«Մենք կարող ենք ստեղծել կայացած ու զարգացող Հայրենիք, եթե ունենանք հզոր Հայաստան և հզոր Սփյուռք. Ալեքո Պեզիքյան

Աշխարհասփյուռ հայությունը պոկված մարգարտյա ապարանջանի հմայքն ունի. այս ու այն կողմ ցրված մարգարիտները փայլում են՝ առանձնահատուկ որակ ու հմայք հաղորդելով շրջակա միջավայրին:

Այդ մարգարիտներից յուրաքանչյուրն անուրանալի արժեք ու հարստություն է իր շրջակայքի համար, նրանցից յուրաքանչյուրի գոյությունն առանձին-առանձին՝ էական է ու բովանդակային, մինչդեռ միասնական՝ մեկ շղթայով, նրանց փայլն ու հանճարը ոչ թե շրջակայքը, այլ ամբողջ աշխարհն է զարդարում:

Տաղանդավոր հայի կյանքն ու գործը պատիվ ու համբավ է բերում յուրաքանչյուր երկրին, բայց նրանք հանճարեղ են միասին՝ իրենց Հայրենիքում:

Հենց այս փաստը քաջ գիտակցելով՝ 20-րդ դարասկզբին թուրքն իրականացրեց Հայոց ցեղասպանությունը՝ ոչ միայն հայկական պատմական տարածքները «թուրքացնելու», այլև «այդ տարածքներում» ապրող ու արարող հայի հանճարը արմատախիլ անելու, երկրի երեսից վերացնելու համար:

Մի մարգարտի պատմություն

Ալեքո Պեզիքյանի հայրը՝ 6-ամյա Արամը, միակն էր ողջ ընտանիքից, որ փրկվեց Հայոց ցեղասպանությունից ու հասնելով մինչև Լիբանան, ամուսնացավ իրեն բախտակից հայուհու հետ:

Արամի որդին հետագայում պիտի մեծանար ու դառնար Եվրոպայի հաջողակ բիզնեսմեններից մեկը՝ միևնույն ժամանակ գիտակցելով, որ ինքը հայազգի մարգարտե շղթայի մի հատիկն է, որ իր գենի ու տեսակի համար պարտք է այն փոքրիկ, նորաստեղծ Հայաստան-Հայրենիքին, որն անկախացավ Մեծ եղեռնից 76 տարի անց միայն:

Ալեքո և Անի Պեզիքյանները վերջերս Հայաստանում էին՝ կատարելու հերթական բարեգործական քայլը: Հունիսի 13-ին նրանք մասնակցեցին «Անի Պեզիքեան» անունը կրող երիտասարդական կենտրոնի բացմանը, որտեղ անվճար իրենց ուսանողական տարիները կանցկացնեն Հայաստանի տարբեր մարզերից Երևան ուսանելու եկած անապահով ընտանիքների կամ մանկատների աղջիկները:

Մենք պատիվ և հնարավորություն ունեցանք զրուցել տեր և տիկին Պեզիքյանների հետ.

Պարո´ն Պեզիքյան, Ձեր և Ձեր տիկնոջ՝ Անիի ծնողները փրկվել են Հայոց ցեղասպանությունից: Պատմեք խնդրեմ Ձեր ընտանիքների պատմությունը:

-Այո՛, և՛ իմ, և՛ տիկնոջս՝ Անիի ծնողները Արևմտյան Հայաստանից էին. հայրս՝ Արամը, և մայրս՝ Պերճուհին, Ադանայից էին, տիկնոջս հայրը Զեյթունից էր, իսկ մայրը՝ Ուրֆայից:

