչներից և հնավաճառներից գնեց մի շարք հետաքրքիր հնագիտական և ազգագրական առարկաներ, որոնք պահպանվում են Էրմիտաժում:

Վերադառնալով Սանկտ Պետերբուրգ` Հ. Օրբելին իր աշխատանքների մասին հանգամանորեն զեկուցեց ԳԱ պատմաբանասիրական բաժանմունքում և Ռուսաստանի հնագիտական ընկերության արևելյան բաժանմունքում: Գիտական աշխարհն այդ ելույթներն ընդունեց մեծ հետաքրքրությամբ: Հովսեփ Օրբելին նորովի էր բացահայտել հայոց աշխարհի արարչագործ խորհուրդը:

Վավերագրերը վկայում են, որ Հ. Օրբելու հետաքրքրությունների շրջանակը շարունակ ընդլայնվում էր: 1916 թ. նրա կյանքում նշանավորվեց ուրարտագիտությանը մատուցած կարևոր ծառայությամբ: Հ. Օրբելին շեշտում էր, որ այդ ասպարեզում «զգալի արդյունքների կարելի է հասնել հետագա պեղումների ժամանակ»: Վանի ժայռի նկարագրությանը Հ.Օրբելին պիտի ծանոթացած լիներ դեռևս ուսանողական տարիներին, երբ ընթերցում էր Մովսես Խորենացու «Հայոց Պատմությունը»: Ժայռի հյուսիսային լանջերին` Վանի Միջնաբերդի պարիսպներին, երևում էին քարաժայռի մեջ փորված երկու խոր որմնախորշեր, որոնք կիսով չափ լցված էին հողով: Արևմտյան որմնախորշի արևելյան պատի վրա փորագրված էր ուրարտական Սարդուրի Երկրորդ թագավորի սեպագիր արձանագրությունը, որի վերջին տողի տակ ինչ-որ տառեր էին երևում: Պեղումները ցույց տվեցին, որ դրանք հայերեն տառեր են: Հ. Օրբելու հայտնաբերած ուրարտերեն արձանագրությունները բովանդակում էին Ք. ա. 8-րդ դարի կեսերին իշխած Սարդուրի Երկրորդ թագավորի տարեգրության նշանակալից հատվածները: Բնական է, որ արձանագրությունների հայտնաբերումը Հ. Օրբելուն բերեց մեծ և արժանի փառք:  1922 թ. լույս տեսավ աշխատությունը` «1916 թ. հնագիտական արշավը Վանում»: 

Վանում Օրբելին առանձին ուշադրության արժանացրեց Աղթամար եկեղեցու քանդակներին: Քանդակներում առանձնապես կարևոր տեղ է գրավում «խաղողի գոտին», որի վրա պատկերված է խաղողի մշակման աշխատանքը՝ այգեկութ, գինու պատրաստում, խնջույք և այլն: «Խաղողի գոտին մի գովերգ է,- գրում է Հ.Օրբելին,- և ավելի ցայտուն ձևով է զգացվում Աղթամարի տաճարի կապն այն հողի հետ, որի վրա կանգնած է նա, և ժողովրդի, որը ստեղծել է այն»: Նշելով աշխարհիկ թեմաները այդ քանդակներում՝ Օրբելին տեսավ և հայտնաբերեց նոր աղերսներ հեթանոսական կերպարների և «Սասունցի Դավիթ» ժողովրդական էպոսի միջև:

Նրա ուսումնասիրություններն և տեսակետները մինչ օրս էլ ծառայում են գիտական աշխարհին:
Վանի պեղումների արգասաբեր այդ շրջանում Օրբելին ընդամենը 29 տարեկան էր, բայց արդեն ճանաչված գիտնական էր: Ուներ 21 տպագրված աշխատություն, դասախոսում էր համալսարանում: 1914 թ. ընտրվում է ռուսական հնագիտական ընկերության Արևելյան բաժանմունքի իսկական անդամ, ապա բաժանմունքի գիտական քարտուղար:

Հովսեփ  Օրբելին հուշերի  մեջ

Շատերն են հիացական հուշեր թողել մեծ գիտնականի մասին: Առինքնող արտաքինով, խորաթափանց հայացքով տաղանդավոր հայորդին ուղղակի գրավել է ժամանակի գիտական մտքի և հասարակայնության ուշադրությունը: Յուրաքանչյուր հուշ մի ուրվագիծ է նրա դիմանկարի ամբողջացման ճանապարհին:

Իր հուշերում Ե. Տառլեն վկայում է. «Կես դարից ավելի Հ. Օրբելին ծառայեց գիտությանը: Հայ ժողովրդին և աշխարհին պարգևեց հնագիտական, աղբյուրագիտական, բարբառագիտական մեծ ու փոքր, փայլուն և մնայուն աշխատություններ, որոնցից յուրաքանչյուրի մեջ ճառագայթում է տաղանդավոր գիտնականի լուսավոր միտքը: Նա հայկական էպոսի խորը վերլուծողն էր: Ուներ կոլեկտիվ աշխատանք կազմակերպելու շնորհ, որը բացառիկ է գիտնականների միջավայրում»:

Առանձնացնենք Ռուբեն Զարյանի թանձր ու տպավորիչ վրձնահարվածները. «Արշավիր Մելիքյանից հետո միակ հռետորը, որ ինձ վրա խորը տպավորություն է թողել, Հովսեփ Օրբելին է: Ամբիոնի մոտ նրա երևալը բավական էր, որ դահլիճը հավատով լցվեր նրա նկատմամբ: Օրբելին իր փառահեղ մորուքով նման էր մոգի:

