Դեկտեմբերի 23-ին 100 սիրիահայ երեխաներ ամանորյա նվերներ կստանան 100 հայտնի մարդկանցից

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ՀՀ սփյուռքի նախարարության «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերականի նախաձեռնությամբ և «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպության համագործակցությամբ իրականացվում է յուրահատուկ ծրագիր` «100 հայտնիները` սիրիահայ 100 երեխաների համար»:

Ծրագրի շրջանակներում Հայաստանի 100 հայտնի մարդիկ, Հայաստանի մարզերում և Երևանի ծայրամասերում բնակություն հաստատած 100 սիրիահայ երեխաների համար «հարյուր» խորհրդանշական թվով ամանորյա նվերներ են  պատրաստել:

Նշենք, որ  ծրագրի մեջ ընդգրկվել են նաև 18 ուկրաինահայ երեխաների, ովքեր երկրում տիրող անկայուն վիճակից հետո տեղափոխվել են Հայաստան:

«100 հայտնիները` սիրիահայ 100 երեխաների համար» ծրագրի գլխավոր գործընկերը «Ջամբո»ռեստորան-զբոսայգին է: Վերջինիս սեփականատեր Արտյոմ Վարդանյանը դեկտեմբերի 23-ին, ժամը 14:00-ին 100 սիրիահայ երեխաների հյուրընկալելու է  «Ջամբո»  ռեստորանում, որտեղ նրանց բազմաթիվ անակնկալներ է սպասվում:

Ծրագրի համերգային մասում իրենց կատարումներով հանդես կգան հայտնի երգիչ-երգչուհիներ՝  Զարուհի Բաբայանը, Արսեն Գրիգորյանը (Մրո), Նառան, Անգելինա Գասպարյանը, Բեթթին, Դալիթան և այլք:

 Միջոցառման ավարտին սիրիահայ երեխաները կստանան իրենց ամանորյա նվերները:

Ծրագրի շրջանակներում  արդեն նվերներ են պատրաստել ավելի քան 80 հայտնի մարդիկ:

Հաշվի առնելով հասարակության մեծ հետաքրքրությունը ծրագրի հանդեպ և երեխաների մեծ թիվը՝ որոշվել է իրականացնել նաև երկրորդ փուլը՝ «Պարգևի’ր ուրախ Ամանոր» խորագրով, որի շրջանակներում  ևս 100 սիրիահայ և իրաքահայ երեխաների կհանձնվեն ամանորյա նվերներ: Այս անգամ որպես նվիրատուներ ընդգրկվել են համահայկական և միջազգային կառույցները, հասարակական կազմակերպություններն ու հայաստանյան ձեռնարկությունները, ինչպես նաև անհատ բարերարներ:

Երկրորդ փուլի ամանորյա միջոցառումը կկայանա դեկտեմբերի 24-ին «Փլեյ-Սիթի» զվարճանքների կենտրոնում:

Ծրագրի մեկ փուլն էլ իրականացվելու է Արարատի մարզի Դարբնիկ գյուղում բնակվող սիրիահայ և իրաքահայ ընտանիքների երեխաների համար:

«100 հայտնիները` սիրիահայ 100 երեխաների համար»,  ինչպես նաև «Պարգևի’ր ուրախ Ամանոր» ծրագրերը  ՀՀ սփյուռքի նախարարության հերթական նախաձեռնությունն է` ուղղված Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը:

Scroll Up