Հայրս Հայոց ցեղասպանության տարիներին պատահած ծանր ընտանեկան վերհուշ է թողել մեզ: Հորս եղբորը՝ 17-ամյա Ալեքսանդրին, թուրքերը գլխատել են իր և ծնողների աչքի առաջ, հետո վերացրել ամբողջ ընտանիքը: Փրկվել է միայն 6-ամյա Արամ հայրս, որ գաղթի ճամփան բռնած՝ քարավանի հետ անապատներով հասել է Հալեպ ու մինչև 12-13 տարեկանն ապրել «Թռչնոց բույն» որբանոցում:

Հետո հայրս դերձակություն և ընթերցանություն է սովորել, ամուսնացել է մորս հետ ու  հիմնական բնակություն հաստատել Լիբանանում: Որոշ ժամանակ անց կարողացել է ընդլայնել գործունեությունը և կարի արտադրամաս հիմնել:

Ընտանիքիս պատուհասած հորեղբորս ողբերգական մահն էր պատճառը, որ հայրս ինձ անվանակոչեց  ոչ թե իր հոր, այլ վաղամեռիկ եղբոր՝ Ալեքսանդրի անունով:

Մեր ընտանիքում ես չորրորդն էի՝ երեք քույրերիցս հետո լույս աշխարհ եկած այնքան ցանկալի արու զավակը, օջախի ծուխը:

Աշխատանքով լեցուն ու պատասխանատու պատանեկության և երիտասարդության տարիներ եք ապրել՝ արդարացնելով մեծ վիշտ տեսած Ձեր ծնողների հույսերը: Մինչև ո՞ր թվականը մնացիք Լիբանանում:

– Մինչև 1975-1976 թվականները: Հիմնական կրթություն ստանալուց հետո՝ ընդունվեցի բարձրագույն ուսումնական հաստատություն, ինչը սակայն անհանգստացրեց հորս. ինչպե՞ս պիտի շարունակեի ընտանեկան գործը և ինչպես պիտի օգնեի իրեն պահել ընտանիքը: Այդ մտավախությունն ինձ ստիպեց ընդունվել աշխատանքի. աշխատում էի առավոտյան ու գիշերը, իսկ ցերեկը՝ ուսանում. օրս տևում էր նվազագույնը 18 ժամ: Այդպես հառաջացա և մեր ընտանիքը կարողացավ ընդլայնել գործը մինչև 1970թ., այդ տարի մահացավ հայրս: Մայրս ավելի շուտ՝ 1968-ին էր մահացել՝ 54 տարեկան հասակում:

Ի դեպ, ուսանողական տարիներիս մասին խոսելիս՝ չեմ կարող չհիշել մի արտահայտություն, որ հաճախ էր ընկնում ականջիս՝ «հայու կտոր մըն է»: Արաբներն այդպես էին վերաբերվում իրենց լեզվին չտիրապետող այլազգիներին: Սակայն այդ արտահայտությունն ստիպեց ինձ, որ սովորեմ ու հաղորդակցվեմ արաբերենով ավելի լավ, քան իրենք՝ արաբները:

Ես Դաշնակցական եմ, իմ գաղափարական ուսուցիչը Սիմոն Վրացյանն է, իսկ հոգևոր դաստիարակս՝ Մեծի Տանն Կիլիկիո երջանկահիշատակ Կաթողիկոս Զարեհ Առաջինը, ում անունով էլ կոչեցի կրտսեր որդուս:

Կրթվելով և ամուսնանալով Անիի հետ Լիբանանում՝ մենք ունեցանք երկու զավակ՝ Արամ և Զարեհ: Այնուհետ որոշեցինք տեղափոխվել Իտալիա և այնտեղ շարունակել հորս գործը՝ ավելի մեծ ծավալներով ու միգուցե ավելի լավ որակով՝ կազմակերպության անունը բոլոր ժամանակներում թողնելով նույնը՝ «Արամ հաստատություն»:

– Պարո´ն Պեզիքյան, Դուք և տիկին Անին այսօր այնքան խանդավառ եք, ծրագրերով ու կյանքով լի, որ Ձեզ պիտի ձգտեն նմանվել ու հասնել շատ երիտասարդներ: Ո՞րն է երիտասարդ մնալու Ձեր գաղտնիքը և ի՞նչ էր Ձեզ սպասվում Իտալիայում:

