Հայոց ցեղասպանության 100-­րդ տարելիցի միջոցառումները հայության զարթոնքն էին. ցեղասպանության զոհի ժառանգ

Շավարշ Քրիսյանը, ով մասնագիտությամբ բժիշկ է, ապրում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Օսմանյան Թուրքիայում հայտնի մարզիկ, «Մարմնամարզ» թերթի խմբագիր Շավարշ Քրիսյանի եղբորորդին է: Շավարշ Քրիսյան ավագը մեկն էր այն մտավորականներից, ում Հայոց ցեղասպանությունն իրագործողները աքսորեցին, ապա դաժանաբար սպանեցին:

Լինելով Հայոց ցեղասպանության զոհի ընտանիքի ժառանգ` Շավարշ Քրիսյան կրտսերը կարծում է, որ Թուրքիան վաղ թե ուշ ճանաչելու է իր գործած ոճիրը: «Անժխտելի է, որ մենք շատ մեծ պահանջ ունենք, մեր դեմ ոճիր է գործվել, որը պետք է տակավին փոխհատուցվի թե բարոյապես, և թե նյութապես: Ինչու բարոյապես. այնքան ժամանակ, քանի դեռ Թուրքիան Հայոց ցեղասպանությունը չի ճանաչել, վտանգի տակ է Հայաստանը»,­ասաց Շավարշ Քրիսյանը: Նրա դիտարկմամբ` առաջնահերթը Թուրքիայի կողմից իր հանցանքի ընդունումն է, որը նրանց համար շատ դժվար չէ:

«Հավանաբար, վախենում են հատուցումից: Նրանք կարող են ասել` մենք չէինք, մեր նախահայրերը սխալ գործեցին, հազար ներողություն, այլևս չի պատահի: Սա է մեր ամենամեծ պահանջն ու մարդկային ակնկալիքը: Երբ գիշերը քնեք, հագիստ լինեք, որ վտանգ սպառնացող թշնամի գոյություն չունի Արևմտյան սահմանի կողմում»,­ ավելացրեց «Արմենպրես»-­ի զրուցակիցը:

Շավարշ Քրիսյանի խոսքով` չդատապարտելով Թուրքիային` մարդկությունը թույլ է տալիս, որ նույնը կրկնվի նաև այսօր: «Ինչ մեզ հետ եղավ 100 տարի առաջ, այսօր մեր աչքի առջև կրկնվում է Սիրիայում, Իրաքում, միայն այն տարբերությամբ, որ Թուրքիան այսօր թաքնված է իսլամական ծայրահեղականների հետևում, իբր թե նրանց հետ կապ չունի: Անհնարին է, որ այդ բանակն այդքան հաղթանակներ տանի` առանց ավելի մեծ պետության` այս դեպքում Թուրքիայի կողմից չֆինանսավորվելու»,-ասաց Շավարշ Քրիսյանը:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100­-րդ տարելիցի միջոցառումներին և հայության հետագա քայլերին` Շավարշ Քրիսյանը նշեց, որ մեծ գոհունակություն ապրեց` տեսնելով ապրիլիքսանչորսյան միջոցառումները Հայաստանում և աշխարհի տարբեր երկրներում: «Մի բան հստակ էր, աշխարհի բոլոր կողմերի հայությունը ոտքի էր ելել` անգլախոսը, ֆրանսախոսը, հայախոսը, կաթոլիկն ու առաքելականը, բոլորը: Նրանք մեկ ձայնով պահանջատեր դարձան: Մենք Լոս Անջելեսում 130 հազար հոգով 8­10 կիլոմետր քայլել ենք: Զարմացանք, թե այսքան հայություն որտեղից: Երիտասարդ, միջին տարիքի, ծեր մարդիկ, բոլորն էլ այնտեղ էին: Այնպես չէր, որ ծերերն էին միայն այնտեղ, միայն նրանք են հիշում, ոչ` երիտասարդությունն էր այնտեղ, նրանք գոռում էին, որ մենք պահանջներ ունենք: Դա անկասկած վերազարթոնք էր»,­տպավորություններով կիսվեց Շավարշ Քրիսյանը: Նա կարևորեց նաև Հռոմի պապի մատուցած պատարագն ու նրա հնչեցրած խոսքում երկու կարևոր շեշտադրում: «Երկու բան կա` մեկը, որ նա, ով մեկ միլիարդի չափ հետևորդ ունի, «ցեղասանություն» բառը կիրառեց: Մյուսն էլ` դուք գիտեք, որ Կաթոլիկ եկեղեցին միշտ հավակնել է, որ աշխահի թիվ մեկ եկեղեցին է, իրենց նման եկեղեցի չկա: Առաջին անգամ Պապն ասաց` Առաջին քրիստոնյա եկեղեցին հայկական է: Սա մեզ համար մեծ հաղթանակ է ու շահ»,­ընդգծեց նա: Շավարշ Քրիսյանի խոսքով` եվրոպական շատ երկրներ արդեն սկսել են խոսել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին, ինչը կբերի նրան, որ մի օր Թուրքիան կմնա միանյակ` չընդունելով ցեղասպանությունը:

«Մոտավորապես պատկերացնում եմ, թե ինչպես պետք է Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Նրա ընդդիմադիր կուսակցությունը պետք է ունենա ավելի մեծ քանակով ձայներ, նրանք պետք է որդեգրեն մեր հարցը, որ քվե շահեն: Ժողովորդի մեջ էլ նոր մտածելակերպ կլինի, նրանք կմտածեն պատմության մասին, նրանք կդառնան մեր կողմը, կասեն, որ իրենց ստել են պատմության հարցում: Այս ամենից հետո Թուրքիան քաղաքական ձևով կճանաչի Հայոց ցեղասպանությունը»,­ նկատեց զրուցակիցը:

Ինչ վերաբերում է Հայաստանի ապագային, ապա, Շավարշ Քրիսյանի դիտարկմամբ` Հայաստանն ու հայերը պետք է կարողանան աշխարհին ներկայանալ որպես հարուստ մշակույթի և քաղաքակրթության կրողներ: Իսկ դա իրագործելու համար պետք է հասու լինել լայն զանգվածներին: «Մենք մեծ ժառանգություն ունենք` Եգիպտոսի, Հունաստանի չափ, ճիշտ է, բուրգեր չունենք, բայց կարասներ ունենք, հնագույն շրջանի իրեր: Մենք դրանով կարող ենք աշխարհին ցույց տալ, որ իրավատեր ենք: Ամերիկան 200 տարվա պատմություն ունի, այն հարուստ երկիր է, բայց նրանք չեն կարող ասել, որ քաղաքակրթության առաջամարտիկ են, իսկ հայությունը կարող է ասել: Ունենք սքանչելի նկարիչներ, բանաստեղծներ, բայց դրանք միայն փոքրամասնություններին են հասու, քիչ մարդկանց: Ինչպես լայն մասսաներին մեր ունեցածը ներկայացնենք. պետք է ունենալ համաշխարհային չափանիշով ֆուտբոլի խումբ, օլիմպիական ատլետներ, թենիս խաղացողներ, գիտեք ինչու` օլիմպիական խաղերը աշխարհում 2 միլիարդ մարդ է դիտում, դրոշակները, բոլոր մարզիկների շորերի վրա գրված «Հայաստան» բառերը կտեսնեն այդքան մարդիկ: Նրանք կսկսեն հետաքրքրվել, թե ովքեր են այդ հայերը ու մի օր էլ կգան Հայաստան ու կհասկանան, որ մենք ունենք այդքան մեծ ժառանգություն»,-­շեշտադրեց Շավարշ Քրիսյանը:

Scroll Up