Նա իր խոսքը հանդարտ էր սկսում՝ հնարավորություն տալով ունկնդրին մտնել իր նյութի ընդհանուր մթնոլորտի մեջ: Երբ համոզվում էր, որ իրեն լսողները մտքով և, գլխավորը, զգացողությամբ իր արծարծած հարցերի ոլորտում են, նրա հանգիստ խոսքը թափ ու փայլ էր առնում: Օրբելին կարողանում էր իր խոսքի հմայքին ենթարկել ունկնդրին: Ինքը հուզվում էր և հուզում մի ամբողջ լսարան, որքան էլ մեծ լիներ:

Նա հասնում էր առավելագույնին. ամենատարբեր խառնվածքի և ամենատարբեր պարաստության տեր մարդկանցով լեցուն դահլիճը  մի կես ժամում դարձնում էր մի մտքի, մի հույզի, մի կամքի ենթակա միասնական լսարան»:
Անհնարին է պատմել կամ պատմելով սպառել մեծ հմայքի տեր գիտնականի կենսագրությունը: Հովսեփ Օրբելու ամեն մի գիտական աշխատանքը, յուրաքանչյուր ուղևորությունը, մեծերի, ժամանակակիցների հետ հանդիպումների արձանագրությունները ներկայացված են աշխարհի տարբեր հանրագիտարաններում, ժամանակակիցների հուշերում, Օրբելու կենսապատումի էջերում:

Օրբելիների օջախը հայրենիքում

Հայաստանում՝ ծաղկաշատ Ծաղկաձորում, մի անկյուն կա, որտեղ շարունակվում է Օրբելիների կենդանի ներկայությունը: Այո´ խոսքը Օրբելի եղբայրների թանգարանի մասին է, որ բացվել է 1982 թ. հուլիսի 6–ին` Ծաղկաձորում, որտեղ ծնվել է միջնեկ եղբայր Լ. Օրբելին: Թանգարանի 6 սրահներում ժամանակագրական հերթագայությամբ արտացոլվում է Օրբելի եղբայրների կյանքը, գիտական հասարակական գործունեությունը: Շատ տպավորիչ է լենինգրադյան նրա աշխատասենյակի նմանությամբ ծաղկաձորյան սենյակի ձևավորումը: Ասես հենց նոր է գրասեղանից հեռացել գիտնականը ու քիչ հետո կվերադառնա, որ շարունակի թերթել «Սասունցի Դավիթ» էպոսի անաղարտ ու չավարտվող էջերը: Կամ ահա-ահա աշխատասենյակ կմտնի և կշարունակի խորհել Վանի, Անիի չպեղված, չգրված, հոգածության կարոտ հնավանդ մեր հող հայրենիի մասին: Իսկ գուցե կմտներ ու հայտնության պես կարտասաներ հայոց բարբառներից որևէ արտահայտություն, որևէ խոսք՝ շարունակելով ներկայացնել հայոց տարբեր կողմերի կենցաղն ու բարքերը, մարդկանց՝ հասնելով մինչև Ուրարտու, գուցե ավելի հեռու:

Սիրելի´ բարեկամ, իմացի´ր, որ երբ էլ լինես Նորավանքում, հիշի´ր, որ այստեղ են Օրբելիների տորհմական շիրմաքարերը: Եվ հիշի´ր Հովսեփ Օրբելու ապրած կյանքը, պարզապես, խոնարհում է իր տոհմի պատմությանը, հայոց փառավոր ժամանակներին ու նրա գալիքին: Առհավատչյան Հովսեփ Օրբելու թողած գիտական ժառանգությունն է, որի մասին խորապես հոգացել ու փուլ առ փուլ դասդասել են ծաղկաձորյան թանգարանում:

Պետք է խոստովանել, որ թանգարանի սրահները շղթայված են մի ներքին կապով, որը գուցե «արյունակցական» անունն ունի: Դարերը կտրած-անցած մի սիրտ է տրոփում թանգարանի անդորրի մեջ` «ցեղին սիրտը»: Առասպելական մի ճանապարհ է գծված: Փառքով պսակված տոհմի պատմությունն է: Այս գիտակցությամբ ապրեցին ու արարեցին Օրբելի եղբայրները: Նրանց մեջ «իշխանաց իշխանը» Հովսեփ Օրբելին էր:

ԱՂԲՅՈՒՐՆԵՐ

1.Զարյան Ռ., Հուշապատում, հ.1, 1975, Ե., «Հայաստան» հրատ.:
2.Իսաբեկյան Հ., Հայկական Ռենեսանսի ճարտարապետությունը, Ե., 1989, «Հայաստան» հրատ.:
3.Հարությունյան Վ., Հայկական ճարտարապետության պատմություն, Ե., 1992, «Լույս» հրատ.:
4.Շախկյան Գ., Հայ ճարտարապետության յոթ հրաշալիքներ,Ե., 2001, «Անահիտ» հրատ.:
5.Օրբելյան Ստեփանոս, Պատմություն նահանգի Սիսական, Թիֆլիս, 1910:
6.Օրբելի Հովսեփ. Անի, Ե., 2011, «1PRINT» (կազմողներ` Մարինե Բունիաթյան, Գերասիմ Մկրտչյան):
7. Օրբելների տոհմը. հեռուստապատում, 10.10.2011թ., Հ 1, «Հայից հայ»:

Արփեն Մովսիսյան

Scroll Up