-Նախ ասեմ, որ կնոջս ճանաչում եմ ավելի քան 52 տարի, և 47 տարի է ամուսնացած ենք: Կյանքում ամեն բանի հասել ենք միասին, ինչ որոշել ենք ու ստեղծել, միասին ենք արել:

unnamed (6)

Իսկ երիտասարդ մնալու գաղտնիքն աշխատանքն է: Կարծում եմ՝ մարդ միշտ պետք է ձգտի հասնել ավելիին, նպատակ դնի իր առջև ու ջանքեր չխնայի այդ նպատակին հասնելու համար: 36 տարի ապրեցինք ու աշխատեցինք Իտալիայում:

Մեր որդիներին լավագույն կրթություն տալը առաջնահերթություն համարելով՝ որոշեցինք 13-ամյա Արամին և 11-ամյա Զարեհին ուղարկել Շվեյցարիա՝ այնտեղի լավագույն գիշերօթիկ դպրոցներից մեկում ուսանելու: Յոթ տարի նրանք սովորեցին ու ապրեցին մեզանից հեռու Շվեյցարիայում՝ դառնալով ինքնուրույն և կայացած տղաներ:

Արամին և Զարեհին կրթություն տալու գործում կարևորել ենք ոչ այնքան ըստ մասնագիտության աշխատանք գտնելը, որքան կրթվելու ընթացքում ուղեղը մարզելու և աշխարհայացքն ընդլայնելու հնարավորությունը:

Սակայն կար մի հանգամանք, որն ամենակարևորն էր որդիներիս դաստիարակության գործում. նրանք պիտի քաջ գիտակցեին, թե ով է հայը, իրենց յուրաքանչյուր քայլով բարձր պիտի պահեին հայի պատիվն ու արժանապատվությունը, պիտի տիրապետեին մայրենի լեզվին:

Հայեցի դաստիարակության, փայլուն հայերենով հաղորդակցվելու ամբողջ գործը կնոջս՝ Անիի ուսերին էր, և այսօր վստահ կարող եմ ասել, որ կնոջս շնորհիվ ոչ միայն Արամն ու Զարեհը, այլև մեր թոռնուհին՝ 9-ամյա Անին, հրաշալի տիրապետում է հայերենին:

Այս առիթով մի ուրիշ հետաքրքիր դիտարկում ևս: Մենք համոզված ենք, որ ազգային պատկանելության, օտար ափերում ազգային ավանդույթներից չհեռանալու լավագույն հնարավորությունը հայկական խոհանոցն է: Կինս տանը մշտապես պատրաստել է հայկական ավանդական ճաշեր: Պարզ բան ասեմ՝ երբ որդիներս ընկերներով գնում էին որևէ ճաշարան, ռեստորան կամ սննդի արագ սպասարկման սրահներ, նրանցից ոմանք պատվիրում էին սպագետտի, մյուսները McDonald’s, իսկ Արամն ու Զարեհը՝ քաբաբ ու քուֆթա: Նույնիսկ պատվիրելու ընթացքում հարց էր ծագում՝ ո՞ր ազգի ուտեստներ են և ի՞նչ համ ունեն:

Տան մեջ և յուրաքանչյուր պատանու ճաշացանկում Հայկական խոհանոցը տարիների հետ ազգային ինքնության գիտակցության միջոց է դառնում:

-Երկար տարիներ Հայ դատի գրասենյակի աշխատանքներ եք իրականացել, իսկ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին թանգարանի եք վերածել Եղեռնից մազապուրծ եղած հայ մանուկների երբեմնի որբանոցը:

-Իտալիայում մենք ապրեցինք 36 տարի, որից հետո ընտանեկան գործերի անհրաժեշտությունից դրդված՝ տեղափոխվեցինք ու մինչ այժմ ապրում ենք Շվեյցարիայում: Իտալիայում ապրելու ողջ ժամանակահատվածում և մինչ օրս ծառայել եմ Բրյուսելում գտնվող Հայ Դատի գրասենյակին: Երկար տարիներ է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ներկայացուցիչն եմ Վատիկանում: Իտալիայում հիմնել եմ Հայ մարմնակրթական ընդհանուր միության մասնաճյուղը (ՀՄԸՄ), որտեղ Հայոց լեզու և Հայ ժողովրդի պատմություն են ուսումնասիրում հարյուրավոր հայ մանուկներ: Շվեյցարիայում նույնպես շարունակում եմ Հայ դատի գործը:

unnamed

Մի բան, որ անպայման կուզեի շեշտել. ամեն տարի Ապրիլ 24-ին մեր կազմակերպությունը հայտարարվում է ոչ աշխատանքային: Մեզ հետ համագործակցող եվրոպական տասնյակ ընկերությունների ու կազմակերպությունների հարյուրավոր ներկայացուցիչներ առիթ են ունենում հետաքրքրվել դրդապատճառների մասին: Մենք ամեն տարի խոսում և բարձրացնում ենք 1915թվականին Արևմտյան Հայաստանում թուրքական իշխանությունների կողմից իրականացրած սոսկալի ոճիրի մասին: Եվրոպացի մեր գործընկերները հաշվի են նստում և հարգում հիշատակի ու ցավի օրվա շրջանակներում նախատեսված մեր բոլոր արարողությունները:

Շուտով՝ հուլիսին, տեղի կունենա Հայոց ցեղասպանության թանգարան դարձած հայ մանուկների երբեմնի որբանոցի վերաբացման հանդիսությունը: Ընտանեկան ուժերով մենք վերակառուցեցինք  հորս մանկության տարիների կացարանը՝ «Թռչնոց բույն» որբանոցը՝ դարձնելով այն Հայոց ցեղասպանության թանգարան:

Պարո´ն Պեզիքյան, 1988-ի Սպիտակի երկրաշարժի տարիներին Ձեր ներդրումն ու անմնացորդ նվիրումն եք բերել՝ օգնելով  ոտքի կանգնել հարյուրավոր որբերի: Պատմեք մի փոքր այդ ժամանակների մասին:

-Այո՛, ցավով պիտի արձանագրեմ, որ առաջին այցս Հայրենիք եղել է 1989թ.՝ Սպիտակի ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո: Մենք հիմնեցինք «Բերգամո-Սպիտակ» համերաշխության հիմնադրամը, որը ոչ միայն երկրաշարժի առաջին տարիներին, այլ 18 տարի շարունակ օգնեց ոտքի կանգնել հարյուրավոր հայ որբերի: 350 երեխայի 18 տարի շարունակ ապահովեցինք առաջին անհրաժեշտության ամեն ինչով՝ սնունդ, կացարան, բժշկական, կրթական ծախսեր: Մենք չցանկացանք որբերին թողնել մանկատներում, նրանց համար գտանք խնամակալ ընտանիքներ: Ամեն տարի սեպտեմբերին 15 օրով գալիս էինք Հայաստան, և մեզ հետ ծանրոցներ էինք բերում՝ աղետից տուժած երեխաների համար: Հաճախ հագուստն ու գրենական պիտույքներն այնքան շատ էին լինում, որ բաժանում էինք Սպիտակի մյուս բնակիչներին: Կուզեմ նշել, որ կապ ենք պահել մեր խնամատարության ներքո գտնվող բոլոր երեխաների հետ, հոգացել ենք նրանց դպրոցական, ըստ անհրաժեշտության՝ վիրահատական ծախսերը: Իսկ երբ հասավ բուհեր ընդունվելու ժամանակը, մենք համաձայնության եկանք ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ և համատեղ ուժերով հոգացինք 42 գերազանցիկների վարձավճարները, ովքեր ընդունվեցին երևանյան տարբեր բուհեր: Մեր սաներից շատերին տեղավորեցինք աշխատանքի՝ սպասարկման ոլորտներում, որպեսզի ինչ-որ չափով հոգան իրենց կեցության ծախսերը և ի վերջո կայանան՝ որպես ինքնուրույն մարդիկ: Վճարել ենք մեր երեխաների՝ Երևանում վարձակալած բնակարանների գումարները:

Վերջին տարիներին նրանցից ոմանք ամուսնացան, ու մենք էլ դարձանք նրանց կնքահայրն ու կնքամայրը: Հենց այսօր մեզ պիտի հյուրընկալվեն երկու քույրեր, որոնցից մեկը՝ Հերմինեն, փոքր տարիքում աչքերի հետ կապված խնդիր ուներ և այստեղ ասում էին, թե կկուրանա: Կինս, չհամակերպվելով այդ մտքին, երեխային իր հետ տարավ Իտալիա: Երկու ամիս մեր տանը մնալով՝ աղջնակին տարանք լավագույն մասնագետների մոտ, Հերմինեն վիրահատվեց, և այսօր հրաշալի տեսնում է: Այսօր արդեն նա հաջողությամբ մեծացնում է իր փոքրիկին:

Դժվար չի կռահել, թե ինչու որոշեցիք կառուցել «Անի Պէզիքեան» երիտասարդական կենտրոնը: Կարծում եմ, Ձեր փորձից ելնելով՝ նպատակ եք ունեցել անապահով ընտանիքների երիտասարդների համար ստեղծել ուսումը շարունակելու  անհրաժեշտ պայմաններ:

-Ճիշտ եք, մեր 42 պատանիների ուսանող դառնալուց հետո ավելի լավ պատկերացրինք այն խնդրները, որոնց բախվում են մարզերում ապրող անապահով ընտանիքների կամ մանկատներում ապրող երեխաները: Նրանցից շատերի համար բարձրագույն կրթություն ստանալը հաճախ անհաղթահարելի խոչընդոտ է դառնում՝ մայրաքաղաքում կացարան գտնելու պատճառով: Երկար փնտրտուքից հետո՝ ի վերջո Թբիլիսյան խճուղու վրա ձեռք բերեցինք հարմար հողակտոր, որտեղ էլ կառուցեցինք 40 սենյակից բաղկացած կենտրոնը:  Շնորհակալ ենք ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին, որ գնահատեց մեր գործը և իր ներկայությամբ պատվեց կենտրոնի բացման արարողությունը:

unnamed (1) unnamed (2)

Անարատ Հղության Հայ Քույրերի միաբանության և քույր Արուսյակի վերահսկողության ներքո՝ կենտրոնում կապրեն Հայաստանի տարբեր մարզերից երևանյան բուհերում ուսանելու տեղափոխված անապահով ընտանիքների երեխաները կամ որբերը: Կենտրոնը նախատեսված է միայն աղջիկների համար և այստեղ բնակվող հայուհիները կարող են մնալ նաև ուսումն ավարտելուց հետո, աշխատել ու ապրել մինչև ամուսնանալը:

-Պարո´ն Պեզիքյան, Դուք և տիկին Անին, լինելով հեռատես, հոգ եք տարել, որ Ձեր թոռնուհու մեջ ծնվի ու ապրի սերը Հայրենիքի հանդեպ: Այսօր Անին Ձեզ հետ միասին կտրեց նորակառույց երիտասարդական կենտրոնի կարմիր ժապավենը: Եվ չնայած Անիի մայրը հայուհի չէ, միևնույնն է՝ հազարավոր մղոններ հեռավորության վրա աղջնակը մեծանում է կատարյալ հայի արժեհամակարգով:

-Երբ ես և կինս իմացանք, որ մեր առաջին թոռնիկը պիտի ծնվի, երկար ժամանակ մտածում էինք՝ ինչ նվիրել նրան: Ի վերջո հասկացանք, որ Անիի նվերը խորհրդանշական պիտի լինի: Մենք Եվրոպայի լավագույն վարպետներից մեկին պատվիրեցինք կտավ, որի վերևի հատվածում՝ խաչի ներքո, ամբողջությամբ ոսկուց Հայաստանի քարտեզն է՝ իր լեռներով ու Արարատյան դաշտավայրով, մի քիչ ներքև Կիլիկիան է, ավելի վարը՝ Լիբանանը: Կտավի ձախից՝ ներքևի մասում, Իտալիան է պատկերված՝ սրունքի տեսքով, իսկ աջ կողմում՝ մեր պատգամը՝

Հայորդի, դուն որ կ՛ապրիս հեռուն,

Մի՛ մոռնար քու անուշ մայր լեզուն,

Կառչած մնա միշտ արմատներուդ,

Յարգէ՛ ու սիրէ՛ յիշատակը նախահայրերուդ:

Կտավը Անիի ննջասենյակում ծննդյան առաջին իսկ օրվանից զարդարում է մահճակալի դիմացի պատը՝ խոսելով նրա հետ ու ճշգրիտ ճանապարհով ուղղորդելով Անիին այս մեծ աշխարհում:

unnamed (3)unnamed (5)

Ամբողջ նրա սենյակն է մի լուսավոր եռագույն՝ զարդարված Հայաստանից տարած զանազան իրերով:

Անիին մենք պատմել ենք, որ  ինքը կրում է Հայոց հինավուրց մայրաքաղաքներից մեկի անունը, որն ավերել ու զավթել են թուրքերը: Մենք նրան պատգամել ենք հեռավոր Բերգամոյից հայացքը մշտապես ուղղել դեպի նախնիների երկիր՝ Մայր Հայաստան, դեպի Կիլիկիա ու Լիբանան և հիշել, որ յուրաքանչյուր հայի սրբագույն պարտքն է սերունդներին նախնիներից ժառանգած ազգային արժեքների փոխանցումը:

– Շնորհակալ ենք, պարո´ն Պեզիքյան, Ձեր ողջ կյանքով ու գործունեությամբ Դուք լավագույն օրինակ եք մեր երիտասարդ սերնդի համար: Ի՞նչ կմաղթեք այն բոլոր հայորդիներին, ովքեր նոր են կյանք մտնում:

-Ես նույնպես շնորհակալ եմ ՀՀ սփյուռքի նախարարությանը և նախարար Հրանուշ Հակոբյանին՝ իմ կյանքն ու գործը գնահատելու համար: Անկեղծ ասած չգիտեի, թե պիտի արժանանամ նախարարության Ոսկե մեդալին: Այդ պարգևը և՛ ոգևորիչ է, և՛ պարտավորեցնող:

unnamed

Բոլոր հայ ծնորղներին խորհուրդ կտամ առանց ափսոսանքի սերմեր ցանել, որովհետև այդ սերմերի պտուղները վաղն իրենց զավակներն են քաղելու: Իսկ լավագույն սերմը գիտելիքն է, որ ցանկացած շրջահայաց հայ ծնող պետք է տա իր զավակին: Մեր 9-ամյա թոռնուհին այսօր արդեն տիրապետում է 3 լեզվի:

Հայ երիտասարդներին մաղթում եմ աշխատասիրություն և անկոտրում կամք՝ մեր Հայրենիքի բարգավաճման ու զարգացման դժվարին ճանապարհը պատվով կերտելու համար: Մենք կարող ենք ստեղծել կայացած ու զարգացող Հայրենիք, եթե ունենանք հզոր Սփյուռք և հզոր Հայաստան:

Հարզազրույցը վարեց  Լիլիթ Դամիրյանը

Scroll Up